Սերժ Սարգսյանը զարմացավ. ինչպե՞ս, հայը ուրանա՞ Ցեղասպանությունը… արի ու տես՝ այո՛, այսօր կան հայանուն ժխտողներ. Ավետիքյան

Ապրիլի 22-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության  քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ իրենց խմբակցությունը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը։

Այս հայտարարությունից հետո իրավիճակը լարվեց Ազգային ժողովում. ծեծ, քաշքշուկ տեղի ունեցավ ՔՊ-ական և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.

«Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ԱԺ կներկայացնի օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը։ Այս նախաձեռնությունը ուղղակի պատասխան է Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և ներկայիս իշխանությունների՝ այդ քաղաքականությանը ենթարկվելու փաստին։

Իշխանությունն ունի երկու ընտրություն.

Կարդացեք նաև

1. կողմ քվեարկել օրինագծին՝ փակելով Հայոց ցեղասպանության ուրացման դուռը,

2. մերժել նախագիծը՝ պաշտոնապես ամրագրելով, որ ինքն իրականացնում է ժխտողական քաղաքականություն։

 Երրորդ տարբերակ չկա»։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարարի եթերում «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, խոսելով Ազգային ժողովում կատարվածի մասին, հիշեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու անհրաժեշտության վերաբերյալ իր և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած խոսակցություններից մեկը։

«Մի քիչ հետ գնանք… երբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դրանից հետո ֆրանսահայությունը պահանջեց, որպեսզի Ֆրանսիայում քրեական պատասխանատվության ենթարկեն Ցեղասպանությունը ժխտողներին և ուրացողներին։ Այդ ժամանակ մենք հանդիպում ունեցանք 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և այդ հարցը բարձրացրեցինք։

Շատ լավ հիշում եմ՝ Սերժ Սարգսյանը զարմացավ, ասաց՝ ինչպե՞ս, Հայաստանում կարող է լինել հայ, որ ուրանա՞, ժխտի՞ Հայոց ցեղասպանությունը։ Մենք կարիք չունենք նման օրենքի, բայց, արի ու տես, որ հիմա կարիք ունենք։ Ամոթով եմ ասում, բայց այն օրենքը, որի մասին խոսվեց այսօր, ուղղված է Ցեղասպանության հայանուն ժխտողների դեմ»,- ասաց Հակոբ Ավետիքյանը։

Հարցին՝ երբևէ կպատկերացնեի՞ք, որ Հայաստանում կօգտագործվի «հայանուն ժխտողներ» ձևակերպումը, Ավետիքյանն արձագանքեց.

«Երբեք չէի պատկերացնի, որ «հայանուն ժխտողներ» ձևակերպումը երբևէ կօգտագործեի։ Չէի պատկերացնի նման բան, ինչպես շատ այլ բաներ՝ ևս»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս