«Եղբորս գերեզմանը մնացել է Հադրութում՝ թշնամու վերահսկողության տակ․ 2 տարի է, որ այս օրը Եռաբլուր ենք այցելում»․ քառօրյա պատերազմում զոհվածի եղբայր

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերն Արցախի Հանրապետության ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Կիրառեցին զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 100-ից ավելի զոհ։ Մեր 18-ամյա զինվորները, սակայն, կյանքի գնով թույլ չտվեցին, որպեսզի թշնամին հասնի իր նպատակին՝ զավթել Արցախը․․․

Բազմաթիվ քաղաքացիներ այսօր այցելում էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհում քառօրյա պատերազմին մասնակցած և անմահացած հերոսների շիրիմներին։

«Եռաբլուր» էր եկել նաև Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ Արման Պողոսյանը, նա, արդեն 2-րդ տարին է, որ այս օրը գալիս է «Եռաբլուր»։

Արմանը 20 տարի որպես ուսուցիչ՝ աշխատել է հայրենի Քյուրաթաղ գյուղի դպրոցում, 2014 թվականից եղել է դպրոցի տնօրենը։ Նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել, իսկ հարազատ եղբայրը՝ Ռոման Պողոսյանը, մասնակցել է 2016 թվականին տեղի ունեցած քառօրյա պատերազմին և առաջնագծում անմահացել։

«Եղբայրս տվյալ պահին հանդիսացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված Ջաբրայիլի զորամասի հրետանու պետը։ Այդ գիշերը եղել է զորամասում՝ որպես պատասխանատու, և ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ տագնապ են հնչեցրել, մարտական ընկերների հետ, իր ծառայողական մեքենայով մեկնել են առաջնագիծ, մարտավարական նշանակություն ունեցող Լելե Թեփե՝ ժամկետային զինծառայողներին րոպե առաջ օգնության հասնելու համար։

Դիրքում արդեն ռազմական գործողություններ են գնացել, նույն վայրկյանին մխրճվելով այդ ռազմական գործողությունների մեջ, մինչև վերջին շունչը մարտնչել են ժամկետային զինծառայողների կողքին ու կողք կողքի բոլորը զոհվել են, ամբողջ դիրքի անձնակազմը․․․

Նրանք գիտակցաբար մեկնել են այդ տղաներին օգնելու, հայրենիքի սահմանը պաշտպանելու և մինչև վերջին շունչն անհավասար պատերազմում կռվել և անմահացել են»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց հադրութցի Արմանը։

Նա պատմեց նաև, որ եղբոր և մյուս մեր հերոսների մարմինները թշնամու վերահսկողության տակ անցած տարածքից հնարավոր եղավ դուրս բերել միայն 2016-ի ապրիլի 10-ին՝ «Կարմիր խաչի» օգնությամբ։ Ռոմանին հուղարկավորել էին հայրենի գյուղում՝ Քյուրաթաղում․

«Հուղարկավորությունը տեղի է ունեցել իր ծննդյան օրը՝ ապրիլի 12-ին․․․ 2016-2020 թթ. հաճախակի այցելում էի եղբորս գերեզմանին․․․ 2020 թվականի պատերազմի հետևանքով, երբ մեր ծննդավայրերը մնացին թշնամուն, իսկ հազարավոր մարդիկ պարզապես դատարկաձեռն ցիրուցան եղան Հայաստանով և Արցախով մեկ, մեր գերեզմանները, այդ թվում՝ մեր պապական գերեզմանը, եղբորս գերեզմանը մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Արդեն 2 տարի է, որ այս օրը մենք այցելում ենք «Եռաբլուր»՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների շիրմաքարերի մոտ, ծաղիկներ դնում, գլուխ խոնարհում, համարում, որ բոլորը մեր հարազատներն են։ Ինչ-որ մի տեղ ինքներս մեզ սփոփելով՝ համարում ենք, որ ներկայացել ենք նաև մեր հարազատների գերեզմաններին։ Իհարկե, դա այդպես չէ, բայց ստեղծված իրավիճակում այլ ելք չունենք․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս