Մի քանի անգամ հարցաքննվել են Սեյրան Օհանյանը, Ջալալ Հարությունյանը, Կարեն Ջալավյանը, ինչո՞ւ չի հարցաքննվում Նիկոլ Փաշինյանը. Զոհվածների ծնողներ

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մի մասը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ էին հավաքվել իրենց մի քանի պահանջով՝ բացատրություն տալ զինվորական քրեական գործերով քննիչի անգործության վերաբերյալ, ազատ արձակել այսօր առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանին, նա, ի դեպ, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է, և երրորդը պահանջը՝ հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին։

Ծնողները ստիպված էին մի քանի ժամ սպասել զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ, մինչև Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը դուրս եկավ շենքից, մոտեցավ ծնողներին ու փոխանցեց, որ քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ հարցի վերաբերյալ կա Գլխավոր դատախազի տված ցուցում, և այն կատարվելու է, ինչն ավելի շուտ պարզ է փաստաբանների ու իրավաբանների համար։ Ապա դիմելով ծնողներին և մասնավորապես նրանց կողքին կանգնած փաստաբան, Փաստաբանական պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանին, Ռաֆայել Վարդանյանն ասաց.

«Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դուք ասացիք, որ պետք է հանդիպեք Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, այդ հանդիպման ընթացքում ժամկետները կճշտեք։ Մենք հարցաքննելու ենք Նիկոլ Փաշինյանին, սակայն ժամկետների հետ կապված հարցերը կհստակեցվեն։

Ինչ վերաբերում է Գարիկ Գալեյանի ձերբակալության հարցին, ապա այս պահին անձը ձերբակալվել է զորամասի տարածքում բարձրաստիճան սպայի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով։ Հարուցված է քրեական վարույթ, քրեական գործի շրջանակներում, ենթադրում եմ, արդեն պաշտպաններ ունի, նրանք իրավասու են քրեադատավարական օրենսդրության սահմաններում բողոքարկում ներկայացնել ձերբակալության իրավչության վերաբերյալ»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը։

Քննչական կոմիտեի վարչության պետի այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների ծնողները զայրացան, նրանք պահանջեցին անհապաղ հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին և ազատ արձակել զոհվածի ծնողին։

Ծնողները հարց բարձրացրեցին, թե ինչու 1,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին չեն հարցաքննել։

«1,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին կանչե՞լ եք հարցաքննության։ Եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, ապա ամեն ինչ արեք ըստ ընթացակարգի, ինչը չի արվում»,- շեշտեցին ծնողները։

Նրանք նաև հայտարարեցին, որ տեղյակ են՝ Ռ. Վարդանյանը մի քանի անգամ հարցաքննության է կանչել Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանին, բայց Նիկոլ Փաշինյանին բերե՞լ է հարցաքննելու։

Ծնողները Ռաֆայել Վարդանյանից պահանջեցին հարցին այո կամ ոչ պատասխան տալ, սակայն վերջինս հստակ պատասխան չտվեց և հեռացավ՝ ծնողների «ամո՛թ» վանկարկումների ներքո։

Տեսանյութեր

Լրահոս