Ժողովուրդն արթնացել է և հանրային մեծ ճնշմամբ պետք է վճռականորեն մերժի այս իշխանություններին. Արթուր Վանեցյան

Երբ ես եկա Ազատության հրապարակ, միայնակ էի, որևէ մեկին իմ մտադրության մասին չէի պատմել. սա դասական իմաստով նստացույց չէ, այլ իրազեկման շուրջօրյա ակցիա։ Այս մեկ շաբաթվա ընթացքում մեր նպատակն այն էր, որ Ազատության հրապարակն ամեն օր՝ 24 ժամ շարունակ, լինի ուշադրության կենտրոնում․ այստեղ են գալիս տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ Ոմանք ՔՊ անդամներ կամ աջակիցներ են, նրանք ասում են, որ հասկացել են՝ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, և միանում են մեզ։ Այս մեկ շաբաթում, բացառությամբ հատուկենտ դեպքերի, բացասական տրամադրվածությամբ որևէ քաղաքացի մեզ չի մոտեցել, մարդիկ ուզում են իմանալ, թե հետո ինչ է լինելու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Արդեն բոլորն ունեն կոնսենսուս, որ Փաշինյանը պիտի հեռանա։ Երբեմն գալիս են նաև սադրիչներ։ Օրինակ, գիշերը մի քաղաքացի եկավ, հարցրեց, թե ինչո՞ւ ենք հավաքվել, ասացինք՝ հանուն հայրենիքի, Արցախի, հայ ժողովրդի, ասացինք, որ համաձայն չենք Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում թողնելուն, կամ էլ՝ իշխանության առաջարկած խաղաղության օրակարգին, ասացինք, որ մենք կողմնակից ենք խաղաղությանը, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի։ Տարօրինակ է, որ նա ասաց՝ 700 տարի թուրքի լծի տակ ենք ապրել, ի՞նչ եք ուզում, թողեք ապրենք մեզ համար։ Դա ինձ համար շոկային էր, և եթե անգամ նման մտածողությամբ մարդիկ կան, նրանք համարձակություն չունեն իրենց այդ մտքերը բարձրաձայնելու, և նրան մի կերպ հեռացրինք հրապարակից»,- ասաց քաղաքական գործիչը։

«Ազատության հրապարակով մեկնարկ է տրվել մի գործընթացի, որով մեր հասարակությունն արթնացել է։ Ժողովուրդը սթափվել է վերջին 3-4 տարվա մանիպուլյացիաներից ու էյֆորիայից, հայրենասիրությունը դարձյալ արթնանում է։ Մենք հայ ենք, պարտավոր ենք պայքարել։ Այստեղ գալիս են մարդիկ, մեզնից կոնկրետ, անգամ արմատական գործողություններ են պահանջում, նրանց հանդարտեցնում ենք։ Յուրաքանչյուր քաղաքացուց է կախված մեր երկրի ապագան, այդ գիտակցումը պետք է մտցնենք մեր մեջ։ Ես էլ այստեղ եմ՝ որպես ՀՀ քաղաքացի և հայ մարդ։ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն ԱԺ-ում բացահայտեց, որ նա և իշխող ուժն արդեն որոշում են կայացրել, որ Արցախի կարգավիճակի շեմը պետք է իջեցնել, խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասում են, թե դրանով կխախտվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց չեն նշում, որ դա անընդունելի է»,- նշեց Վանեցյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերն Արցախը թշնամուն հանձնելու, ՀՀ ինքնիշխանության մակարդակը նվազեցնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու մասին են, և դրանց Փաշինյանն իր համաձայնությունն արդեն տվել է, ավելին՝ ասում է, որ պատրաստ է անվերջ զիջելու ամեն ինչ, միայն թե մնա իշխանության․

«Ինչո՞ւ Փաշինյանն ուղիղ տեքստով չի հայտարարում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել նախ այն պարզ պատճառով, որ երկար ժամանակ է՝ առաջին ազատամարտ, ապրիլյան մարտեր, 44-օրյա պատերազմ, ադրբեջանցիներն ապացուցել են՝ նրանք հաճույք են ստանում ազգությամբ հայերի վիզը կտրելուց։ Շատերի հիշողությունը կարճ է, մարդիկ մոռացել են Հունգարիայում կատարված ոճրագործությունը, երբ քնած հայ սպան կացնահարվեց ադրբեջանցու կողմից, հետո նրան շնորհվեց հերոսի կոչում։ Պատերազմի ընթացքում տեսանք, թե թշնամին ինչ դաժանաբար է վերաբերվում մեր հայրենակիցներին։ Արցախում այսօր շուրջ 100 հազար հայ կա, և եթե Արցախը թողնվի Ադրբեջանին, այն հայաթափվելու է, ով հասցրեց՝ փախնելու է, կամ էլ հայերին ոչնչացնելու են։ Այստեղ եկած մի քաղաքացի ասում էր, թե ով պնդում է՝ Ադրբեջանի հետ կարող ենք խաղաղ ապրել, նրան պետք է ուղարկել իր սահմանամերձ գյուղ, թող երկու օր իր տանը քնի»:

«Ընդդիմությունն օգտագործելու է ոչ միայն չորս տարի առաջ Փաշինյանի կիրառած գործիքակազմը, այլ հնարավոր մյուս բոլոր միջոցները։ Մեր նպատակը հանրային մեծ ճնշման հասնելն է, որ ժողովուրդը վեր կենա և իր վճռական խոսքն ասի, որ դեմ է այս իշխանություններին։ Եթե հասնենք դրան, որևէ իշխանություն չի կարողանալու դիմակայել։ Համացանցում տեսանյութեր են տարածվում՝ երբ Փաշինյանն իր շարասյունով անցնում է, մեքենաներն ազդանշան են տալիս, դա էլ հո մե՞նք չենք կազմակերպել, դա ինքնաբուխ է։

Երեկ այստեղ ոստիկանների հետ բախում եղավ, անհասկանալի պատճառներով ձերբակալում էին Միկա Բադալյանին, փակվել էր Սայաթ-Նովայի պողոտան, բայց խցանման մեջ մնացած որևէ վարորդ քաղաքացիներին չէր կշտամբում, ըմբռնումով էր մոտենում, անգամ ողջունում էին, իսկ երբ ոստիկանները փորձեցին մեր երիտասարդներին հանել ճանապարհից, վարորդներն ազդանշան տվեցին։ Հանրության մեջ կա գրեթե բացարձակ կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, մնում է դա քաղաքականապես ձևակերպել»,- ամփոփեց Արթուր Վանեցյանը:

Տեսանյութեր

Լրահոս