«Եթե Էրդողանը հանդիպում է Փաշինյանի հետ, նշանակում է` ամեն ինչ որոշված է և հիմա պետք է վերջնակետը դնեն». Թուրքագետ

Օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ չի բացառվում՝ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ։

Այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ևս չէր բացառել Էրդողանի հետ հանդիպումը։ Դրանից հետո Կառավարությունից որևէ հստակ բան չէին ասել։

Այսօր արդեն թուրքական լրատվամիջոցները հստակ հայտնել էին, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում։

168.amի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հանդիպմանը և քննարկվելիք օրակարգին, նշեց, որ սա ոչ թե  դիվանագետների հանդիպում է, այլ Էրդողանը գալու է, որպեսզի իր պահանջները ներկայացնի Հայաստանին։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ ոչ միայն քաղաքացիները, այլև Նիկոլ Փաշինյանն էլ է թուրքական մամուլից իմացել, որ հստակ հանդիպելու է Էրդողանի հետ։ Մեզ համար դրանք լուրեր են, իսկ Փաշինյանի համար՝ հրահանգներ, դրանք գալիս են կա՛մ Թուրքիայից, կա՛մ Ադրբեջանից, ինչից հետո ՀՀ ԱԳՆ-ն կամ Փաշինյանը դրա հետ կապված ինչ-որ բաներ են ասում, լղոզված պատասխաններ տալիս, որովհետև չգիտեն, թե ինչ կանի հետո Թուրքիան։ Նույնը նաև այս անգամ եղավ, երբ հանդիպման վերաբերյալ հարց տվեցին, Փաշինյանը լղոզված պատասխան տվեց, հստակ չկարողացավ ասել՝ հանդիպումը կայանալո՞ւ է, թե՞ ոչ»,- նշեց թուրքագետը։

Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ եթե երկրի ամենաբարձր օղակի ներկայացուցիչները միմյանց հետ նստում են սեղանի շուրջ, նշանակում է՝ արդեն միմյանց հետ հարցերը քննարկել են, և մնում է դրանց շուրջ որոշում կայացնելու մասին խոսեն։ Այսինքն՝ դնում են այդ խնդրի վերջնակետը։

«Այսինքն՝ եթե Էրդողանը հանդիպում է Փաշինյանի հետ, նշանակում է` ամեն ինչ որոշված է, և հիմա պետք է վերջնակետը դնեն։

Հիմա այն շրջանն է, որ իրենք Նիկոլ Փաշինյանի առաջ դնում են իրենց պահանջները, նա  դրանք միայն կատարողի դերում է։ Իհարկե, այստեղ խանգարող տարրեր կան, ինչպես, օրինակ, Ռուսաստանն ու Իրանն են։ Բայց կարծում եմ՝ Հայաստանի վրա ճնշումն ավելի է մեծացել, որը գալիս է նաև Արևմուտքի կողմից, և այն, որ սահմանին գրեթե ամեն օր զոհեր ենք ունենում, հենց դրա հետևանք է, սա ճնշման գործիքներից մեկն է։ Այդուհանդերձ, ճնշումը ոչ թե Նիկոլ Փաշինյանի վրա է, այլ հայ ժողովրդի, որովհետև Փաշինյանն այդ խաղի մի մասնիկն է, և ինքն էլ կա այդ խաղի մեջ։ Այս խաղն այնքան պրիմիտիվ է, որ ամեն ինչ արդեն տեսանելի է, պետք է կույր լինել դա չնկատելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ թուրքագետի՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին, Արևմուտքը փորձեց միջամտել՝ հասկացնելով, որ կարող է Ադրբեջանի ագրեսիան կանխել, այդպիսով ցույց տալով, թե Ռուսաստանը ոչինչ չի կարող անել և փորձում է նրան դուրս մղել տարածաշրջանից։

Նա նաև ընդգծեց, որ Թուրքիան ոչ թե ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, այլ իմիտացիա ստեղծել, և Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացներն իրար հետ հանդիպում են ոչ թե՝ որպես դիվանագետներ, այլ՝ որպես ներկայացուցիչներ։

«Իրականում, եթե Թուրքիան ցանկանար Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, ապա դիվանագետներ կնշանակեր, ամեն ինչ այլ մակարդակում կլիներ։ Եթե այսպես ամեն ինչ տալիս է Փաշինյանը, ապա տալուց հետո այլևս որևէ մեկին պետք չի լինում, ուստի ո՛չ Թուրքիան սահմանը կբացի, ո՛չ էլ Ադրբեջանը տրանսպորտային ճանապարհը կապաշրջափակի»,- եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։

Տեսանյութեր

Լրահոս