«Մի՛ ուրացիր, որ չլինի նոր ցեղասպանություն. Ջահերով երթը մեծ և ազդեցիկ է լինելու». Գոռ Սարգսյան

Ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական Ջահերով երթը՝ «Զա՛րկ, երբ քեզ հալածում» են ուղերձով:

ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ այս տարի ջահակիրները կրելու են «Նեմեսիսի» խորհրդանիշ Սողոմոն Թեհլերյանի պատկերով շապիկներ, որով թշնամական պետություններին ցույց կտան, որ կգա մի սերունդ, որը վրեժխնդիր կլինի նրանց արածների համար:

«Հայաստանում կա մի իշխանություն, որն ուրացման քաղաքականություն է որդեգրել: Առաջին դեմքերով ասում են, որ Ցեղասպանության հարցն իրենց համար օրակարգային չէ, ինչը մեզ համար ուրացում է և բերելու է նոր ցեղասպանության: «Մի՛ ուրացիր» ուղերձով մենք դիմում ենք հայ մարդուն, որ՝ եթե ուրանաս, կլինի նոր ցեղասպանություն, որը փաստացի եղավ Արցախում: Խորքի մեջ դա նաև ուրացման արդյունք էր, որովհետև այս իշխանություններն ուրացան Արցախը, որը բերեց ցեղասպանության»,- ասաց նա:

Գոռ Սարգսյանը շեշտեց՝ այս տարի Ջահերով երթի մասշտաբներն ավելի մեծ են լինելու. «Այս տարի մոտ 1500 ջահակիր ենք ունենալու. տարեցտարի գրանցվողների թիվն աճում է: Մարդիկ ցանկություն ունեն գալ՝ պահանջատիրական ջահը վերցնել և մաս կազմել այս միջոցառմանը: Այս տարի 10 հազար կանթեղ ենք բաժանելու: Ազդակներն ենք ստանում, որ այս տարի Ջահերով երթի մասնակիցների թիվն ավելի մեծ և ազդեցիկ է լինելու: Ցեղասպանության հետ կապված միակ քաղաքական և պահանջատիրական միջոցառումն է»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու ակցիան ևս լինելու է այս տարի. «Այդ պետությունների սիմվոլն այրելով՝ մերժում ենք նրանց քաղաքականությունը: Հայոց ցեղասպանությունը հստակ քաղաքական քայլ է եղել, և այսօրվա Թուրքիան կայացել է Հայոց ցեղասպանության արդյունքում, և դրանով մենք մերժում ենք այսօրվա Թուրքիային՝ ասելով, որ ձեր դրոշն այրելով՝ մենք մերժում ենք ձեր պետությանը, քանի դեռ չեք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ թշնամանքը հավերժ չի կարող շարունակվել, Թուրքիայի հետ հարևաններ ենք, պետք է հարաբերություններ հաստատվեն, նա արձագանքեց. «Այո, մենք էլ ենք ասում՝ թշնամանքը հավերժ չի կարող շարունակվել. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ընդունի, որ մեծ ոճիր է գործել հայերի հանդեպ, և արդար հատուցումից հետո: Բնականաբար, մենք էլ հավերժ թշնամանք չենք ցանկանում, հասկանում ենք, որ պետք է հարաբերվենք մեր հարևանների հետ, բայց դա չպետք է լինի մեր ինքնասիրության, ուրացման, անցյալը մոռանալու, ապագան թրքացնելու հաշվին: Դա պետք է լինի արժանապատվորեն, հատուցմամբ, և Թուրքիան պետք է առերեսվի նրա հետ, ինչ արել է»:

Նա նկատեց, որ Ջահերով երթին միշտ շատ մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիան. «Այս երթը Թուրքիայի դեմ է: Թուրքիային և աշխարհին ցույց ենք տալիս, որ Հայաստանում քիչ չեն մարդիկ, որոնք պահանջատեր են, չեն մոռացել Ցեղասպանությունը և պահանջ ունենք Թուրքիայից: Ես վստահ եմ, որ Թուրքիան է ստիպել ՀՀ իշխանություններին, որ Ցեղասպանության հարցն օրակարգից դուրս մղեն առաջնահերթությունների ցանկից: Թուրքիայի համար կարևոր է այդ հարցը, որովհետև գիտեն՝ պահանջատիրությունն ինչ բան է:

Ցեղասպանության հարցն ավելի կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, քան Արցախի հարցը, դրանք իրար հետ կապ ունեցող հարցեր են, և եթե այսօր մոռանանք Ցեղասպանությունը, Արցախը, վաղը Նիկոլ Փաշինյանը կարող է ասել՝ եկեք՝ մի պահ մոռանանք, որ մենք հայ ենք, որովհետև մեր թշնամիները գրգռվում են: Այս մարդկանցից ամեն ինչ սպասելի է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս