«Խաղաղության խաչմերուկ», «Գլոբալ դարպասներ», «ԹՐԻՓՓ». Ի՞նչ է քննարկվել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության նիստում

ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը վերահաստատել է երկու կողմերի գործընկերության ռազմավարական ձգտումները ու համատեղ հանձնառությունը՝ արտաքին անվտանգային և պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության և մոտարկման առաջմղման հարցում. նշված է Երևանում ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության փետրվարի 3-ի նիստի արդյունքներով տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։

Նիստում ընդգծվել է նաև քաղաքական և անվտանգային հարցերում շարունակական, կառուցվածքային փոխանակումների կարևորությունը՝ որպես ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևոր հիմնասյուն: Կողմերը ողջունել են երկկողմ հարաբերություններում առկա նշանակալի պահը՝ ի հաջորդումն 2025թ. դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ -ՀՀ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի հաջողության և ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունման, ինչը հավակնոտ քաղաքական ուղենիշ է սահմանում քաղաքական, անվտանգային և այլ ոլորտներում համագործակցության խորացման համար։ Կողմերն ընդգծել են 2026-ի մայիսին Երևանում նախատեսված ԵՄ-ՀՀ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Ռազմավարական օրակարգի անվտանգային և պաշտպանական ուղղությունների իրականացման վերաբերյալ: Այս համատեքստում նրանք արձանագրել են ԵՄ ճգնաժամային առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու հանգամանքը։ Կողմերն արձանագրել են նաև Հայաստանի դիմակայունության ու անվտանգության հարցում ԵՄ արժեքավոր ներդրումը, ինչպես, օրինակ՝ Եվրոպական միության առաքելության ներկայությունը Հայաստանում և Եվրոպական քաղաքական գործիքի շրջանակներում աջակցությունը, որը 2024թ. ի վեր կազմում է 30 միլիոն եվրո:

Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հիբրիդային, կիբեր և տեղեկատվական տիրույթին առնչվող սպառնալիքներին։ Հայաստանը և Եվրոպական միությունը համաձայնել են շարունակել համագործակցությունն այս ոլորտում Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ուղղված վնասարար միջամտություններին հակազդելու նպատակով:Կողմերը քննարկել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային կապակցվածության խթանման հարցում կողմերի համատեղ հանձնառությունը։

ԵՄ իր հաստատակամ աջակցությունն է հայտնել այս երկու գործընթացներին՝ տարածաշրջանում բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հարգմամբ։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես միջտարածաշրջանային և անդրտարածաշրջանային կապերի ընդլայնմանն ուղղված կարևոր շրջանակի, որը համապատասխանում է նաև ԵՄ «Գլոբալ դարպասներ» օրակարգին։ Կողմերը քննարկել են «ԹՐԻՓՓ ուղու» գործարկման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած զարգացումները:

ԵՄ ողջունել է Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության շրջանակներում արտահայտված դիրքորոշումներին միանալու աճող ցուցանիշն ու միջազգային անվտանգության հարցերում մշտական ներգրավվածությունը և կխրախուսի այդ մոտարկման ցուցանիշի հետագա աճը:Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը՝ որպես գործըներության առանցքային տարրերի։ ԵՄ-ն վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։

ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա 2027թ. Բրյուսելում:Նիստը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ/քաղաքական տնօրեն Օլոֆ Սկուգը:

Տեսանյութեր

Լրահոս