Կրկին շրջանառության մեջ եմ դնելու իմ նախագիծը՝ կանխելու ՀՀ-ում արատավոր երևույթը. Հայկ Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն ուղիղ կապ է տեսնում խաղային ոլորտում հարկերը բարձրացնելու մասին օրինագծի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից իր նկատմամբ ներկայացված կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմումի միջև։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սարգսյանը։

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը 2025թ․ մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն՝ գործող տուրքերը։ Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, և օրենքն ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ թե այլ օր»,- ասաց Սարգսյանը։

ՔՊ–ական պատգամավորը հիշեցնում է, որ իր կողմից ներկայացված նախագիծը պետք է քննարկվեր 24-ժամյա ռեժիմով, ինչը նշանակում է, որ նախագծի քննարկումից հետո քվեարկություն է անցկացվում։
Սարգսյանի խոսքով՝ այդ անգամ բացառություն արվեց, և նախագծի քվեարկությունն անցկացվեց ոչ թե նույն օրը, այլ արդեն մարտի 5-ին։

Պատգամավորն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ նշելով, որ ապրիլին էլ դիմել է ՔՊ վարչությանը՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով, սակայն հարցը մինչև սեպտեմբեր չի քննարկվել։

Անդրադառնալով կուսակցության կողմից տարածված հաղորդագրությանը, ըստ որի՝ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է իր կողմից ներկայացված դիմումի քննարկմանը, սակայն չի ներկայացել, նշեց՝ այդպես չի եղել։

Օնլայն խաղատների տուրքերը երկու անգամ կավելանան. ԱԺ–ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
«Ես խնդրել եմ կուսակցությանը, որ այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել»,- ասաց Սարգսյանը։

Հայկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ սկսած այն ժամանակից, երբ ինքն ընտրվել է ԱԺ պատգամավոր և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ էր, իր աշխատանքով խանգարել է մի շարք գործունեությունների տեսակներին, առաջնահերթ՝ խաղային ոլորտին։

«Ես դա համարում եմ չարիք Հայաստանի Հանրապետությունում։ Իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ, և գտնում եմ, որ այդ գրոհը հիմնականում խաղային ոլորտը սպասարկող անձանց կողմից է եղել։ Ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցների բիզնեսի հետ կապ ունենալուց` կապելով իմ անունը տարբեր սպանությունների, ինքնասպանությունների հետ»,- հայտարարեց Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930