Տեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը». «լիարժեք ինքնավարություն» և «ամուր ինքնակառավարո՞ւմ», թե՞ ինքնավարություն Ադրբեջանի կազմում. փաստաթղթեր

Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ակտիվորեն քննարկվում է Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցման» ռիսկերը, և, ինչո՞ւ չէ, այդ մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության հավաստիությունը:

Փաշինյանն այս հարցին անդրադարձել է նաև կառավարության այսօրվա նիստին:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով: Անորոշ ասելով, ընդ որում, նկատի էին առնվում տասնամյակներ, եթե ոչ ավելի: 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում՝ այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովը: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր 1999 թվականի «Ընդհանուր պետության» գաղափարը: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր 2001 թվականի Քի Վեսթյան գործընթացը, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված էին 2016 թվականի հունվար-հուլիս-օգոստոսի երեք առաջարկները: Նշաձողն իջեցնելու այդպիսի ուղիղ և անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների ընդունած տարբեր փաստաթղթեր: Եվ այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել: Հենց նրանում է իրավիճակի ամբողջ նրբությունը, որ ես հարկ եմ համարում, որ հանրությունը սրա մասին իմանա, և այն, որ հնարավորինս շատ քարտեր եմ բացում հանրության առաջ, վկայությունն է, որ հանրության առաջ հաշվետու լինելը կարևոր հանգամանք է մեզ համար»,- ասել է նա:

Տարբեր ժամանակահատվածներում Արցախի կարգավորմանը միտված փաստաթղթերին 168.am-ը մանրամասն անդրադարձել է ժամանակ առ ժամանակ, այդ թվում՝ առանձին հարցերի հետ կապված:

2020 թվականին մեր ձեռքում հայտնվել էր մի բացառիկ փաստաթուղթ՝ թվագրված՝ 1996 թվական, որտեղ անդրադարձ էր կատարվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին:

Սրան մենք անմիջապես անդրադարձել ենք, սակայն, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ:

Եվ ահա, մեզ տրամադրված փաստաթղթում, մասնավորապես, ասվում էր.

«Տեր-Պետրոսյանը շարունակեց՝ ասելով, որ Արբիտրը պետք է նաև լուծի Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների հարցը։ Պետք է մեխանիզմներ մշակվեն, որոնք ամբողջությամբ կարող են երաշխավորել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Սա մեզ համար խաղ չէ։ Սա մեզ համար գոյության հարց է: Սարաևոյի իրադարձությունները լուրջ մտածելու տեղիք են տալիս. 100.000 սերբեր լքել են Սարաևոն։ Ղարաբաղի բնակչությունն ուշադրությամբ հետևել է այդ իրադարձություններին, և նրանք նույն բախտին չեն ուզում արժանանալ։ Ղարաբաղում կա ընդամենը 150.000 բնակիչ, և նույնիսկ փոքրիկ շոկը կարող է նրանց տարհանման հանգեցնել։ Սա մեզ համար կարող է ազգային ողբերգություն լինել։ Մենք պետք է համոզված լինենք, որ դա տեղի չի ունենալու ոչ վաղը, ոչ էլ այս պահից 20 տարի անց։

Ի լրումն, Տեր-Պետրոսյանը շարունակեց և ասաց, որ Ղարաբաղը պետք է կապ ունենա Հայաստանի հետ։ Դա կարող է լինել միջանցք, բայց դա պետք է լինի ռազմական տեսանկյունից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպես Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք»։

Այնուհետև տեղեկացվում է. «Թելբոթն ու Բերգերը (ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթ և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգեր.- Մ.Պ.) օգտագործել են իրենց հետագա փոքրիկ խմբային հանդիպումը, որպեսզի ճնշում գործադրեն Լիպարիտյանի վրա։ Դժվար է բանակցությունների հայտարարություններում ավելի հավասարակշռություն ապահովել, կամ «համեմատաբար հավասարություն»։ Նրանք բացատրեցին, որ ադրբեջանցիներն իրավացիորեն հավատում են, որ 14 կետանոց փաստաթուղթն իրենց համար կարևոր՝ ընդամենը երկու կետ էր պարունակում, մնացած տասներկու կետերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերից էին բխում։ Օրինակ, հայտարարությունն իր մեջ չի ներառում (բայց պետք է ներառեր) կետեր զորքերի տարհանման և փախստականների վերադարձման մասին, որոնք երկուսն էլ Ադրբեջանի համար կարևոր են։ Նրանք շեշտեցին նաև տարածքային ամբողջականության սկզբունքի կետերի և Լաչինի վերաբերյալ բանակցելու կարևորությունը։ Տեր-Պետրոսյանն ու Լիպարիտյանը խոսակցության մեծ մասում պաշտպանվողական դիրք էին ընդունել և տարբեր ձևերով պնդում էին՝ Մինսկի խմբի փաստաթուղթն արդեն իսկ պարունակում էր զորքերի տարհանման և փախստականների վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի ցանկացած կետերը»:

Փաստաթղթում նշված է, որ ըստ Բերգերի՝ «լիարժեք ինքնավարության» և «ամուր ինքնակառավարման» հասկացությունները պետք է մանրամասնվեն այնպես, որ դրանք համապատասխանեն երկու կողմերի պահանջներին։

«Որպեսզի սկզբունքների հայտարարությունն իրականություն դառնա, այն պետք է բազմակողմանի լինի։ Պարտադիր չէ, որ ամեն մանրամասնություն տրամադրվի, սակայն բոլոր հիմնական մտքերը պետք է բավարար մանրամասնությամբ ներկայացվեն, որ կողմերից յուրաքանչյուրին վստահություն ներշնչեն, որ իրենց շահերը պաշտպանված են,- նշվում է փաստաթղթի շարունակության մեջ և հավելվում,- Ի դեպ, նշված է, որ Տեր-Պետրոսյանն ասել է, թե խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել»:

Ի դեպ, այսօր Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը Շուշիում հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը ստիպված է եղել ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթ, որի արդյունքում Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) և Աղդամի շրջանները առանց կրակոցի հանձնվել են իրենց:

Պատերազմի մասնակցած զինվորականներն իրենք էլ վստահեցնում են՝ Քարվաճառի, Աղդամի ուղղությամբ ոչ մի նահանջ չի եղել:

Հիշեցնենք, որ անցած տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը երբեք չի ցանկացել իրենց վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։

«Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին նրան, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան, Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որևէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- հայտարարել էր Ալիևը` հավելելով, որ մերժել է այդ առաջարկը։

Անցած տարի ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը 168.am-ին մի փաստաթուղթ էր տրամադրել, համաձայն որի՝ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:

«Լիպարիտյանը շեշտեց, որ Տեր-Պետրոսյանի կառավարությունը մեծապես մտահոգված չէ տարածքների ձեռքբերման կամ կորստի համար. նրանք ավելի շատ նվիրված են մի շարք արժեքների, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և կյանքի որոշակի որակի ապահովումը։ Եթե Քելբաջարի պահպանումը ներկայիս Հայաստանի ազգաբնակչության գերագույն նպատակ դառնա (ինչպես որ այն արդեն դառնում է այդպիսին շատ հայերի համար, հատկապես՝ Սփյուռքի դաշնակցականների համար), ապա Տեր-Պետրոսյանը և իր կառավարությունը հրաժարական կտան, որովհետև նրանք չեն ցանկանում դրա մաս կազմել»,- նշված է փաստաթղթում:

Թե տարբեր ժամանակներում բանակցային փաստաթղթերում ի՞նչ է ասվել Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչին) շրջանների, Լաչինի միջանցքի մասին, պատմական էքսկուրս չենք անի, քանի որ մեկ անգամ չէ, որ մանրամասն անդրադարձել ենք բանակցային փաստաթղթերին այս թեմայով:

Ընդամենը կասենք՝ այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին, հաջողվեց Նիկոլ Փաշինյանին, հատկապես՝ Քարվաճառի հետ կապված:

Արդյո՞ք Արցախի կարգավիճակի դեպքում նույնը կլինի, ցույց կտա ժամանակը:

Հիշեցնենք, որ 1992-ի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր.

«Եթե լինի այնպիսի ինքնավարություն, որտեղ ներքին խնդիրները, այդ թվում՝ կադրային, կլուծվեն տեղական իշխանությունների կողմից, կողմերը կարող են գալ համաձայնության։ Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:

Ի դեպ, վերևում ներկայացված փաստաթղթում նշվում է, որ, երբ ԱՄՆ փոխքարտուղարն ասել է, թե իրենք ցանկանում են Ադրբեջանից հստակ բացատրություն ստանալ, թե ի՞նչ ասել է՝ ինքնավարության մաքսիմում աստիճան, Տեր-Պետրոսյանն արձագանքել է. «Ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը»:

Տեսանյութեր

Լրահոս