Խտրական, անհարգալից վերաբերմունք՝ տեղական ԶԼՆ-ների նկատմամբ․ ԱԳՆ-ն չի ապահովել տարրական մարդկային պայմաններ լրատվամիջոցների գործունեության համար

Երևանում մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որի բացման արարողությանը ելույթներով են հանդես գալու Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Միջոցառումը լուսաբանում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլի ներկայացուցիչները։ Սակայն հայաստանյան լրատվամիջոցների աշխատանքի համար լրացուցիչ խոչընդոտներ են հարուցվել։

Լրատվամիջոցները համաժողովի վայր՝ «Դվին» հյուրանոց, են ժամանել առավոտյան ժամը 08:00-09:00-ի հատվածում, ուղղորդվել մամուլի կենտրոն, որտեղից հնարավորություն կա հետևելու միջոցառման պաշտոնական հատվածի ուղիղ եթերին, այս պահին հասանելիություն միջոցառման սրահներին չկա։

Ի դեպ, ԱԳՆ որոշ աշխատակիցներ լրագրողներին հորդորել են ներկայանալ ամենաուշը 09:00-ին՝ անցնելու գրանցման գործընթացը և ստանալու հավատարմաքարտերը։ Սակայն առավոտից մամուլի կենտրոն եկած լրագրողները մինչև առնվազն 13:30 հնարավորություն չունեն օգտվելու սանհանգույցից։

Լրագրողների հորդորներին՝ ապահովել աշխատանքի համար բնականոն, տարրական պայմաններ, ԱԳՆ որոշ աշխատակիցներ արձագանքում են չափազանց կոպիտ, անհարգալից տոնով՝ առաջարկելով մինչև անգամ լքել միջոցառումը, չմասնակցել։

Լրացուցիչ խոչընդոտներ են առաջանում նաև բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը հյուրանոց տեսանկարահանելու համար, օպերատորներին հորդորում են հեռանալ այնպիսի հատվածներ, որտեղից հնարավոր չէ որևէ կադր ֆիքսել։

Բացի այս, ուշագրավ է, որ միջազգային լրատվամիջոցները մուտք են գործել հյուրանոց և համաժողովի անցկացման վայր, իսկ տեղական ԶԼՄ-ների լրագրողները նույնիսկ որակյալ կադրի խնդիր ունեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031