«Բազմիցս ասել եմ, որ «ուռճացված ցուցակ» եզրույթն առհասարակ ընկալելի չէ». Տիգրան Մուկուչյան
Այսօր խորհրդարանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում իր ղեկավարած մարմնի 2020-2021 թվականների գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելուց հետո լրագրողների հարցերին պատասխասխանելիս անդրադարձավ նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատարանի կայացրած որոշման այն հատվածին, ըստ որի՝ նա 5 տարով չի կարող զբաղեցնել պետական պաշտոն։
Մուկուչյանը նկատեց, որ ԿԸՀ-ն այն մարմինը չէ, որը գնահատական պետք է տա որևէ դատական ակտի, առավել ևս՝ դատարանի ձևավորած դիրքորոշմանը։
«Կա դատական ակտ, այն ունի բողոքարկման ընթացակարգեր, և դրա վերաբերյալ, որպես իրավաբան, կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել դատական ակտի վերաբերյալ, առավել ևս՝ որպես ԿԸՀ նախագահ, այդ հարցերը հանձնաժողովի գործառույթների տիրույթում չեն»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։
Հարցին, եթե դատական ակտն ուժի մեջ չի մտել, Առուշ Առուշանյանն այս պահին կարո՞ղ է կատարել իր լիազորությունները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դատական ակտին ամբողջական ծանոթ չէ, տեղյակ չէ ակտի հիմնավորումներին։
«Դուք ինձնանից տեսակետ եք հարցնում փաստաթղթի վերաբերյալ, որին ծանոթ չեմ, և իմ տեսակետի ներկայացումը ԿԸՀ գործառույթների առարկան չէ»,- հավելեց Տ. Մուկուչյանը։
Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, ԿԸՀ նախագահը պարզաբանեց խնդիրը՝ համամասնական ընտրակարգով ընտրություններ են, ընտրվում են յուրաքանչյուր շեմը հաղթահարած կուսակցությունից՝ իրենց ձայներին համամասնորեն մանդատներ ունեցողներ, դրանից հետո արդեն աշխատում է բոլորովին այլ մարմին՝ ավագանին։
«Հիմա ավագանիում ինչպես կքվեարկեն կողմերը, դա մեր գործառույթը չէ, ավագանին ունի իր գործառույթների տիրույթը, դրա շրջանակներում իրականացնում է իր աշխատանքը։ Իսկ ներսում ով ում հետ կոալիցիա կկազմի, ով որ հարցին ինչպես կպատասխանի, դա բացառապես իրենց գործառույթներն են»,- շեշտեց ԿԸՀ նախագահը։
Նա նաև տեղեկացրեց, որ մարտի 27-ին Վեդիում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ թեկնածուներից խախտումների վերաբերյալ ահազանգ, դիմումներ չեն ստացել։ Որոշ լրատվամիջոցներում եղել են ահազանգ պարունակող հրապարակումներ, իսկ ցանկացած նման հրապարակման պարագայում անմիջապես արձագանքել են և տվել պարզաբանում: Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա Տիգրան Մուկուչյանը վճռական տոնով պարզաբանեց.
«Ես բազմիցս ասել եմ, որ «ուռճացված ցուցակ» եզրույթն առհասարակ ընկալելի չէ, ուռճացնել՝ նշանակում է, որ ինչ-որ բան պետք է լիներ որոշակի ծավալի, անօրինական միջամտության արդյունքում դրանք ընդլայնվել են, մեծացրել են իրենց ծավալները։ Խնդիրը բնավ ուռճացմանը չի վերաբերում, այլ ցուցակներ կազմելու մեթոդաբանությանը»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։