Միայն վախով կա հային փրկություն

Ամերիկյան փաստաթուղթ, ռուսական հիբրիդ, Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ եվրոպական հիացմունք, ադրբեջանական բենզին, ղազախաադրբեջանական անասնակեր-ցորեն… Սրանք այն նախընտրական խայծերն են, որոնք առաջիկայում ավելի ակտիվորեն են ներկայացվելու հանրությանը: Դրանցից ոչ մեկը, սակայն, բովանդակությամբ հայկական չէ, որքան էլ փաթեթավորվի «հայկական շահով»:

Ընդունված է մտածել, որ սրա պատճառն իշխանությունների կողմից հայկական շահեր չհետապնդելն է: Առաջին հայացքից դա այդպես է, բայց խորքում պատճառն այն է, որ լայն իմաստով՝ Հայաստանում այլևս գրեթե ոչինչ հայկական չի մնացել:

Վերջին տասնամյակների ամենահայկական երևույթն Արցախն էր, որի հիման վրա ստեղծվեց ու կայացավ հայկական երրորդ հանրապետությունը: Արցախն այլևս չկա, չկա նաև դրանով պայմանավորված հայկականությունը: Կարող է սատանայական հնչել, բայց հիմա հայկական չէ անգամ Հայաստանը: Ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կազմում է ճանաչել նաև Հայաստանը: Ոչ ֆիզիկապես ու քարտեզագրորեն, դեռևս, այլ քաղաքական ու ռազմավարական բովանդակության իմաստով:

«Արևմտյան Ադրբեջան» անհեթեթությունն իրականում «Ադրբեջանական Հայաստան» նախագծի կոդավորված անվանումն է: Հայաստանի իշխանությունը՝ մեղմորեն հակադրվելով «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին, ջանասիրաբար զբաղված է «Ադրբեջանական Հայաստանի»  կառուցմամբ: Հայկական միակ սուբստանցիան, որ դեռևս մնացել է, հիշողությունն է, նույնիսկ ոչ թե՝ փաստագրված պատմությունը, այլ էմոցիոնալ հիշողությունը, որի վկայություններն Արցախում պղծվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, դրա և առհասարակ՝ ազգայինի մասին խոսողները բանտարկվում են Հայաստանի իշխանությունների ձեռամբ:

Կարդացեք նաև

Ոչ հայկական այս ամենայնից բաղկացած հայաստանյան իրականությունը վախենալու իրականություն է, որի դեմ պայքարն իշխանությունը ներկայացնում է որպես պատերազմի սպառնալիք՝ վախը դարձնելով հանրությանը կառավարելու միջոց: Բայց այդ վախը ոչինչ է այն վախի համեմատ, որը մենք հավաքականորեն պետք է ապրենք, բայց չենք ապրում մեր իսկ կողմից այս իրականությունը հանդուրժելու առիթով: Իսկ դա չափազանց վախենալու հանդուրժողականություն է, ինքնակործանման տանող հանդուրժողականություն, որից չի կարող փրկել ոչ ամերիկյան փաստաթուղթը, ոչ եվրոպական հիացմունք-հրճվանքը, ոչ էլ առավել ևս՝ էժան ադրբեջանական բենզինը:

Այս վիճակից ելքը՝ որպես առաջին քայլ, գիտակցված վախի ապրումն է, վախ՝ ոչ թե ադրբեջանական բենզինից կամ ամերիկառուսական հիբրիդից, այլ ինքներս մեզանից, ինքներս մեր՝ դեռևս չգիտակցվող հարմարվողականությունից ու հանդուրժողականությունից, որը, ի հեճուկս պատրանքների, երկար չի տևելու: Միայն գիտակցված վախով ու դրանից ծնվելիք մերժմամբ կարելի է պայքարել ամեն օր սերմանվող բնազդային վախի ու դրանից խուսափելու համար ամեն ինչի պատրաստ հանրություն կերտելու քաղաքականության դեմ, որն ընտրություններին ընդառաջ՝ մատուցվելու է ամերիկյան փաստաթղթի, ռուսական հիբրիդի, ադրբեջանական բենզինի ու եվրոպական  ծափահարությունների տեսարաններով:    

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս