
«Փարաքարի դեպքի հետ կապ չունեմ, Մհեր Ախտոյանի հեռախոսահամարը նույնիսկ չունեմ». Հայկ Սարգսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս տարվա մարտի 4-ին իր նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար դիմել էր ՔՊ վարչությանը։
«Սա այն օր էր, երբ իմ կողմից շրջանառության մեջ էր դրվել նախագծի փաթեթ՝ երկու անգամ բարձրացնելու խաղային ոլորտի հարկային բեռը, բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, և օրենքն ընդունվեց հաջորդ օրը։ Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսնում, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ թե այլ օր։
Սա ասում եմ՝ կապված խնդրի հետ, այլ հարցեր չտաք, քանի որ այս պահին նպատակահարմար չեմ գտնում պատասխանելու»,- նշեց իշխանական պատգամավորը։
Նրա խոսքով՝ 2019 թվականից սկսած, ինչ ընտրվել է պատգամավոր, իր աշխատանքով խանգարել է մի շարք գործունեության տեսակների, առաջին հերթին՝ խաղային ոլորտին։
«Սա ես համարել եմ չարիք և մշտապես ասել եմ, որ խաղային ոլորտը չարիք է Հայաստանի համար։ Իմ այս հրապարակային աշխատանքից հետո թիրախավորվել եմ, ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրանյութերի բիզնեսի հետ կապ ունենալուց։
Ես մշտապես փորձել եմ չանդրադառնալ այս հարցերին, բայց այսօր կարող եք բոլոր հարցերը տալ։ Օրինակ, ինձ կապում են Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների հետ, մասնավորապես Քանաքեռում հայտնի «Տույ» մականունով անձի սպանության հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում, մեքենայի մեջ ու կապ ունեմ սպանության հետ։ Այդ օրը ես ՀՀ-ում չեն եղել, եղել եմ զորավարժությունների ՌԴ Կազան քաղաքում, դրա հետ կապված կան մամուլի հաղորդագրություններ»,- շեշտեց Հայկ Սարգսյանը։
Ըստ պատգամավորի, «Քանաքեռցի Տույ»-ին տեսել է այդ դեպքից 3 տարի առաջ՝ 2018 թվականին, հյուրանոցում՝ պատահական, նա մոտեցել է, ծանոթացել են, ու սա եղել է իրենց առաջին ու վերջին հանդիպումը։
Նրա բնորոշմամբ՝ իրեն փորձել են վարկաբեկել, արատավորել, որպեսզի իր օրենսդրական գործունեության մեջ կաշկանդված լինի։
Ինչ վերաբերում է Փարաքարում տեղի ունեցած ողբերգությանը, Հայկ Սարգսյանն ասաց՝ Փարաքարի դեպքի հետ կապ չունի։
«Ես քրեական մշակույթից հեռու եմ, քրեական ենթամշակույթի դեմ պարբերաբար հարցեր եմ տալիս ԱԺ-ում և հարցումներ եմ կատարում, աշխատանքներ ենք տանում, որպեսզի քրեական ենթամշակույթը մեր երկրից արմատախիլ արվի։ Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ ես կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։
Մհեր Ախտոյանի հետ լուսանկարը տեղի է ունեցել տարիներ առաջ, չեմ հիշում, թե նրան վերջին անգամ երբ եմ տեսել, հավանաբար եղել է 2 տարի առաջ։ Ես անգամ իր հեռախոսահամարը չունեմ, իրեն ճանաչում եմ փողոցային պայքարից, ծանոթացել եմ, այսքանը միայն կարող եմ ասել»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում