«Հայաստանից արտագաղթող յուրաքանչյուր հայ ասում է՝ «ո՛չ» մեր անկախությանը». Վահե Բեգոյան

Դիրիժոր Վահե Բեգոյանը չի կարծում, թե Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումները հետաձգվեցին՝ իշխանություններն ինչ պետք է անեին, արեցին:

«Եռաբլուրում նրանք ցույց տվեցին, թե ինչ արժեք ունեն իրենց համար այն մարդիկ, ովքեր իրենց կյանքով են կերտել անկախությունը: Նվազագույն խղճի խայթ ու ամոթի զգացում չունեցան՝ գոնե չեղարկելու իրենց այդ այցը, եթե դա կարող էր բերել նման արձագանքի: Իրենք ընդհանրապես թքած ունեն և գործում են «ինչ անում ենք՝ լավ ենք անում» սկզբունքով: Այդպես մտածողների քիթը միշտ հետո մի լավ տեղ կոտրվում է, դրա ժամանակն էլ կգա»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում  ասաց նա:

Ինչ վերաբերում է անկախությանը, Վահե Բեգոյանը չգիտի՝ մեր ժողովուրդն ընդհանրապես հասկացա՞վ՝ դա ինչ է և ինչ նպատակ ունի. «Ինչի՞ համար է պետք ունենալ հայկական անկախ պետականություն՝ կազմակերպելու համար քո կյանքը, քո կյանքից գալով կազմակերպելու քո տեսակի, քո ժողովրդի կյանքը, ի՞նչ է տալիս մեզ անկախությունը, ի՞նչ հնարավորություն է տալիս, որը մենք չունենք այլ պետություններում: Ես կարծում եմ՝ հայ ժողովուրդը չունի այս հարցերի պատասխանը: Դա չձևակերպվեց այս տարիների ընթացքում: Հայոց անկախ պետականություն ունենալը ենթադրում էր, որ դրանից հետո այդ երկիրը պետք է լինի այն միակ և ամենացանկալի տեղը, որտեղ հայը պետք է փորձի ապրել և կազմակերպել իր կյանքը: Անցնող այս տարիները դրա մասին չեն փաստում:

Դա պետք է լիներ Ցեղասպանության ամենամեծ հարվածի՝ տարածքի հայաթափման հետևանքների վերացումը: Մենք պետք է ամեն ինչ անեինք Սփյուռքի ներգաղթի համար, այդ հայրենիքը ունենալու համար, որովհետև հայրենիքը քարտեզների վրա, փաստաթղթերի մեջ ձևակերպված մի բան չէ, դա տարածք է, որտեղ ապրում և կազմակերպում ես քո կյանքը, որը շենացնում ես և որի համար կռիվ ես տալիս: Ամենայն հարգանք ունենալով մեր Սփյուռքի հանդեպ, բայց նույնիսկ այն գումարային օգնությունը, ինչի համար մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ միշտ Սփյուռքից եկել է Հայաստան, իրենց համար մի տեսակ փրկագնի, հոգսից ազատվելու հանգամանք ունի իր մեջ: Այսինքն՝ հայրենիքի հանդեպ մեր պարտավորությունը մենք վերածում ենք դրամային մի արժեքի և տալիս ենք դրանով: Հայրենիքը այդպես չեն պահում»:

Նրա խոսքով՝ հայկական իշխանություններից սկսած մինչև ազգային բոլոր կառույցները պետք է ձևակերպեին հայ ժողովրդի հայրենադարձության նպատակը, և այս տարածքում հայը պետք է լիներ մեծամասնություն. «Իսկապես, հնարավոր չէ 2.5 մլն հայերով կարողանալ պահել անկախ, ինքնիշխան պետականություն՝ շրջապատված լինելով տասնյակ-միլիոնավոր թշնամիներով»:

Դիտարկմանը՝ այդ տասնյակ-միլիոնավոր թշնամիները վախենում են նաև Հայկական սփյուռքից, որոնք այս տարիների ընթացքում պայքարել են այդ պետությունների դեմ, անուրանալի աշխատանք են կատարել Հայ դատի մասով, նա արձագանքեց. «Անուրանալի աշխատանք է կատարվում, բայց դա որքանո՞վ է նպաստել հայկական պետականության զարգացմանը: Թուրքական պետականության թուլացմանն ինչ-որ կերպ նպաստե՞ց: Դա երկարատև գործընթաց է, որն առաջին հերթին պետք է լուծել Հայաստանում հայերի բնակվելով: Սյունիքը կարելի էր պահել, եթե Սյունիքում միայն ապրեր 3 մլն հայ: Եթե Հայաստանում ապրեր 7 մլն հայ, և մենք ցանկացած պահի մոբլիզացիայով կարողանայինք 200-300 հազարանոց բանակ հանել, Հայաստանը կլիներ անվտանգ»:

Նրա խոսքով՝ անկախությունը մեզ համար մնաց ուղղակի կենաց, որի հետևում չեղավ բովանդակություն. «Չձևակերպվեց՝ անկախություն ունենալ՝ ինչի՞ համար: Մենք այսօր էլ յուրաքանչյուրս մեր կյանքի ընթացքով կանգնած ենք անկախության  հանրաքվեի առաջ՝ ասելու՝ այո կամ ոչ, և ցանկացած արտագաղթող, լինի օբյեկտիվ  թե սուբյեկտիվ պատճառով, ասում է՝ ոչ, և գնում է կազմակերպելու իր կյանքը:

Այդ կյանքն էլ շքեղության մեջ չէ, հազարից մեկն է այնտեղ ապրում շքեղության մեջ, մնացած 999-ը առավոտյան 6-ին արթնանում է, երեկոյան 9-ին գնում տուն, և իրենց ամբողջ կյանքն անցնում է հարկեր վճարելով և օրվա հացը վաստակելով, ինչը Հայաստանում էլ է հնարավոր անել: Ցանկացած մեկը, որ գնում է, հրաժարվում է մեր անկախությունից, և գնում է օտար երկրում կազմակերպելու իր կյանքը: Դրա պատճառն էլ բացարձակապես սոցիալական ապահովության կամ անվտանգության հարց չէ, դա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն չկրելու հարց է:

Այս դարերի ընթացքում, երբ մենք չենք ունեցել պետություն, և պետության քաղաքականությունը, տնտեսական զարգացումը և այլն, չի եղել քո անձնական հոգսը, եղել է օտարինը, այդ պատասխանատվությունը կրելուն մեր ժողովուրդը, ցավոք, պատրաստ չէ, և փախչում է այդ պատասխանատվությունից: Եթե բազմաշերտ հայկական Սփյուռքը 30 տարիներին գար Հայաստան ու այստեղ անցներ լրջագույն խմորումներով, կձևավորվեր մի տեսակ, որն ի վերջո կգծեր այդ քարտեզը, թե մենք ուր ենք գնում, այս պետությունն ինչի համար ենք ունենում: Ի վերջո, մեր կյանքի նպատակը հո ուտելը, քնելը և ֆիլմ դիտելը չէ՞, ի վերջո, մենք ազգային նպատակ պետք է ձևավորենք: Եվ ասում եմ՝ Ցեղասպանության հետևանքի հաղթահարման ամենակարևոր բանը հայադարձությունը պետք է լիներ:

Պետականություն մի տարածքի վրա հնարավոր է ստեղծել միայն այն ժամանակ, երբ քո էթնոսը այնտեղ է ապրում: Սա մի բան է, որ անում էին հայոց կաթողիկոսները, երբ կարողանում էին Ջուղայի միլիոնատերերի փողերով շահից ու ցարից թույլտվություն վերցնել և գյուղերով հայերին վերադարձնել այստեղ: Աբասի արշավանքից հետո այս տարածքները հայաթափված էին, նրանք վերադարձվեցին՝ իրենց առաջ հեռահար նպատակ դնելով, և այս տարածքները վերաբնակեցվեցին հայերով, որ հետո հնարավոր եղավ ստեղծել այս անկախությունը: Դրա մեջ Հայ եկեղեցու և Ջուղայի մեծահարուստների ներդրումն ահռելի է: Մենք այս անալիզը երբևէ չենք արել: Դու չես կարող կես քաղաքի բնակչությամբ, այսպես լարված, խայտառակ աշխարհաքաղաքական իրավիճակում պահել անկախ, ինքնիշխան պետություն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս