«Բժշկի աշխատանքին աստղ դնելը ո՞րն է, հո ձեզ համար երաժի՞շտ չէ». Ավետ Մանուկյանը՝ էլեկտրոնային առողջապահության ոլորտում նոր փոփոխությունների մասին
Էլեկտրոնային առողջապահության ոլորտում բարեփոխումներ են իրականացվելու: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի փոխանցմամբ՝ մշակվել է հարթակ, որը կոչվում է էլեկտրոնային հերթագրում. գործում է Երևանի բոլոր պոլիկլինիկաներում:
Այս որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով պոլիկլինկայում առկա խնդիրները: Դրանք հերթերն են, որոնք սկսվում են առաջին հարկից, հաջորդը հերթագրումն է, անկետայի համար հերթ կանգնելը, ապա բժշկի սենյակի մոտ հերթ կանգնել, որոշել, թե ումից առաջ ու հետո է: Այնուհետև մտնելով բժշկի սենյակ՝ տարատեսակ փաստաթղթեր են լրացնում: Բժիշկը տալիս է տեղեկանք, դեղատոմս, որից հետո գնում են բաժնի վարիչի, տնօրենի մոտ՝ կնիքի կամ ստորագրության համար: Կրկին հերթեր, ժամանակի կորուստ:
«Հարթակը հնարավոր է օգտագործել՝ ինչպես հավելվածի միջոցով, այնպես էլ՝ համակարգչի միջոցով: Ընտրում են բժշկին, օրը, ժամը և հերթագրվում: Սա հնարավորություհն է տալիս, որպեսզի քաղաքացու փաստաթղթերը պատրաստվեն, բուժքրոջ կողմից անկետան ներկայացվում է բժշկին, հարկ չի լինում հերթ կանգնել, ու միանգամից իր ժամին դիմում է բժշկի սենյակ: «Արմեդ» համակարգն ինտեգրված է նաև ՊԵԿ-ի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազայի հետ և թերթիկը գնում է նաև գործատուին. նա տեսնում է, որ այս օրից այն օրը աշխատողը հիվանդացել է, բուժվել, թերթիկը փակ է: Աշխատավարձային հաշվարկն էլ առցանց ստացվում է, և գումարը գործատուի կողմից փոխանցվում է աշխատողին»,- ասուլիսի ժամանակ պարզաբանել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանն էլ շեշտեց, քաղաքացին «Արմեդ»-ում կարող է տեսնել, թե իր մասին ինչ ինֆորմացիա է հավաքված:
«Հիմա նաև հնարավորություն է ավելացվելու, որ քաղաքացին հեռախոսում առկա հավելվածում կարողանա վերահսկել, թե ո՞վ է մուտք գործել իր անձնական տվյալների բաժին, ո՞վ է տեսնելու իր անձնական տվյալները: Քաղաքացին կարող է այնպես անել, որ բուժհիմնարկը կամ անձը չկարողանա տեսնել իր անձնական տվյալները»,- նշեց Ավետ Մանուկյանը:
168.am-ը հետաքրքրվեց՝ «Արմեդ» համակարգով հնարավոր է միայն հերթագրում առաջնային օղակի բուժհաստատություններին։ Ե՞րբ է նախատեսվում ընդլայնել ծառայությունը, Ավետ Մանուկյանը պատասխանեց. «Ցանկացած բուժհիմնարկ՝ անկախ նրանից, պետակա՞ն է, թե՞ մասնավոր, ո՞ր օղակի է, «Արմեդ»-ում հնարավորություն ունի օգտվել հերթագրման ֆունկցիոնալությունից: Քանի որ հուլիսի 1-ին անկանխիկ են լինելու վճարումները, քաղաքացին հեռախոսի միջոցով համակարգին կարող է կցել բանկային քարտը կամ էլեկտրոնային դրամապանակը և վճարում կատարի: Բժիշկը պացիենտին արդեն տեսնում է իր կաբինետում, նկատում է նաև, որ արդեն վճարումը կատարված է, ու միանգամից սկսում է ծառայություն մատուցել»:
Մեր հաջորդ հարցին՝ պացիենտի անձնական էջում քաղաքացին կարող է տեսնել բոլոր բուժհաստատությունների, ախտորոշիչ կենտրոնների մատուցած ծառայությունները, այլ պացիենտների դրանց տրված գնահատականները, ինչպես նաև՝ թողնել սեփական գնահատականը։ Բացի քաղաքացիների կարծիքից` պետական գերատեսչությունների ստուգումները, հայտնաբերած թերությունները լինելո՞ւ են, թե՞ ոչ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը պատասխանեց. «Մենք դեռ մշակում ենք, թե ինչ կրիտերիաներով պետք է գնահատենք: Բուժհաստատության մասով մի քիչ ավելի բարդ է, եթե համեմատում ենք բանկի հետ, թե սպասարկողը ժպտերե՞ս էր, մեր բոլոր հարցերին պատասխանե՞ց, թե՞ ոչ: Բուժհաստատությունում դա մի քիչ բազմատեսակ է, դրա համար դեռ քննարկվում է: Իսկ ստուգումների մասով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կայքում, գիտեմ, որ դրված է՝ ուր պետք է գնան, ինչ ստուգեն: Նաև արդյունքներն են հրապարակում»:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրենն էլ հավելեց. «Սիրուն դիզայն ենք պատրաստում, առաջին հարցը, որ դիզայները տվեց՝ այն էր՝ աստղեր դնե՞մ, թե՞ չէ, ասացի՝ չէ, որովհետև բժշկի աշխատանքին աստղ դնելը ո՞րն է, հո ձեզ համար երաժիշտ չէ՞, թե դուրս եկավ՝ 5 աստղ տամ: Բժշկի աշխատանքն ավելի օբյեկտիվ պետք է գնահատես: Կարող է բժիշկը կոպիտ խոսեց, մի քիչ խիստ հայացքով նայեց, բայց նենց բուժեց քեզ, որ լավացար»: