Բուսաբանական այգու բույսերն այլևս չեն մրսում
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանի հետ
– Բուսաբանական այգու ներկայիս վիճակն ինչպե՞ս եք գնահատում: Բույսերի վիճակն ինչպիսի՞ն է այս ձմռանը:
– Այս տարվա ձմեռն աննախադեպ էր, որովհետև մոտ 20 տարվա ընդմիջումից հետո, վերջապես Բուսաբանական այգու ամենացավոտ կողմը` ջեռուցման հարցը, լուծվել է: Մեր կոլեկցիոն ջերմատունը, որտեղ պահպանվում են արևադարձային և մերձարևադարձային բույսերի հավաքածուները, արդեն այս ձմռանը պահվում են նորմալ, ջեռուցված պայմաններում: «Գրանդ Քենդի» ընկերության շնորհիվ ջերմատունը հիմնովին վերականգնվել է: Այսպես, առաջին անգամ մեր բույսերը, որոնք ձմռանը լրացուցիչ ջեռուցում են պահանջում, այս տարի ձմեռն անհոգ են անցկացնելու:
– Այդ խնդիրը լուծվեց, ի՞նչ այլ խնդիրներ ունեք հիմա:
– Մեր խնդիրները հիմնականում նյութական են և ֆինանսի հետ են կապված: Սա յուրահատուկ հաստատություն է, որտեղ, բացի բուսաբանական ուսումնասիրությունների իրականացումից, գործում է նաև Բուսաբանական այգին, որը բավական ծախսատար է: 80 հեկտար տարածք է, որը պահպանության, գիշերային շուրջօրյա պահպանության, ոռոգման և այլ խնդիրներ ունի:
Դրանք բավական ծախսատար պրոցեսներ են, և երբ այդ ամենն իրար ենք գումարում, ծախսերը դառնում են մի քանի անգամ ավելի շատ, քան ինստիտուտի ընդհանուր բյուջեն է: Արդյունքում` մենք միշտ դեֆիցիտ ենք ունենում: Այդ գումարը մշտապես չի բավարարում:
– Այդ պայմաններում ինչպե՞ս եք կարողանում պահպանել եղածը:
– Դե, պահպանում ենք: Օրինակ, տարածքը պիտի պահպանվի ներքին գործերի շուրջօրյա պահակային ծառայության միջոցով, սակայն պահպանում ենք ընդամենը սովորական քաղաքացիական համազգեստով մեր երկու թոշակառու պահակներով: Ներկայումս փորձում ենք այդ հարցերը բարձրացնել:
– Իսկ դրամաշնորհային ծրագրերից օգտվո՞ւմ եք:
– Այդ հնարավորություններն էլ ենք փորձում: Այժմ Բեռլինի բուսաբանական այգու հետ դրամաշնորհային ծրագիր ունենք, նրանք մեզ օգնեցին և գիտարշավային մեքենա տրամադրեցին: Այդ ամենն արվում է, բայց այդ օգնությամբ հարց լուծել չի լինի: Պետք է լիարժեք ֆինանսավորում ունենաս, ու նաև օգնություն` կողքից: Սակայն, եթե հիմնականում օգնության վրա հույս դնես, ապա մուրացկանի նման մի բան կդառնաս, իսկ դա հարցի լուծում չէ:
– Հայաստանում գիտության վիճակն ինչպե՞ս եք գնահատում:
– Առայժմ դիմանում ենք, քանի որ այն հին գիտնականները, հին գիտական օջախներն ու դպրոցները դեռ գործում են: Սական, եթե այսպես ևս մի քանի տարի շարունակվի, արդեն գործող անձինք կսկսեն պակասել, և նրանց փոխարինման գործընթացը վտանգված կդառնա: Այս պահին դեռ մասնակիորեն կան փոխարինողներ, բայց մի քանի տարի հետո խնդիրներ կունենանք, քանի որ մեծերը տարեցտարի պակասում են, նվիրվածությունը, էնտուզիազմը պակասում է, այնպես որ…:
Ավագ սերնդին փոխարինողներ չեն առաջանում, որովհետև դեպի գիտության ոլորտ երիտասարդների շրջանում ձգտում, գայթակղություն չկա, իսկ դա կապված է նյութականի հետ: Այստեղ ասպիրանտը կամ նոր ավարտածը 40-50 հազ. դրամ է ստանում, իսկ դրանով դու նրան չես կարող համոզել գիտությամբ զբաղվել: Այն դեպքում, երբ նրանք տեսնում են, որ իրենց շրջապատում շատ ավելի հրապուրիչ ոլորտներ կան:
Վերջին տարիներին փորձել եմ ավելացնել մեզ մոտ երիտասարդների քանակը: Այսօր ունենք մոտ 15 երիտասարդներ, սակայն նրանք դեռևս լիարժեք փոխարինողներ չեն, դա է խնդիրը: Նրանք պետք է դեռևս ճանապարհ անցնեն ու գիտական մկրտություն ունենան:
– Ձեր ինստիտուտի ձեռքբերումը, նվաճումը ո՞րն եք համարում:
– Նախորդ տարի «Հայաստանի ֆլորա» 11 հատորանոց գրքի 11-րդ ավարտուն հատորը լույս տեսավ: Այն ամփոփեց Հայաստանի ֆլորայի բազմազանությունը: Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակը ստեղծվեց, իմ հեղինակած «Ծառաբույսերի ներմուծման գիտական հիմունքները Հայաստանում» գիրքը լույս տեսավ, և այլն: Մեր նվաճումներն ու կարևորագույն ձեռքբերումները մենք հիմնականում արտահայտում ենք հրատարակչական գործունեությամբ։
– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
– Փորձում ենք նոր ծրագրային համագործակցությամբ կապերը զարգացնել, ընթացքի մեջ են եվրոպական առաջատար գիտակրթական հաստատությունների հետ մեր համագործակցության հնարավորությունները: Բացի այդ, այս տարի գարնանը ցանկանում ենք մեր Բուսաբանական այգու թանգարանը ստեղծել:
«168 ԺԱՄ»