«Եղբա՛յր, չեք սիրում ձեր հայրենիքը, հեռացեք՝ ինչքան պետք է ձեր այդ չկարողանալու արդյունքում մենք զոհեր ու հողեր տանք». Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի համար սարսափելի է տեսնել այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի շուրջ: Նրա համար առավելապես սարսափելի է դրա նկատմամբ իշխանությունների և հասարակության մի ստվար զանգվածի անտարբերությունը։
«Դժվար է ասել, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ է սպասվելու, որովհետև մենք չգիտենք, թե Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն իրար մեջ ինչ են պայմանավորվել։ Ժողովրդին որևէ մեկը որևէ բան չի ասում, չնայած ժողովրդավարություն է, և կարծես թե ժողովրդի թիկունքում որևէ բան չպետք է կատարեին։ Բայց բոլորիս համար էլ ակնհայտ է, որ Բաքուն բավարարված չէ, մեջտեղում ինչ-որ բան կա, որ ուզում է, այդ մարդն էլ խոստացել է ու հիմա չի ուզում տա կամ ձգձգում է։ Եվ այս բոլոր խաղերի արդյունքում հայ տղերք, հայ երեխեք են զոհվում, այս ամենին պետք է վերջ լինի։
Հայաստանի իշխանությանը հավաքվել է սիրողական մի խումբ, չգիտենք, թե ում հետ ինչ է խոսում, ում հետ ինչ հարաբերություններ է պահպանում կամ փչացնում։ Իրանի, Ռուսաստանի հետ փչացրեց, ԱՄՆ-ի հետ ինչ-որ բան խոսեցին, բայց կոնկրետ որևէ բան չկա։ Պարզ է, որ այս թույլ իրավիճակին, Ադրբեջանը պետք է աշխատի ամեն կերպ օգտվել և օգտվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Խանջյանը։
Ըստ դրամատուրգի, հեռատես իշխանությունը պետք է շուտ տեսներ թշնամու հեռահար նպատակներն ու իր բանակը զիներ, դիրքերը կահավորեր, բայց քանի որ Հայաստանի իշխանություններն այդ ամենը չեն տեսել, պարզ էր, որ սահմանին նման վիճակ կլիներ։
«Այդուհանդերձ, կարծում եմ՝ այսօր էլ ուշ չէ, զենք կա, և նորմալ դիվանագիտության դեպքում կկարողանանք, թեպետ լեզուս չի էլ պտտվում ասեմ՝ պատերազմ, քանի որ այնքան ջահել սերունդ կորցրեցինք, գենոֆոնդի խնդիր է առաջանում։ Բա ասում են՝ փող կա, ինչո՞ւ զենք չեն գնում։ Եթե չեն կարողանում որևէ բան անել, թող հեռանան, թողնեն՝ ուրիշները գան առնեն, կամ թող բոլորին զինեն, գնանք մեր վերջին պատերազմը տանք։ Բա ի՞նչ անենք, հայրենիքը հանձնենք, թողնենք գնա՞նք այստեղից»,- հավելեց Գուրգեն Խանջյանը։
Նրա խոսքով՝ սահմանին այսքան զոհ ունենալուց հետո իշխանությունների մեջ տեսնում է ոչ միայն հայրենասիրության բացակայություն, այլև նրանց մեջ առհասարակ մարդասիրություն չկա, տպավորություն է ստեղծվում, թե նրանց համար մեկ է զոհերի քանակը։
«Երեկ լսում էի, թե ինչպես էր ՌԴ արտգործնախարարը խոսում ռուսական զորքի զոհերի մասին, նա 7 զոհի ճշտությամբ ներկայացրեց, թե քանի զոհ ունի ռուսական կողմը։ Իսկ մեզ մոտ ասում են, թե՝ 50 հոգի այս կողմ, 50 հոգի այն կողմ, էական չէ, սա էլ այն դեպքում, երբ ռուսները 150 մլն են, իսկ մենք 2,5 միլիոն ենք, ինչ ենք։ Կա նաև ժողովրդի մի ստվար հատված, որը նույնպես անտարբեր է, սա առավել ևս սարսափելի է։ Ուրեմն մեր հույսը մնում է դնել կորիզի վրա, չգիտեմ՝ էլիտա ասեմ, ինչ ասեմ, բայց այն կորիզի, որն ազգային է և ունի ազգային մտածողություն։ Եղբայր, չեք սիրում ձեր հայրենիքը, թողեք գնացեք, հեռացեք՝ ի՞նչ եք կպել ու պոկ չեք գալիս։ Դուք չեք կարող ինչ-որ բան անել, գնացեք, մենք կկարողանանք, ինչքա՞ն պետք է ձեր այդ չկարողանալու արդյունքում մենք զոհեր ու հողեր տանք»,- շեշտեց Գուրգեն Խանջյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե ասի, թե ինչ է սպասում այս ամենից, թեև մի քիչ հոռետեսական կհնչի, այդուամենայնիվ ասաց, որ տեսնում է նոր պատերազմ, ինչի արդյունքում արդեն հանրության մի մասի մոտ առկա հակառուսականությունը ծիլեր կտա, քանի որ դա Հայաստանին որևէ օգուտ չի տալու։
«Մեկ է, սրանք չեն կարողանալու Արևմուտքին բերել այստեղ, Արևմուտքի հեչ պետքը չէ։ 100 տարի առաջ էլ ոչինչ չի արել, ու հիմա ո՞վ է գալու Հայաստան, շատ-շատ թուրքին ուղարկեն։ Եթե ուզում են թուրքի սապոգի տակ ապրեն ու նրա ծառան դառնան, թող միանգամից ասեն։ Դե, այսքանից հետո պետք է լինի պատերազմ, ու սրանք գնան ընկնեն ռուսի ոտքերը, եղբայր, նորմալ հարաբերություններ կային նրա հետ, պահեիք, ոչ թե այնպես անեիք, որ հետո ապտակ ստանայիք, էհ, ռուսը հո ձեր պապա՞ն չի, որ ամեն անգամ ների։ Նորմալ աշխատեք այդ մարդկանց հետ»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը։