«Նման վարվելակերպն ինձ համար շատ տգեղ էր». Կարինա Շիկանյանը՝ «Գայանե» բալետի ժամանակ վերջերս տեղի ունեցածի, արվեստի և կարծրատիպերի մասին
Կասկադի բացօթյա սրճարաններում ջարմուշյան ոճով սուրճի և ծխախոտի սեղաններից կարելի է լսել զրույցներ, որոնք ծավալվում են ամենատարբեր թեմաների շուրջ՝ առօրյա կենցաղային դիպվածներից մինչև փիլիսոփայական մտքեր, արվեստից մինչև քաղաքականություն: Վերջին երկուսը, թեև, միշտ չէ, որ անբաժան են: Ֆիլմ հիշեցնող Երևանում, որում անպակաս է մեծն Հեմինգուեյի շունչը և վերջինիս անունը կրող սրճարանում մատուցվող անուշաբույր սուրճը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Կարինա Շիկանյանի հետ 168.am-ը զրուցել է բալետի մոգականությունից, հյուրախաղային նախագծերից, դասականի և մոդեռնի միախառնումից, բացահայտել է՝ ինչպես է ընթանում բալետի պարուհու մեկ օրը, և թե ինչպես է վերաբերվում վերջինս օրեր առաջ օպերային թատրոնում տեղի ունեցած անհնազանդության ակցիային:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Գայանե» բալետի ժամանակ մի երիտասարդ, պարզելով Արցախի դրոշը, բղավեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
«Անհնազանդության ակցիայի պահին ես ետնաբեմում էի և լսեցի՝ ինչպես սկսեցին բարձր գոռալ, որ «Արցախը Հայաստան է, մենք եկել ենք ասելու, որ երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»: Անհանգստացանք, որ ներկայացումը կտապալվի, բայց արտիստները, իհարկե, շատ պրոֆեսիոնալ գտնվեցին, նույնը կարող եմ ասել նվագախմբի երաժիշտների մասին: Սպասեցինք, մինչև ամբողջն ավարտվի, տնօրինությունը դուրս հանեց այդ մարդկանց: Պարզվեց՝ մոտ 40 հոգի տոմս էին գնել կամ իրենց համար տոմս էին գնել, որպեսզի գան և տապալեն ներկայացումը, բայց մենք շարունակեցինք պարել:
Ես կարծում եմ, որ արվեստն ու քաղաքականությունը երբեք չպետք է կապված լինեն, արտիստները քաղաքականության հետ չպետք է կապ ունենան: Գուցե կառույցը ինչ-որ կերպ կարողանա կանգնել պետության կողքին, օգնի՝ պահպանելով մշակույթը, հայկականը առաջ տանելով, բայց նման բաներ ես չեմ հանդուրժում: Թատրոն գալն ինձ համար մշակույթ է. մարդիկ նախապատրաստվում են, գալիս են, այդ օրը շատերը գուցե առաջին անգամ էին եկել բալետ դիտելու և նման դեպք է պատահում. շատ վատ տպավորություն է ստեղծվում թե մեր օպերային թատրոնի, թե բալետի, թե երկրի մշակույթի մասին: Հիմա այն վիճակը չի երկրում, որ մենք դադարենք աշխատել: Մենք գնում ենք թատրոն՝ մեր աշխատանքը կատարելու, մարդկանց հաճելի էմոցիաներ պարգևելու համար: Օպերային թատրոնում նման վարվելակերպն ինձ համար շատ տգեղ էր»:
Հյուրախաղերը բալետի արտիստների կարիերայի կարևոր մասն են կազմում: Կարինան արդեն երկու անգամ ԱՄՆ է մեկնել: Առաջին անգամ բալետի պարուհին եղել է միայն Կալիֆոռնիայում և Նյու Յորքում, երկրորդ անգամ նահանգների թիվը մեծացել է՝ հասնելով 30-ի: Նյու Յորքից մինչև Սան Դիեգո Կարինան ցուցադրել է իր բալետային վարպետությունը:
«Նման հյուրախաղեր շատ հաճախ են լինում, ամբողջ աշխարհում տարածված կարգ է: Ինչ-որ պահի, երբ արտիստը հասկանում է, որ պետք է ընդլայնի իր գործունեությունը, ուրիշ փորձ ստանա, դիմում է նման հյուրախաղային խմբերի: Մենք դիմում ենք, իրենք հրավիրում են: Թատրոնն ինձ շատ աջակցեց այդ հարցում, ի տարբերություն այլ երկրների թատրոնների, որոնք, ինչպես պատմում էին մեր նոր խմբի արտիստները, դեմ են լինում նման հյուրախաղերի»:
Չնայած նրան, որ բալետի լեզուն համաշխարհային է, ԱՄՆ-ի հյուրախաղերի ընթացքում մի շարք խտրականությունների ականատես է եղել Կարինա Շիկանյանը:
«Բալետում գնահատում են ռուսներին: Հյուրախաղերին մասնակցում էին ճապոնացի աղջիկներ, որոնք ներկայացնում էին ռուսական դպրոցը, ավարտել էին Վագանովայի ակադեմիան՝ աշխարհում լավագույններից մեկը, բայց իրենց հետ հարաբերություններում պատ կար. ռուսին ավելի վեր են դասում, քան ճապոնացուն, որովհետև ճապոնացի է: Նույնը նկատելի էր անգամ լուսանկարելիս: Ճապոնացիներին, կիրգիզներին փորձում էին թաքցնել՝ կանգնեցնելով ամենավերջին շարքում, որովհետև նման չեն ռունսերին: Նույնը մեզ հետ էլ արեցին: Նկարահանում էին իրականանցում, կանչել էին միայն ռուսներին, բելառուսներին և ուկրաինացիներին: Ինձ համար դա վիրավորական էր. բալետում նման սահմանափակումներ չպետք է լինեն: Հիմա մենք ապրում ենք այն դարում, որ աշխարհի լավագույն թատրոններում կան հնարավոր ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, ինչը ոչ մի նշանակություն չունի իրենց տեխնիկական հնարավորությունների հետ, թե ինչպիսի արտիստ են իրենք, թե ինչպես են ներկայացնում իրենց գործը: Ինձ համար այդ ամենը անհասկանալի էր, բայց համակերպվում էինք…»:
Բալետի արտիստների մասին բազմաթիվ կարծրատիպեր կան. նրանք գրեթե ոչինչ չեն ուտում, չեն զվարճանում, ապրում են միայն բալետով և չունեն առօրյա հոգսեր: Կարինան մեզ հետ զրույցում կոտրեց հնարավոր բոլոր կարծրատիպերը՝ բացահայտելով, թե ինչպես է ընթանում բալետի արտիստի մեկ օրը:
«Կարծրատիպերը, համաձայն որոնց բալետի պարողները չեն ուտում, չեն զվարճանում, լկտի սուտ են (ծիծաղում է,- Ա.Գ): Մեր օրվա ընդամենը մի մասն է կազմում բալետը: Մենք հասարակ մարդկանց պես գնում ենք առավոտյան աշխատանքի, կատարում ենք մեր աշխատանքը և վերադառնում ենք տուն՝ մեր անելիքը շարունակելու:
Իմ առավոտը սկսվում է շան հետ զբոսանքով, այնուհետև սուրճ եմ խմում, գնում եմ թատրոն, եթե ժամանակ կա, գործընկերներով նույնպես սուրճ ենք խմում, կարծում եմ՝ բոլորն աշխատանքի վայրում դա անում են: Պարապում ենք մեկ ժամ, դա մեր մարզանքն է, ինչից հետո սկսվում են ըստ խաղացանկի փորձերը: Եթե զբաղված չեմ այս կամ այն ներկայացման մեջ, իմ աշխատանքային օրն ավարտվում է ժամը 12-ին:
Մենք բոլորս ունենք մեր հետաքրքրությունները, մեր հոբբիները, երկրորդ, երրորդ աշխատանք: Բոլորն ընտանիքներ ունեն, հոգսեր, ինչպես հասարակ մարդիկ: Ես չեմ կարծում, որ կա մեկը, ով ապրում է միայն բալետով: Բալետի արտիստի համար սխալ է միայն բալետով ապրելը. յուրաքանչյուր դեր հասկանալու, նոր կերպար ստեղծելու համար պետք է հասկանալ, թե շուրջդ ինչ է կատարվում: Մինչև լիարժեք կյանքով չապրես, չես կարողանա այդ կյանքը բերել բեմ ու վերածել ինչ-որ կերպարի: Եթե կերպարդ ուրախ, զվարթ մարդ է, ով սիրում է խմել, ուտել, իսկ դու չգիտես, թե դա ինչ է, ապա ինչպե՞ս ես պատկերացնում կերպարի կառուցումը: Օրինակ՝ Կարմենի կերպարը շատ բաց կին է, շփվում է, հանդիպում է այս տղամարդու հետ, այն տղամարդու հետ… Չեմ ասում, որ պետք է տարբեր տղամարդկանց հետ հանդիպել, բայց առհասարակ մարդկանց հետ շփումը բերում է փորձ, բերում է նոր գիտակցում, արժեհամակարգ է փոխում: Եթե այդ փոփոխությունը տեղի չունենա արտիստի ներսում, բեմում լավ արդյունքի հնարավոր չէ հասնել: Մենք պետք է սովորական մարդկանց պես ապրենք»:
Բալետի գեղեցկությունը շարժման մեջ է, այն Կարինա Շիկանյանը համարում է ինքնաարտահայտման գլխավոր գործիքը, ինչը ավելի է բարդացնում բալետի արտիստի առաջ դրված առաջադրանքը, բայց և ինքնատիպ հմայք է հաղորդում:
«Բալետը մնջախաղային արվեստ է: Օպերայում երգում են և կարելի է հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, առավել ևս հիմա, երբ տեխնոլոգիաները վազող տողի հնարավորություն են տալիս: Թատրոնները փոքր են, դերասանը կարող է անմիջական կապ ունենալ հանդիսատեսի հետ: Բալետի դեպքում չորրորդ պատ կա, որը բաժանում է հանդիսատեսին բեմից: Այդ է պատճառը, որ բալետում ամեն ինչ ուռճացված է, գրոտեսկային: Եթե դերասանը մինիմալ խաղով կարող է հասկացնել ցանկացած բան, բալետում ամեն ինչ շարժման միջոցով է փոխանցվում՝ պաթետիկ վազքով, թռիչքներով: Դերասանը կարող է մեկ բառ ասել ու ամեն ինչ արտահայտել, իսկ բալետում դա երեք գործողությամբ է տեղի ունենում: Դա է բալետի գեղեցկությունը»:
Բալետն այնքան գեղեցիկ արվեստ է, որ այն չսիրել պարզապես հնարավոր չէ, բայց և բարձր ու վեհ է, որը սիրելու համար պետք է հասկանալ, հասկանալու համար պետք է նախապատրաստվել: Իսկ նախապատրաստվել պետք է վաղ հասակից, բայց ոչ երբեք երեխաներին՝ մեծահասակների համար նախատեսված ներկայացումների բերելով, վստահ է բալետի պարուհին:
«Շատ հավանական է, որ երեխան ինչ-որ բան տեսնի, չհավանի ու իր մոտ կարծրատիպեր ստեղծվեն բալետի վերաբերյալ: Իմ օրինակը բերեմ: Դպրոցում, երբ անցնում էինք Մայակովսկի, ես տանել չէին կարողանում նրան, որովհետև ինքն ինձ համար անհասկանալի երևույթ էր: Տպավորություն ունեի, որ Մայակովսկին վատ հեղինակ է: Այնուհետև, երբ սկսեցի հասկանալ՝ ինչ է գրականությունը, նախապատրաստվեցի, սկսեցի ուսումնասիրել պոետների, ուրիշ հեղինակների, հասա Մայակովսկուն և հասկացա, որ ինքն իմ հեղինակն է, ինձ դուր է գալիս: Նույն տրամաբանությունը գործում է արվեստի մյուս ճյուղերի դեպքում: Երեխային պետք չէ բերել բալետի, որը նախատեսված է մեծահասակների համար: Մենք ունենք մանկական բալետներ, օրինակ՝ «Չիպոլինոն», «Մարդուկ-ջարդուկը», որոնցից պետք է սկսվի այդ աշխարհի բացահայտումը: Ծնողն ինքը պետք է հասկանա, թե ինչ է բալետը: Պետք է գնել գրքույքը, որտեղ գրված է լիբրետոն, կամ նախապես համացանցում կարդալ՝ ինչի մասին է բալետը, երբ և ինչպես է ստեղծվել: Երբ նախապատրաստված ես, հետաքրքրությունը մեծանում է»:
Ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն է վայելում ժամանակակից պարը: Կարինան ինքը հաճախակի է մասնակցում պերֆորմատիվ ակտերի, որպես խորեոգրաֆ նախընտրում է ժամանակից պարը, բայց բացերը, ըստ պարուհու, բազմաթիվ են.
«Ժամանակակից պարը լավագույն ուղին է, որով պարողը կարող է իրեն այլ կողմից բացահայտել: Իրականում շատ բարդ է. դասականն իր սահմանափակումներն ունի, ամեն ինչ քառակուսի է, կան չափանիշներ, որոնց պետք է անպայման հետևել, իսկ ժամանակակից պարն ունի հազար ու մի տեսակ ուղղություններ: Պետք է ստեղծվի նորը: Ամբողջ աշխարհում խաղացանկը բաժանվում է երկու մասի՝ դասական և ժամանակակից: Իսկ մենք, նույնիսկ եթե ցանկանանաք, հնարավոր է տեխնիկապես չկարողանանք ուրիշ երկրների թատրոններում ներկայանալ, որովհետև չենք տիրապետում համապատասխան տեխնիկայի. դա մեկ ամսվա աշխատնաք չի, կես տարվա աշխատանք չի: Նախ հոգեբանորեն է բարդ, որովհետև չգտես՝ խորեոգրաֆն արտիստին ինչ առաջադրանք կտա: Կան շատ ժամանակակից ներկայացումեր, որտեղ արտիստները մերկ են դուրս գալիս բեմ. դա մեզ մոտ անթույլատրելի կլինի: Կան ներկայացումներ, որտեղ արտիստերը խոսում են: Եթե ինձ ասեն, որ պետք է խոսեմ ներկայացման մեջ, ինպե՞ս դրան կվերաբերվեմ: Իհարկե կփորձեմ, բայց խիստ անհարմար կլինի, որովհետև ես դրան սովոր չեմ, որովհետև պետք է տիրապետել բեմական խոսքի արվեստին, պետք է սովորել՝ ինչպես խոսել շարժվելիս, որ ձայնը չկտրվի, հասանելի լինի, բարձր լինի:
Բայց եթե բոլորս մնանք Հայաստանում, երբեք ոչինչ չի փոխվի: Պետք է դուրս գանք ու վերադառնանք նոր գիտելիքներով ու փորձով, որ ինչ-որ բան փոխվի»:
Բալետի պարուհու հետ զրույցն իր տրամաբանական ավարտին հասցրեց երևանյան զով քամին՝ թողնելով հանդիպման ակնկալիք արդեն որպես պատմվածքների հեղինակ Կարինա Շիկանյանի հետ զրուցելու համար:
Զրույցը՝ Անի Գաբուզյանի
Լուսանկարները՝ Կարինա Շիկանյանի ինստագրամյան էջից