Եթե ՊՆ-ն գտնում է, որ այն ոչ մեկին պետք չէ, ապա ի՞նչ անի. փոխնախարարը` բանակի որոշ գույք վաճառքի հանելու մասին
Միջազգային հանրությանը հղում ենք արդարության վերականգման մեր ուղերձը, այդ ուղերձը եղել է, կա և մնալու է առհավետ։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ապրիլի 24-ի օրվա խորհրդին, ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Հարցին` որպես փոխնախարար նորմա՞լ է համարում, երբ բանակի արդիականացման նպատակով Պաշտպանության նախարարությունը գույք է վաճառում և արդյո՞ք պետության կողմից միջոցներ չեն տրամադրվում, Սարգսյանը ասաց.
«Պետության կողմից անընդհատ միջոցներ տրամադրվում են, իսկ եթե գույքը ՀՀ-ի գույքն է և ՊՆ-ն գտնում է, որ տվյալ պահին այն որևէ մեկին պետք չէ և գործածելու համար անարդյունավետ է, ապա ի՞նչ անի»։
Այն հարցին` ինչ է արվում օրհասական ներկա իրավիճակում բանակի արդիականացման համար, Սարգսյանը ասաց.
«Այսպես տրագետիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք և ամեն ինչ արվում է, մեր բարեփոխումները արդեն մեկնարկել են։ Բնագծերի կահավորումը երկատարտև գործընթաց է, վերջին պատերազմի արդյունքում սահմանի փոփոխություն է տեղի ունեցել, բնականաբար կան նոր բնագծերի կարիք և դրանց կահավորումը ժամանակ պահանջող գործընթացներ է։ Մեկուկես տարվա ընթացքում ահռելի աշխատանք է տարվել զինվորների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ»։