Պոլտավայի մարզում հասցված ռուսական հարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել
Ռուս զինվորականները մայիսի 5-ի գիշերը զանգվածային հրթիռային և հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհել են Պոլտավայի մարզը, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչը։ Նրա խոսքով՝ հարվածների թիրախ են դարձել արդյունաբերական ձեռնարկությունը և երկաթուղային ենթակառուցվածքը։ «Հայտնի է 4 զոհի մասին։ Եվս 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն», — Telegram-ի իր ալիքում գրել է Դյակիվնիչը։ Բացի այդ, ձեռնարկությանը հարվածելուց հետո առանց գազամատակարարման է մնացել 3480 բաժանորդ։
Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն ճշտել է, որ Ռուսաստանը կրկնակի հարված է հասցրել․ սկզբում հարձակվել է գազարդյունահանման օբյեկտի վրա, իսկ երբ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ստորաբաժանումները և սկսել մեծածավալ հրդեհի մարման աշխատանքները, մարդկանց ուղղությամբ կրկին հրթիռային հարված է հասցվել։ Արդյունքում զոհվել է երկու փրկարար, ևս 23-ը ստացել են վնասվածքներ։ Նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում և բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Զոհվածներից մեկը՝ Ուկրաինայի հերոս Վիկտոր Կուզմենկոն, մասնակցել է հրետակոծությունների հետևանքների վերացման ավելի քան 50 գործողության։ Երկրորդը՝ հրշեջ-փրկարար Դմիտրի Սկրիլը, մասնակցել է նավթագազային արդյունաբերության օբյեկտներում բարդ հրդեհների մարման աշխատանքներին։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ անցած գիշեր ռուս զինվորականներն «Իսկանդեր-Մ» տեսակի 11 բալիստիկ հրթիռով և Shahed տեսակի 164 հարվածային անօդաչու սարքով հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել 1 հրթիռ և 149 դրոն։ Միևնույն ժամանակ 8 հրթիռ և 14 անօդաչու է խոցվել 14 վայրերում, ինչպես նաև բեկորների անկում է գրանցվել 10 այլ վայրերում։
Նախօրեին՝ մայիսի 4-ին, ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 18-ը վիրավորվել են, որոնցից չորսը հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Խարկովի մարզային դատախազության տվյալներով՝ հարվածը հասցվել է «Իսկանդեր» տեսակի բալիստիկ հրթիռով։ Ավերվել կամ վնասվել են 10 բնակելի տուն, սրճարան, չորս խանութ, վարչական շենք, ավտոտեխսպասարկման կետ և երկու ավտոմեքենա։ Մերեֆան գտնվում է Խարկովից 25 կմ հեռավորության վրա և, ինչպես նշել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, «բավականին հեռու է ռազմաճակատի գծից»։



