«Յուրաքանչյուր լիդեր կառուցում է համակարգ, որը շատ նման է իրեն․ Գնահատեք այսօրվա համակարգը ոմնի կերպով և բնույթով և կստանաք ոմնի կերպարը»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպիսին երկրի ղեկավարի քաղաքական, անձնական, մասնագիտական, աշխարհայացքային սկզբունքներն են, սոցիալ-քաղաքական մենթալիտետն է, արժեքային դավանանքն է, այդպիսին էլ երկրի կառավարման համակարգն է, ենթահամակարգերն են և ստորին շերտը:

Նրա մտքերը, մտածելակերպը, երևույթների գնահատականը, տեսակետները ունեն ամենամեծ ազդեցութունը քաղաքական մենթալիտետի ձևավորման և հասարակության քաղաքական գիտակցության վրա: Եթե այն հեղհեղուկ է, անկայուն է, աֆերիստ է, ճկուն է, ժուլիկ է, տարերային է, անսկզբունք է, ցածրամիտ է, ապա դրանք դառնում են քաղաքական մտածողության և հետևաբար նաև հանրային մտածողության հիմնական ձև: Սա եղել է և կա բոլոր ավտոկրատ կամ անձակենտրոն համակարգերի մեխը: Բոլոր այդ համակարգերը վաղ թե ուշ կնքում են իրենց մահկանացուն, երբ գալիս է այդ լիդերի քաղաքական կամ ֆիզիկական մահվան պահը:

Ցավոք սրտի, լիդերի փնտրտուքը, առաջնորդի պահանջը մեր քաղաքական մտածողության մեջ լինելու է առաջնային դեռ երկար ժամանակ: Այդ քաղաքական մենթալիտետը քիչ թե շատ կփոխվի այն ժամանակ, երբ հաջողվի փրկչական առաջնորդության անձնական մակարդակը փոխարինել կայուն, արդար և լեգիտիմ սոցիա-քաղաքական կառավարման համակարգով , որն այնքան էֆեկտիվ և վստահելի կլինի, որ որևէ լիդեր չի կարողանա այն քանդել ի շահ իրեն և կարգավորումները փոխելով ծառայեցնել բացառապես հանուն սեփական շահի և իշխանության: Դա կարող է կանխել միայն այդ համակարգի պահպանության շահառուն, կուզեք կոչեք «ժողովուրդ», կուզեք կոչեք «լայն սոցիալական խմբեր» կուզեք կոչեք «գաղափարական էլիտաներ» միևնույն է շահառուն:

Այլ կերպ ասած, եթե համակարգը ունենա շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ աշխատելու պետենցիալ, ապա լիդերն այն պահանջված պահին լարողն է լինելու և այդ ժամացույցի անխափան աշխատանքի երաշխավորը:

Սրան հասնելու ճանապարհների մասին կխոսեմ մեկ այլ առիթով, սակայն մի քանի սկզբունքներ, որոնք մեզ այսօր անհրաժեշտ են օդ ու ջրի պես նշեմ ստորև:

Ազգային, պետական, անվտանգային և սոցիալական շահերի ընդգծումն ու ամրագրումը պետք է կրի ոչ միայն հայեցակարգային,սահմանադրաիրավական, քաղաքական, այլ նաև դոգմատիկ, կներեք, բայց «աստվածաշնչային» բնույթ:

Քաղաքական գունապնակի յուրաքանչյուր ուժ, շարժում, կուսակցություն, առաջնորդ պետք է կառուցի իր քաղաքական առաջարկը հենց այս քաղաքական «աստվածաշնչի» անբեկանելի շրջանակներում:

Վերը նշված սկզբունքներով լեգիտիմ համակարգի ստեղծման ճանապարհը լիդերների հաճախակի մրցակցային փոփոխությունն է համակարգի շրջանակներում, այլ ոչ թե լիդերի փոփոխության հետ համակարգի փոփոխությունը:

Հ.Գ. Յուրաքանչյուր լիդեր կառուցում է համակարգ, որը շատ նման է իրեն: Գնահատեք այսօրվա համակարգը ոմնի կերպով և բնույթով և կստանաք ոմնի կերպարը»:

Տեսանյութեր

Լրահոս