Ինչո՞ւ է Թուրքիան վախենում հայկական սփյուռքից
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով արդեն մի քանի անգամ ասել են, որ չպետք է թույլ տան, որպեսզի «հայկական սփյուռքը վնասի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նախ՝ առաջ է քաշել պետական մակարդակով իրականացվող ցեղասպանության ժխտողական քարոզչության թեզերը, այնուհետև ընդգծել է, որ «չպետք է թույլ տալ, որ հատկապես սփյուռքի ռադիկալ հատվածները վնասեն այդ գործընթացը և պղտորեն հարաբերությունները»:
«Բոլոր դերակատարներին կոչ ենք անում կառուցողական վերաբերմունք որդեգրել և վերոնշյալ գործընթացին աջակցություն ցուցաբերել»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը:
Նմանօրինակ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով. «Տեսնում ենք, որ երկրի ներսում՝ «արմատականները», իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանելով հարցին, թե այսօր Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ի՞նչ մտավախություններ ունի սփյուռքից, պատասխանեց.
«Մեր սփյուռքը լավ կազմակերպված սփյուռք է, որն ունի մեծ ներուժ և այդ ներուժն ի սպաս է դնում Հայաստանի Հանրապետությանը։ Կարող ենք նշել մի քանի հանգամանք կապված դրա հետ, մասնավորապես՝ վերջերս Միացյալ Նահանգներում ավարտեցին Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման գործընթացը, և այստեղ մեծ ներդրում ունեն ԱՄՆ հայկական երկու լոբբիստական կազմակերպությունները։ Իսկապես սփյուռքը կարևոր գործոն է՝ համահայկական, համաշխարհային գործոնի կարևոր մասն է, որովհետև մենք պետք է սովորենք հայրենիքն ընկալենք որպես Հայաստան, Արցախ և սփյուռք եռամիասնություն, սփյուռքն այստեղ դրա կարևոր հատվածն է»։
Միաժամանակ թուրքագետն ընդգծեց, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցային գործընթացում թեպետ պաշտոնապես հայտարարել է, որ չունի նախապայմաններ, սակայն վստահաբար այդ նախապայմանները կդնի բանակցային սեղանին։
«Այս մասին ես արդեն ամիսներ շարունակ ասում եմ։ Այս վերջին հայտարարությունները դրա վառ ապացույցն են, որ այն կարևոր գծերը, որոնք կապված են մեր ինքնության հետ՝ Հայոց ցեղասպանության հարցը, Արցախի հարցը և «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Թուրքիան դնում է բանակցային սեղանին։ Փաստորեն, այս վերջին հայտարարությունները, ինչպես ասացի, դրա վառ վկայությունն է, և ես համոզված եմ, որ սփյուռքը դրան դեմ կլինի»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա նշեց, որ այս պահին տեղյակ չէ, թե ինչպես են ընթանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները, սակայն Հայաստանի ղեկավարների հավանությունը Թուրքիան այս հարցերի վերաբերյալ դեռևս չի ստանում, այդ պատճառով էլ դա վերագրում է սփյուռքի ճնշմանը, ինչը, թերևս, ճիշտ է։
«Փաստորեն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ գնալով ավելի է ուժեղանում պանթուրքիզմը, և այդ գաղափարախոսության ազդեցության տակ Հայաստանի հետ բանակցություններում այդ երկիրը էլ ավելի կոշտ, ագրեսիվ ու ճնշող կլինի»,- շեշտեց թուրքագետը։
Ըստ մեր զրուցակցի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունենրում որևէ դրական միտում չի տեսնում, ավելին՝ Թուրքիան պահանջ է ներկայացրել վերադեմարկացիայի ենթարկել հայ-թուրքական ներկայիս սահմանը, որը դեմարկացիայի է ենթարկվել խորհրդային շրջանում։
«Հիմա փորձում են օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանն այսօր թուլացած է, փորձում են այդ սահմանը նորից ենթարկել դեմարկացիայի՝ հօգուտ իր շահերի։ Համոզված եմ, որ այդ գործընթացը, որ Թուրքիան փորձում է սկսել՝ Հայաստանի հետ դեմարկացիայի ենթարկել սահմանը, ունի հեռահար նպատակներ։ Գուցե առաջին փուլում լինեն պահանջներ սահմանների կոնկրետ հատվածների հետ կապված, բայց ես համոզված եմ, որ կարող է հարց բարձրացնել Սյունիքի վերաբերյալ՝ Սյունիքը միացնել իրեն։ Սա շատ վտանգավոր է»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը