«Ադրբեջանում շարունակում են պահվել ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնք ըստ էության դարձել են քաղաքական առևտրի առարկա». Թագուհի Թովմասյան
«Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ մեծապես կարևորում եմ անվտանգային ուսումնասիրությունները, քանզի դրանք սերտ առնչություն ունեն մարդու իրավունքների հետ»,- այսօր ԵՄ անվտանգություն և հիմնարար իրավունքներ մոդուլի բացման արարողության ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում անվտանգության և մարդու իրավունքների հարցերում Եվրոպական միության որպես նորմատիվային ազդեցության ներուժ ունեցող դերակատարի ազդեցությունը հատուկ ուսումնասիրության առարկա պետք է դառնա։
«Այս համատեքստում, կարծում եմ, ԵՄ անվտանգություն և հիմնարար իրավունքներ մոդուլի հիանալի նախաձեռնություն է։ Իսկապես անվտանգություն հասկացության վերաբերյալ բազմաթիվ սահմանումներ կան, ինձ համար անվտանգության սպառնալիքները դիմակայելու ցանկությունն ու ունակությունն է, իսկ մեր տարածաշրջանում սպառնալիքները, ցավոք, բազմաթիվ են։
Ցանկանում եմ նշել, որ նույն եվրոպական պետությունները և առհասարակ եվրոպական արժեհամակարգը խարսխված են այնպիսի գաղափարական մոտեցումների վրա, ինչպես հակամարտության խաղաղ կարգավորումը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժից կամ ուժի գործադրման սպառնալիքից ձեռնպահ մնալու հիմնարար սկզբունքները։ Բայց ինչպես բոլորս ականատես եղանք 2020 թվականին՝ Ադրբեջանը ոտնահարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքով դրված այս հիմնարար սկզբունքները և սանձազերծեց ռազմական ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ։
Արդյունքում՝ կոպտորեն ոտնահարվեցին Արցախի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքները, որը, կարծում եմ՝ լրջագույն մարտահրավեր է միջազգային հանրությանը, մեզ, նաև փորձագիտական հանրությանը, քանի որ մենք աշխարհին պետք է ցույց տանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ։
Ի թիվս Ադրբեջանի կողմից գործադրված պատերազմական հանցագործությունների, հետպատերազմական այս փուլում դեռ առկա են իրավունքների տարբեր խախտումներ։ Օրինակ՝ Ադրբեջանում շարունակում են պահվել ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնք ըստ էության դարձել են քաղաքական առևտրի առարկա։ Մենք պետք է նաև այս մասով աշխարհին հասկանալի և մասնագիտական լեզվով բացատրենք, թե ինչպես չի՛ կարելի վարվել մարդու հետ և ինչպես չի կարելի ոտնահարել մարդու իրավունքը և ինչպես չի կարելի գերության մեջ գտնվող քաղաքացիներին խոշտանգել և հասցնել մահվան։
Հետպատերազմական այս փուլում մենք շատ ենք խոսում խաղաղության մասին, ու աշխարհը մեր մասին որևէ բան խոսելուց առաջ խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց հենց նախօրեին Վայոց ձորի մարզում՝ Խաչիկ գյուղում, մենք նորից ունեցանք հրադադարի խախտման կոպտագույն օրինակ։ Դա ոչ այլ ինչ էր, քան քաղաքացիների, գյուղացիների խաղաղ կյանքի իրավունքի ոտնահարում։ Նույնիսկ քաղաքացիական բնակչության խիտ հատվածում վնասվեց համայնքի ղեկավարի ավտոմեքենան։ Ուզում եմ արձանագրել, որ ավելի քան 1 տարի է՝ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և դուրս չի գալիս, կոպտորեն խախտելով նաև հենց մեր՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները, ովքեր ապրում են իրենց երկրում և դժվարություններ ունեն իրենց կենցաղում՝ կապված ադրբեջանական ներխուժման հետ»։