Ուրախ ապրելը քրիստոնեական պահանջ է
«Ցնծացե՛ք և ուրախացե՛ք» (Մատթեոս 5:12),- ասել է Քրիստոս: Այս աշխարհը մեզ բազմազան ուրախություններ է առաջարկում, սակայն մեր Տերը խոսում է այն ներքին, լուսավոր և հոգևոր ուրախության մասին, որ Աստված է պարգևում: Այդ ուրախությունը տևական է և ոչ ժամանակավոր, կախված չէ մարդու տրամադրությունից և ոչ էլ նյութական պայմաններից. «Մարմնականի մասին մտածելը մահ է պատճառում, մինչդեռ հոգեկանի մասին խորհելը՝ կյանք և խաղաղություն» (Հռոմեացիներ 8:6):
Ուրախ ապրելը քրիստոնեական պահանջ է: Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի մարդն ուրախ լինի և ուրախ լինի Տիրոջով, ինչպես ասում է առաքյալը. «Ուրեմն, իմ եղբայրնե՛ր, ուրախացե՛ք Տիրոջով…» (Փիլիպպեցիներ 3:1): Եվ ավելին՝ «Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մեջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են» (Առակներ 17:22): Իրապես, ուրախարար սիրտը դեղի պես օգտակար է, այն դրականորեն է ազդում նաև ֆիզիկական առողջության վրա:
Անհրաժեշտ է, որ քրիստոնյան ունենա այն ներքին, մշտական և հոգևոր ուրախությունը, որն էլ իր անդրադարձն է ունենում նրա կյանքի տարբեր ոլորտներում: Հոգևոր այս ուրախությանը հասնելու համար հարկավոր է ջանք գործադրել. աղոթել, հետևել Քրիստոսի պատվիրաններին, ապրել աստվածահաճո կյանքով, մասնակցել եկեղեցական արարողություններին, ուխտագնացություններին, փորձել հնարավորինս զերծ լինել մեղքերից, իսկ մեղանչելուց էլ՝ ապաշխարել՝ խոնարհ հոգով և բարի գործերով հաղթահարելով մեղքը, սիրելով Աստծուն ու մերձավորին: «Մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել» (Ժողովող 3:12), ինչպես նաև՝ ավելի երջանկաբեր է տալը, քան վերցնելը (Գործք Առաքելոց 20:35):
Աստվածապարգև ուրախության դեպքում յուրաքանչյուր քրիստոնյայի հոգում տիրում է հանգստություն, խաղաղություն, թեթևություն: Անհնար է չուրախանալ՝ իմանալով, որ Աստված գոյություն ունի, որ Նա ներկա է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Իսկ այն գիտակցումը, որ Աստված ներկա է մեր կյանքում, արդեն իսկ մեծ ուրախություն է:
Այսօր քրիստոնյայի համար ուրախ լինելու ամուր հիմք է հավիտենական կյանքի հույսն ունենալը, քանի որ. «Եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան» (Հռոմեացիներ 8:25):
Սրբերի կյանքը վկայում է, որ հոգևոր ուրախությունն իրենց մոտ չէր մարում անգամ հալածանքների ժամանակ: Օրինակ՝ առաքելական հայրերից սբ. Իգնատիոսին, երբ վճիռ կայացրին Հռոմ տանել և գազանների կերակուր դարձնել՝ ի զվարճություն բազմության, այս վճիռը լսելով՝ սուրբը շատ ուրախացավ և աղաղակեց.
– Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր Հիսուս, որ Քո կատարյալ սիրով ինձ արժանի ես դարձնում Պողոս առաքյալի պատվին՝ կապված լինել նույնպիսի երկաթե կապանքներով:
Եվ այս ասելով՝ մեծ ուրախությամբ իր վրա վերցրեց շղթաները և աղոթեց եկեղեցու անսասանության համար:
Բարեպաշտ քրիստոնեական կյանքով ապրող մարդու օրերն ուրախությամբ են անցնում, քրիստոնյայի հավատը զորանում է իր երջանկությամբ, իսկ երջանկությունն էլ՝ իր հավատով: Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կատարած երկրային ամեն մի գործ ողողված էր խաղաղությամբ և մեծ ուրախությամբ: Երբ Նրան քննադատում էին, թե ինչու է Նա մեղավորների հետ շփվում, Հիսուս իբրև պատասխան նրանց երեք առակ պատմեց կորցնելու և գտնելու մասին:
Կորցրած դրամը գտնող կնոջ չափ ուրախ, կորցրած ոչխարին գտնող հովվի չափ զվարթ և մոլորյալ որդուն վերստին ընդունող հոր պես երջանիկ էր Ինքը Քրիստոս և ուրախ ամեն մի մեղավորի դարձի համար: Ըստ Քրիստոսի խոսքի՝ Երկինքը մեծ ուրախություն է ապրում ամեն մի ապաշխարող մեղավորի համար (Ղուկաս 15:7):
Այսպիսով՝ «Եվ պիտի ուրա՜խ լինեք, արդանե՛ր, և պիտի ցնծա՜ք, որ Տիրո՛ջ վրա հույս հաստատեցիք, պիտի պարծենա՜ք բոլորդ էլ՝ ովքեր ուղիղ եք սրտով» (Սաղմոս 31:11):
Գայանե Սուգիկյան