Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պետությունների տնտեսական ինքնիշխանության խնդիրներով զբաղվող գիտնականների շրջանում տարածված է «կազմակերպված կեղծավորություն» (organized hypocrisy) հասկացությունը, որով ցույց է տրվում, որ գլոբալացված աշխարհում տնտեսական ինքնիշխանության մասին հռչակումներն իրականում կազմակերպված կեղծավորության արտահայտություն են, որով զբաղվում են քաղաքական ուժերն ու իշխանությունները։ Հաշվի առնելով կեղծավորության՝ լիցեմերիայի անսահմանորեն մեծ չափաբաժինը հայկական իրականության մեջ, տնտեսագիտական այդ եզրը կիրառելի է Հայաստանի իշխանության, առավել ևս ու հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի գործունեության պարագային։

Լայն իմաստով կեղծավորությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հիմնասյունն է, անկյունաքարը, նրա խոսքում ու գործում կեղծիքը բազմապատիկ ավելի շատ է, քան ճշմարտությունը։

Տարվա մեջ կան օրեր՝ տոնական և հիշատակի արարողություններ, երբ կազմակերպված կեղծավորությունը պաշտոնյաների շուրթերից, հայտարարություններից, եթերից ու մամուլի էջերից հորդում է շատ ավելի մեծ չափաբաժիններով, քան սովորական պայմաններում։ Այսօր հենց այդ օրերից է՝ ապրիլի 24-ը։ Այսօր Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լալահառաչ ուղերձներ է հրապարակելու Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև խոնարհվելու մասին։ Նույնը տարբեր ձևակերպումներով կրկնելու են նրա իշխանության մյուս անդամները։ Բայց այսօր, առավել քան երբևէ, նրանց խոնարհումն ու հարգանքի տուրքը լինելու է կեղծավորության գագաթնակետը։

Նրանք հարգելու են ցեղասպանության զոհերի հիշատակը՝ միաժամանակ անարգելով այն։ Դա լինելու է գռեհկության աստիճանի ցինիզմի դրսևորում։

Արդբեջանի ու Թուրիքայի հետ «խաղաղության դարաշրջան» բացող Նիկոլ Փաշինյանի համար Ապրիլի 24-ը և Հայոց ցեղասպանությունն ամենամեծ խոչընդոտներն են։ Նա ամեն ինչ կտար այդ օրն օրացույցից հանելու և դա, օրինակ, «Պարտաճանաչ ՀԴՄ կտրոն դակող առևտրականի օրով» փոխարինելու համար։ Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել ու քանի դեռ Էրդողանը՝ բարեհաճ գտնվելով, դեմ չէ, որ նա այցելի Ծիծեռնակաբերդ, ստիպված է լինելու մասնակցել այդ ծեսին՝ փորձելով սեփական ուրացումը քաղաքացիներին վաճառել հուզիչ տեսարաններով։

Հնարավոր է՝ այս ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը վերջինը լինի Նիկոլ Փաշինյանի համար։ Ոչ թե այլևս վարչապետ չլինելու, այլ հայ-թուրքական մերձեցման հաջողության բերումով, երբ Էրդողանի ու Ալիևի առջև ստանձնած պարտավորությունների հարցում խորացած կլինի այնքան, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը կարող է անպատեհ ընկալվել թուրք բարեկամների կողմից։ Նիկոլ Փաշինյանը հենց հիմա անում է առավելագույնը, որ այս տարի վերջին անգամ այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Նրա քաղաքականության խորքային նպատակն այն է, որ ապագայում ինքը, գուցե Արարատ Միրզոյանի ու Ռուբեն Ռուբինյանի ընկերակցությամբ, ապրիլի 24-ն անցկացնի Անթալիայում։

Գռեհի՞կ է հնչում։

Ոչ ավելի, քան հնչելու է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման մասին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս