
ԱԴԾ-ն «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի մասին նոր նյութեր է գաղտնազերծել

ԱԴԾ-ն նոր գաղտնազերծված արխիվային փաստաթղթեր է բացահայտել «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարում կալանավորների վրա նացիստների անմարդկային փորձերի մասին։
Ուղիղ 80 տարի առաջ Կարմիր բանակը ազատեց Բեռլինից դեպի հյուսիս գտնվող գերմանական «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի գերիներին։
Ազատման նախօրեին, երբ բելոռուսական առաջին ճակատի առաջապահ ստորաբաժանումները «Զաքսենհաուզենից» ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին, փախչող նացիստները տասնյակ հազարավոր գերիների ուղարկեցին, այսպես կոչված, «մահվան երթերի» դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ նրանցից շատերը մահացան սովից, հիվանդություններից կամ գնդակահարվեցին:
Համակենտրոնացման այս ճամբարը սկսեցին կառուցել 1936 թվականի հուլիսին ՍՍ–ի ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի հրամանով՝ նացիստական ռեժիմի քաղաքական հակառակորդների համար, ինչպես նաև որպես համակենտրոնացման ճամբարների հսկիչներ պատրաստելու բազա։
«Զաքսենհաուզենը», նացիստների մտահղացման համաձայն, ստեղծվել էր որպես օրինակելի ճամբար, ուր երբեմն այցելում էին օտարերկրյա պատվիրակությունները»,- նշել են ԱԴԾ-ում։
Ճամբարի գոյության ողջ ընթացքում, տարբեր աղբյուրներով, սպանվել է ավելի քան 100 հազար կալանավոր հիտլերականների կողմից օկուպացված եվրոպական երկրներից։
ԱԴԾ-ն գաղտնազերծել է նաև նյութեր Ղրիմում «Գեհայմֆելդ պոլիցայ» գերմանական գաղտնի դաշտային ոստիկանության հանցագործությունների վերաբերյալ։
Գաղտնազերծված տվյալների համաձայն՝ 1944 թվականի փետրվարին պատժիչ ջոկատները կալանավորել էին մոտ 100 խորհրդային կանանց, երեխաների և տարեց մարդկանց, որոնք ուղարկվել էին «Семь Колодезей» կայարանի համակենտրոնացման ճամբար։ Մի քանի օր անց (հարցաքննությունից ու խոշտանգումներից հետո) կալանավորներին տեղափոխել էին գյուղից դուրս գտնվող թմբի մոտ ու գնդակահարել։
Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ մի խումբ ոստիկանական պատժիչ ուժեր մասնակցել են Ղրիմի ընդհատակյա գործիչների խոշտանգումներին։
Գերմանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչներին արգելվել է ծաղկեպսակներ դնել «Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ։