
«Չխաբնվեք ծնկածին նորից». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ամբիոնից դիմեց ՀՀ քաղաքացիներին.
«Չխաբնվե՛ք ծնկածին նորից, չխաբնվե՛ք, որովհետև այս տարվա օգոստոսի 8-ից ձեզ նորից սկսել է համոզել, որ՝ «դե ոչինչ, որ նախորդող 7 տարիների ընթացքում ինչ ասել եմ, սուտ եմ ասել, ոչինչ, որ ամեն ինչ հորինել եմ կեղծիքի ու ստի հիման վրա։ Այս մեկը, այս վերջինը, որ հորինում եմ, հավատացեք՝ ճիշտ դուրս կգա։ Ոչինչ, որ ձեզ խաբել եմ, թե Շուշին հետ եմ բերելու, խաբել ու ասել եմ՝ ինձ հետաքրքրում է արցախահայերի ճակատագիրը, ոչինչ, որ խաբել եմ, որ հաշված ժամանակ հետո ադրբեջանցի վարձկանները ՀՀ սահմաններից դուրս կգան»։ Չխաբնվե՛ք ծնկածին, որովհետև ծնկել է ոչ թե իր մեղքերի գիտակցումից, ոչ թե ձեր առաջ կատարած մեղքերի զգացումից, այլ ծնկել է թուրքերի ու ադրբեջանցիների առաջ»։
Շարունակելով՝ պատգամավորն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը ծնկել է ոչ թե ՀՀ քաղաքացիների առաջ, այլ այդ քաղաքացիներին է ծնկի բերել թուրքերի ու ադրբեջանցիների առաջ՝ հաղթած հայ ժողովրդին դարձրել է պարտված։
«Եթե ինքն իրեն կողքից տեսներ, ինքն իր մասին խոսելու լիներ, իր բառապաշարով ասելու էր, որ ծնկել է 2018 թվականին, 2019թ., 2022թ., ծնկելու է 2026 թվականին, եթե մնա։ Անգամ ՄԱԿ-ում մի խեղճ ու կրակ ելույթ էր խաղում, բայց այդ խաղին էլ չխաբնվեք, որովհետև նույնիսկ այդ խաղի ժամանակ իր համար ամենակարևոր նախադասությունն ասաց, որը հետաքրքիր էր միայն թուրքին ու ադրբեջանցուն։ Ասաց՝ պատրաստ է ՀՀ երազանքներն ու նպատակներն արտացոլող Սահմանադրությունը փոխել, միայն կարևոր է, որ պետք է օգնեն իրեն վերընտրվելու»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում