Նիդեռլանդների թագուհին կծառայի երկրի զինված ուժերում
Նիդեռլանդների թագուհի Մաքսիման կծառայի որպես պահեստազորային երկրի զինված ուժերում։ Այս մասին հաղորդում է RTL Nieuws հեռուստաալիքը։
«Թագուհի Մաքսիման Պաշտպանության նախարարությանը կմիանա որպես կես դրույքով զինվոր. նա կդառնա պահեստազորային։ Նա կմիանա բանակին և իր ուսումնական ծրագիրը կսկսի այս շաբաթվա վերջում», – նշում է լրատվամիջոցը։
Թագուհին կանցնի կարճատև ռազմական պատրաստության ծրագիր՝ տեսական և գործնական բնույթի։
Հեռարձակողը նաև նշում է, որ պահեստազորայինները կարող են կանչվել գործող զինծառայողների հետ միասին առաջադրանքներ կատարելու, այդ թվում՝ աղետների դեպքում օգնություն ցուցաբերելու, իսկ խոշոր հակամարտության դեպքում՝ «ժամանակավորապես փոխարինելու պրոֆեսիոնալ զինվորական անձնակազմին»։
Պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ թագուհու որոշումը հիմնականում «խորհրդանշական» է և ակնկալում է խթանել զորակոչվել ցանկացողների թիվը։
Նախարարությունը նաև նշել է, որ արքայադուստր Ամալյայի՝ Պաշտպանության քոլեջի ուսանողուհի դառնալուց հետո դիմումների թիվը աննախադեպ աճ է գրանցել։
RTL-ի տվյալներով՝ բանակին միանալու որոշումից կարճ ժամանակ առաջ թագուհին մասնակցել է իր դստերը՝ արքայադուստր Ամալյային կապրալի կոչում շնորհելու արարողությանը։



