Փաշինյանին պետք է հարցնել՝ եթե «Թուրանին» ճանապարհ ես տալիս, Հայաստանն ի՞նչ է լինելու. «Թուրան» կազմելը նշանակում է Հայաստանի և հայ ժողովրդի չգոյություն. Թուրքագետ

Վերջերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանի «Լավ» (İYİ) կուսակցությունը առաջարկ է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետը «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» վերանվանելու մասին։

«Սպուտնիկ Արմենիան» պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ ԱԳՆ, ճշտելու պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները», լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ասել են արտգործնախարարությունից։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը չի բացառում, որ հայ-թուրքական սահմանի այդ հատվածը Թուրքիան Թալեաթի անունով կոչի, քանի որ այսօր այդ երկրում տարբեր դպրոցներ, փողոցներ, հրապարակներ կան Թալեաթի անունով։

Կարդացեք նաև

«Եթե Թուրքիայի կողմից նման մտքեր են արտահայտվում, նշանակում է, որ ունեն նման նպատակ, մեկն էլ կարծես թե արտահոսք է կատարել»,- 168.am հետ զրույցում նշեց Տիրան Լոքմագյոզյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունն իր քաղաքականությամբ այսօր կատարում է Թալեաթի երազանքը՝ միաժամանակ hիշեցնելով նաև, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա կատարած այցի ժամանակ խոսել է «Թուրանի» մասին։

«Ինչ է նշանակում խոսել «Թուրանի» մասին, դա ճանապարհ տալն է։ Սրա մասին Թալեաթից հետո՝ 100 տարի անց, այսօր խոսում է ՀՀ փաստացի ղեկավարը։ Դրա համար շատ հեշտությամբ կարող են սահմանի այդ հատվածը կոչել նաև Թալեաթի անունով։ Այս ամենը Թալեաթի երազանքն էր, իսկ ո՞վ այդ կետը մտցրեց 2020 թվականի փաստաթղթի մեջ, ինչպես ՌԴ նախագահն էր ասել, նման կետ չկար, այն մտցրել է Նիկոլ Փաշինյանը։ Հետո Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ դրան չհակադարձեց, նշանակում է, որ ճիշտ էր։

Դե, քանի որ Փաշինյանն այդ կետը ներառել էր, ՌԴ-ն էլ կետ է ներառել, որ այդ ճանապարհի հսկողությունը պետք է իրականացնի ռուսական կողմը, և այդպես էլ ստորագրվեց»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց, որ այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, թե «Ռուսաստանը վերահսկողություն է ուզում, նման բան չի կարող լինել, որևէ երրորդ կողմ չի կարող վերահսկողություն կատարել»։

Թուրքագետը զարմանում է՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այս թուղթը ստորագրելիս չի տեսել, որ այնտեղ նման կետ կա։

«Թուրքիան հետո է հավանաբար իրեն ասել, թե այս ի՞նչ արեցիր, ինչո՞ւ ես թույլ տալիս, որ հսկողությունը ռուսի ձեռքում լինի, քանի որ այս դեպքում ամեն ինչ ազատ չեն կարողանալու անցկացնել։ Եթե նախկինում հայտարարում էր, որ երրորդ ուժ չի կարող ՀՀ-ում հսկողություն իրականացնել, ինչպես է ստացվում, որ հիմա ասում է՝ ամերիկյան կամ եվրոպական որևէ երկիր այնտեղ հսկողություն է անելու, չեղա՞վ երրորդ ուժ։ Այսինքն՝ խնդիրն այստեղ ռուսն է, նրան հանում են, բայց այլ երկիր կարող է լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանն այստեղ Թուրքիայի ծրագիրն է առաջ տանում։ Լինելու է մի հսկայական պետություն՝ հակահայկական, հակաչինական, հակառուսական, հակաիրանական և հակահնդկական։ «Թուրան» ծրագրում առհասարակ Հայաստան չկա, պետք է Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ եթե դու «Թուրանին» ճանապարհ ես տալիս, Հայաստանն ի՞նչ է լինելու, որովհետև «Թուրանին» ճանապարհ տալը նշանակում է՝ «Թուրանը» կազմել»,- նշեց մեր Տիրան Լոքմագյոզյանը։

Թուրքագետը նաև նկատեց՝ 100 տարի առաջ Թուրքիան էր հայտարարում, որ «Թուրանի» ծրագիրը կյանքի կոչելու համար Հայաստանը սեպ է, բայց այսօր Հայաստանի իշխանությունն է օգնում այդ ծրագիրն իրականացնել։

«Այո, «Թուրան» կազմելը նշանակում է Հայաստանի և հայ ժողովրդի չգոյություն, որովհետև հայերը չպետք է լինեն այստեղ, այս ծրագրի մեջ մտնում են միայն թուրքական պետություններ, ժողովուրդներ ու ցեղեր։ Երբ մի քանի տարի առաջ ինձ հարցնում էին, թե մեզ ի՞նչ է սպասվելու, եթե իշխանությունն այսպես շարունակի, պատասխանում էի՝ կա՛մ դառնալու ենք թուրքական վիլայեթ, կա՛մ դառնալու ենք Ադրբեջանի խանություն»,- ընդգծեց Տիրան Լոքմագյոզյանը։

Տեսանյութեր

Լրահոս