
Մենք աշխատում ենք ամերիկացի գործընկերների հետ, այն շատ ժամանակ է պահանջում, ուստի անհապաղ արդյունքներ ակնկալելը դժվար է․ Պեսկով

Մենք աշխատում ենք ամերիկացի գործընկերների հետ, այն բարդ է և շատ ժամանակ է պահանջում, ուստի անհապաղ արդյունքներ ակնկալելը դժվար է։ Այս մասին Financial Times-ին ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Լարված աշխատանք է ընթանում: Մենք աշխատում ենք ամերիկացի գործընկերների հետ, այն բարդ է և շատ ժամանակ է պահանջում, ուստի անհապաղ արդյունքներ ակնկալելը դժվար է և աշխատանքը հնարավոր չէ անել հրապարակայնորեն»,-ասել է նա։
Թրամփը կիրակի օրը սոցցանցերում գրառում է կատարել, որ հուսով է, որ Ուկրաինան և Ռուսաստանը «այս շաբաթ գործարք կկնքեն», այնուհետև «կսկսեն բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը ծաղկում է, և հարստություն կստեղծեն»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է, որ ինքը Թրամփից առաջարկ չի ստացել, որը կներկայացնի Ռուսաստանի պատերազմnն ավարտող կոնկրետ քայլերը։ Բայց նա ասել է, որ երբ զինադադար հաստատվի, ինքը պատրաստ կլինի Պուտինի հետ ուղիղ բանակցությունների:
«Կան ազդանշաններ, գաղափարներ, քննարկումներ, բայց դա պաշտոնական հայտարարություն չէ։ Եթե նման պաշտոնական հայտարարություն լինի, մենք կպատասխանենք»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները կայքին ասել են, որ իրենք կողմ են Թրամփի և նրա թիմի որոշ գաղափարներին՝ չհստակեցնելով, թե հատկապես որոնք են:
Կայքը գրում է, որ ԱՄՆ-ի առաջարկները ներառում են Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայում, ինչպես նաև առանձին, ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ռազմական ուժեր՝ օգնելու վերահսկել հրադադարը ապառազմականացված գոտու երկայնքով, որն ընդգրկում է ավելի քան 1000 կմ առաջնագծի ողջ տարածքը:
Այդ ուժերը համատեղ կաշխատեն ուկրաինական և ռուսական ուժերի հետ, որոնք վերահսկում են զինադադարը, այսպես կոչված, շփման գծի իրենց համապատասխան կողմերում:
Պարզ չէ՝ արդյոք Թրամփը խնդրել է Ուկրաինային պաշտոնապես ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։ Սակայն Զելենսկին երեքշաբթի օրը կրկնել է իր դիրքորոշումը Սև ծովի թերակղզու վերաբերյալ՝ ասելով, որ «Ուկրաինան չի ճանաչի Ղրիմի օկուպացիան: Դա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքն է, այստեղ քննարկելու բան չկա»:
Ռուսաստանը նույնպես մերժել է ԱՄՆ-ի որոշ առաջարկներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ներկայությունը Ուկրաինայում: