Այդ երրորդ երկրի քաղաքացին միայն ադրբեջանցին է․ ուրիշ որևէ երկրի քաղաքացու այդ ճանապարհն ընդհանրապես պետք չէ․ թուրքագետ

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից ժամեր անց պարզ դարձավ, որ կողմերը քաղաքական որևէ նոր համաձայնություն ձեռք չեն բերել.  համենայն դեպս, այդ մասին հանրայնացում չեղավ հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հանդիպումից հետո մասնավորապես նշել էին․ «Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով:

Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը»։

Այս տեքստում հիշատակվել էին նաև նախկին մի քանի այլ պայմանավորվածություններ՝  Անիի կամուրջը, Գյումրի-Կարս երկաթուղին վերանորոգելու շուրջ։

Կարդացեք նաև

Նկատենք՝ նախկին բոլոր պայմանավորվածությունները շարունակում են մնալ թղթի վրա, իսկ դրանց իրականացման ձգձգման մասին պաշտոնական հաղորդագրությունն ու առհասարակ պատմությունը լռում է։

«3 տարի առաջ էլ էին ասում տարբեր բաներ՝ երկաթուղու ու սահմանը բացելու մասին, բայց մենք տեսանք, թե ինչ եղավ։ Իրենք կանեն միայն այն, ինչ իրենց ձեռնտու է, ու ոչ թե փոխադարձաբար ձեռնտու է,- 168.am-ի հետ զրույցում Քըլըչի այցի ու պայմանավորվածությունների մասին այս տեսակետը հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, ապա անդրադառնալով սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու՝  2022 թվականին կողմերի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ շեշտեց,- Այդ երրորդ երկրի քաղաքացին միայն ադրբեջանցին է, ում պետք է Հայաստանի սահմանով անցնել-գնալ Թուրքիա։ Ուրիշ որևէ երկրի քաղաքացու ընդհանրապես պետք չէ, որովհետև թե՛ Վրաստանի վրայով, թե՛ Իրանի վրայով ավելի հեշտ ճանապարհներ կան, որևէ 3-րդ երկրի քաղաքացի՝ լինի ամերիկացի, գերմանացի, չինացի, ճապոնացի, իրանցի, վրացի, չի գա Հայաստան, որ Հայաստանի վրայով գնա Թուրքիա։ Միայն ադրբեջանցիներին է պետք ուղիղ գծով անցուդարձը։ Այսինքն՝ այս քայլով իրենք բացառապես լավություն են անում ադրբեջանցիներին»։

Թուրքագետը համոզված է, որ այս պահին Թուրքիան դիտարկում է միակողմանի ձեռնտու նախագծեր, ինչպես Սյունիքով անցնող ճանապարհը, որն արդեն «միջանցք» են կոչում։

«Իրենք սահմանը կբացեն միայն ադրբեջանցիների համար, ու այն, որ հայերն ուրախանում են, թե սահմանը բացվելու է, ես չեմ հասկանում, այսինքն՝ չեմ հասկանում, թե ինչպե՞ս, ինչո՞վ են մտածում այդ մարդիկ, որովհետև իրենք ուղղակի ասում են՝ միայն 3-րդ երկրի քաղաքացիներ՝ նկատի ունենալով ադրբեջանցիներին, իսկ մենք ի՞նչ շահ ունենք, որ այդքան ուրախանում են։ Մեր սահմանը բացվում է ուրիշի համար, պատկերացնո՞ւմ եք»,- հավելեց նա։

Դիտարկմանը, որ, ամեն դեպքում, նշում են «խաղաղության խաչմերուկ»-ի հեռանկարի մասին՝ պնդելով, թե այն բերելու է տնտեսական օգուտներ, Տիրան Լոքմագյոզյանն արձագանքեց՝ ի՞նչ օգուտներ պետք է բերի։

«Մի ժամանակ նույնկերպ ասում էին՝ եթե ջերմուկ վաճառենք աշխարհին, մենք կհարստանանք։ Հիմա այս նույն բանն է, նույն մոտեցումն է, սա միամտության գագաթնակետն է։ 42 կմ ճանապարհից փող վերցնելով՝ ոչ մի երկիր չի զարգանա։ Իմիջիայլոց, միջազգային հաշվարկ էլ կա, որը նշում է տարեկան 50 միլիոն դոլար եկամուտի մասին։ Իսկ անվտանգային ռիսկե՞րը։ Դրանո՞վ ենք մենք հարստանում, ո՛չ, մենք աղքատանալու ենք»,- ամփոփեց թուրքագետը։

Տեսանյութեր

Լրահոս