«Ինձ համար անհասկանալի են տեսակետները, որ մեր հաղթաթուղթը (Մեղրին ) մեր կրծքին սեղմած պետք է պահենք». հիշելով հոդվածագիր Նիկոլ Փաշինյանին

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է՝ Հայաստանի համար արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական որ ուղղությունն է շահեկան՝ դեպի Ամերիկա՞, Արևմո՞ւտք, ՆԱՏՕ՞, թե՞ Ռուսաստան, ՀԱՊԿ:

Ավելին՝ Թուրքիան ՀՀ-ի շուրջ զարգացումների համատեքստում ո՞ւմ հետ է ավելի շատ գործարքի մեջ՝ Ամերիկայի՞՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, թե՞ Ռուսաստանի, որի հետ փոխադարձ շահավետ ինչ-ինչ հարցերում իրավիճակային լավ գործընկերներ են, և այլն:

Այսինքն, ո՞րն է Հայաստանի շահը և այն գերտերություններից ո՞ւմ շահի հետ որքանո՞վ է համընկնում, եթե, իհարկե, Հայաստանը հստակ ձևակերպել է իր շահերը, կամ՝ արդյոք այն 44-օրյա պատերազմից հետո որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է:

Հենց այս հարցերի և դրանց համատեքստում ռուսամետ-արևմտամետ բանավեճային բախումների պայմաններում հիշեցի, որ «Հայկական ժամանակի» հոդվածագիր Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել էր ՀՀ-ի շահերը, նրա աշխարհաքաղաքական գործոն լինել-չլինելը, տեղն աշխարհաքաղաքական խաղերի շրջապտույտներում, Մեղրիի ճակատագիրը, և այլն:

Կարդացեք նաև

Մասնավորապես, «Մենք ու մեր շահերը» վերտառությամբ 2001-ին գրված իր հոդվածում Նիկոլ Փաշինյանը նշել էր.

«Մեղրիի հարցի մուտքը օրակարգ, եթե արտահայտվելու լինենք կենցաղային լեզվով, հայի չուզողության հետևանք է: Ավելի ճիշտ, չուզողությունը պետության քաղաքականության հիմքում դնելու հետևանք: Թուրքերը գիտեն՝ ինչ են ուզում. նրանք ուզում են դուրս գալ Կենտրոնական Ասիա, ու եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում հավակնություններ ունեցող որևէ այլ դաշնակից չունի, ստացվում է, որ ի դեմս Թուրքիայի՝ Կենտրոնական Ասիա է ուզում դուրս գալ ԱՄՆ-ը:

Հայաստանը չգիտի, թե ինչ է ուզում: Հայաստանը գիտի միայն, որ ամեն ինչ պետք է անի՝ Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա խոչընդոտելու համար, որովհետև այդպես ձեռնտու է Ռուսաստանին ու նորերս մեր բարեկամը դարձած Չինաստանին: Ու ԱՄՆ-ը մտածում է, եթե ՀՀ-ն անտեսելով սեփական շահը՝ իր ողջ տարածքը ծառայեցնում է Ռուսաստանին, ի՞նչն է խանգարում, որ մի փոքր, չափազանց փոքր տարածք ծառայի ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերին: Այդ փոքր տարածքը Մեղրին է, ու եթե այդ միջանցքի գաղափարն իրականանա, Հայաստանն այլևս չի կարող խանգարել Թուրքիային և ԱՄՆ-ին, քանի որ կդադարի աշխարհաքաղաքական գործոն լինել:

Հիմա Հայաստանը աշխարհաքաղաքական գործոն է, ու լուրջ գործոն, նաև իր աշխարհագրական դիրքի շնորհիվ (որից այդքան ընդունված է բողոքել): Բայց այսօր՝ ուրիշի ծրագրերին խանգարող աշխարհաքաղաքական գործոն: Իհարկե, ոչ ոք երբեք անվերապահ չի տրվում իր հարևանների ծրագրերի իրականացմանը, և փորձում է դրանք համատեղել սեփական շահերի հետ: Մեր դեպքում, սակայն, զավեշտն այն է, որ Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին:

Ի դեպ, Մեղրիի անջատման ծրագիրը իր բնույթով շատ է նման 1915 թվականի ցեղասպանության ծրագրին. դրդապատճառների առումով: Այն ժամանակ էլ հայերը, անտեսելով սեփական շահերը, ընկել էին անսահման ռուսասիրության ու չուզողության գիրկը: Իսկ թե ինչ ստացվեց դրանից, գիտենք բոլորս: Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետև այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում»:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է, որ Թուրքիան Նախիջևանի հետ երկաթուղային կապ չունի, ու Նախիջևան հասնելու համար թուրքերը ստիպված կլինեն օգտագործել մեր երկաթուղին՝ Գյումրի-Երևան-Երասխ գծում, ու վճարել դրա համար՝ թողնելով այս պարագայում բյուջեի մուտքերի հաշվարկները տնտեսագետներին:

«Այսինքն, կոմունիկացիաների բացման գաղափարը այնքան էլ վատը չէ: Այլ բան, որ այդ գաղափարը Քոչարյանի նմանների մասնակցությամբ դարձել է բոբո այս ազգի գլխին: Որովհետև նրանք կոմունիկացիան բացելը շփոթում են հողը հանձնելու հետ: Իսկ որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչ տեղի կունենա Մեղրին հանձնելուց հետո. անմիջապես կհետևի Թուրքիա-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որից հետո Հայաստանն ընդհանրապես կվերածվի փակուղու: Իսկ քանի դեռ սա տեղի չի ունեցել, մեզ պատմական շանս է տրված դառնալ այս տարածաշրջանի սիրտը, արևմուտքի ու արևելքի հատման կետը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Այդ շանսը օգտագործելու համար պետք են հետևյալ պայմանները.

1. Կտրել ցանկացած ձեռք, որ կփորձի Մեղրին կամ Մեղրիի վերահսկողությունը հանձնել ուրիշին:

2. Գիտակցել, որ Հայաստանը կարող է ունենալ ռուսական շահերից տարբերվող շահեր:

3. Գիտակցել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեր հարևաններն են, ու նրանց հետ հարաբերությունների բարելավումը կենսական հարց է:

4. Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա: Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաև Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը»,- վերը նշված հոդվածում մանրամասնել է հոդվածագիր Փաշինյանը:

Ի դեպ, հոդվածի հետգրությունում Փաշինյանը քննադատելով Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությունը՝ նկատում է.

«Շփոթությունից խուսափելու համար մի քանի արձանագրում կատարենք. երբ ասում ենք Հայաստանը ռուսամետ է, դա չի նշանակում, թե ռուսամետ է նաև Քոչարյանը: Մի քանի անգամ նշել ենք, որ Քոչարյանն ընդհանրապես որևէ հարցում չի ներկայացնում և չի կարող ներկայացնել Հայաստանի տեսակետը: Քոչարյանը ընդհանրապես տեսակետ չի ներկայացնում, նա Հայաստանում ընդամենը կատարում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, երբեմն նաև Ռուսաստանի հանձնարարությունները: ԱՄՆ-ը հանձնարարում է Մեղրին հանձնել, Քոչարյանը սկսում է հանձնման գործընթացը: Ռուսաստանը հանձնարարում է Մեղրին չհանձնել՝ Քոչարյանը ի դեմս դաշնակցության ընդդիմանում է Մեղրին հանձնելուն:

Ու Քոչարյանն ինքը Հայաստանի՝ սեփական շահերի մասին պատկերացումների բացակայության մարմնավորում է: Քոչարյանի վարած քաղաքականությունը, եթե այն վերծանենք, հետևյալն է. Հայաստանը շահեր չունի, շահեր ունեն ուրիշները, և մենք պետք է ընտրենք, թե ում շահերին ենք ծառայում: Ավելի ուշ ի հայտ եկավ կոմպլեմենտարիզմը, որն ըստ էության նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է միաժամանակ ծառայել բոլորի շահերին»:

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ելքը, դրան հաջորդած ու մինչև այսօր շարունակվող աշխարհաքաղաքական ու ռազմական զարգացումները ՀՀ-ի և մեր երկրի հետաքրքրություն ներկայացնող տարածքների շուրջ, դրանց համատեքստում Թուրքիայի, Ադրբեջանի, գերտերությունների շահերը, գործողությունները, և, թե որքանով է Հայաստանը աշխարհաքաղաքական գործոն՝ նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակահատվածի համեմատ, ըստ էության, կարելի է հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձգտումները, և որքանով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել կամ չկատարել ընդդիմադիր հոդվածագիր Նիկոլ Փաշինյանի որոշումները և մտադրությունները՝ կապված ՀՀ-ի և այլոց շահերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս