Վրաստանում բջջային հեռախոսների և պլանշետների օգտագործումը կարգելվի նաև մասնավոր դպրոցներում
Հաղորդակցության միջոցների, այդ թվում՝ բջջային հեռախոսների և պլանշետների օգտագործումը, հանրային դպրոցների նման, կարգելվի նաև մասնավոր դպրոցներում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մասնավոր դպրոցներում հաղորդակցության միջոցների արգելման վերաբերյալ նախաձեռնությունը կրթության հանձնաժողովում բարձրաձայնել է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Ռիմա Բերաձեն, ինչին ի պատասխան նախարարի տեղակալները նշել են, որ սահմանափակումը կտարածվի նաև մասնավոր դպրոցների վրա։
«Այո՛, իհարկե, մասնավոր դպրոցների սեգմենտում նույնպես պետք է լինի։ Մենք խոսում ենք հաղորդակցության միջոցների մասին։ Այստեղ խոսքը միայն բջջային հեռախոսի մասին չէ։ Այստեղ կարող են լինել պլանշետներ, ժամացույցներ և այլն»,- նշել է կրթության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլին։
Խորհրդարանն արագացված կարգով քննարկում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները։ Նախագծի շրջանակներում նորույթներից մեկն այն է, որ Կրթության նախարարությունը կհաստատի դպրոցներում էլեկտրոնային հաղորդակցության միջոցների, այդ թվում՝ բջջային հեռախոսների օգտագործման ընդհանուր պայմաններն ու կարգը։
Այս նույն նախագծի ընդունման արդյունքում Վրաստանում լրիվ ընդհանուր կրթությունը կդառնա ոչ պակաս, քան 11 տարի և ոչ ավելի, քան 12 տարի։ Հանրակրթության տարրական աստիճանում ուսումը սկսելու տարիքը կլինի 6-ը, որը պետք է լրանա մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։ Հանրակրթության տարրական աստիճանում դպրոցական համազգեստ կրելը կդառնա պարտադիր։ Ըստ նախագծի՝ աշակերտի նկատմամբ իրականացված բռնության պատճառով աշխատանքային պայմանագրի դադարեցման դեպքում ուսուցչին, նաև հանրակրթական հաստատության այլ աշխատակցի, 3 տարի ժամկետով կարգելվի հանրակրթական հաստատությունում աշխատել։
Օրենսդրական նախաձեռնությանը խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը կողմ է քվեարկել։



