«Վստահ եք, չէ՞, որ առաջիկա օրերին ունենալու ենք հաջողություն. այս պայքարն ավարտվելու է շատ շուտ». Արթուր Վանեցյան
«Ապրիլի 18-ին, երբ եկա Ազատության հրապարակ, այ սրա մասին էի երազում, որ ձեզ բոլորիդ տեսնեմ այստեղ»,-Ֆրանսիայի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Հայ ազգը զարթնել է, լաոն զարթնել է, մենք բոլորս դառել ենք միասնական մի բռունցք. Այս բռունցքի դեմ ոչ մեկ չի կարող կանգնել, որևէ մեկը չի կարող մեր պայքարը կասեցնել: Վստահ եք չէ՞, որ առաջիկա օրերին ունենալու ենք հաջողություն, որևէ մեկը կասկած չունի, չէ՞: Իշխանություններին հորդորում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ՝ գնացեք՝ հանուն փրկության, հանուն Հայաստանի և Արցախի փրկության, դուք ձախողվել եք բոլոր ուղղություններով: Հայ ազգը նորից միավորվում է, նորից դառնում է էն հին ազգը՝ արժանապատիվ, հայրենասեր, իր խոսքի տեր, չխաբող, իրար սիրող: Մեզ ասում են՝ կարող են սադրանքներ լինել, զինեք կիրառեն. Ժողովուրդ, հայը հայի դեմ ուժ կամ զենք կկիրառի՞: Մեզ պե՞տք է մեր ազգի դեմ ուժ կիրառել, իհարկե, ոչ»,-ընդգծեց Վանեցյանը:
Նա խնդրեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք մտածում էին՝ գնալ հրապարակ, թե ոչ, գնան հրապարակ և միանան պայքարին. «Այս պայքարն ավարտվելու է շատ շուտ, բայց այս պայքարը, որ սկսում ենք այսօր՝ մայիսի 1-ից, չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև մենք հասնենք մեր նպատակին: Սիրելի երիտասարդներ, ուսանողներ, այսօր ձեզանից հազարավորներ այստեղ են, խնդրում եմ՝ վաղը եկեք և միացեք այս պայքարին, որը ձեր ապագայի համար է: Հիմա խնդրում եմ բոլոր միասին ասենք՝ ուսանող ոտքի՛, երիտասարդ ոտքի՛»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Փաշինյանի ԱԺ ելույթներից հետո ինքը հասկացել է, որ այլևս իրավունք չունեն նստել տանը. «Մեր պայքարը հանուն մեծ հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի, արժանապատիվ հայի համար է: Այստեղ չկան կուսակցական դրոշներ, չկան ընդգծված առաջնորդներ, սա մեր բոլորի պայքարն է»: