Ի՞նչ կարող էր անել Քրիստիննե Գրիգորյանն ուղիղ Պապիկյանի և Փաշինյանի հսկողության տակ գտնվող հարցի վերաբերյալ

Մարտի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ իրենց բողոքն արտահայտելով համայնքների խոշորացման և Սևան համայնքի կազմում ընդգրկվելու դեմ:

Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։ Ճանապարհը փակած երկու համայնքների բնակիչները պահանջում էին Տարածքային կառավարման և զարգացման (ՏԿԶ) նախարար Գնել Սանոսյանին ու Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանին:

168.am-ի հետ զրույցում երկու գերատեսչությունների ներկայացուցիչներն էլ ասել էին՝ տեղյակ են խնդրից, ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ: Նաև նշել էին՝ տեղում չեն լինելու, ճանապարհը փակած ՀՀ քաղաքացիների հետ չեն հանդիպելու:

Ավելի ուշ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում են ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։

«Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը»,- ասել էին Պաշտպանի գրասենյակից։

Իսկ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով խնդրին, ՏԿԶ նախարար Գնել Սանոսյանը Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին խնդրել էր ճանապարհը բացել ու գնալ իրենց աշխատանքին։

Տեղի է ունեցել խոշորացման գործընթաց, միավորման տարբեր փնջեր են քննարկվել, և բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱԺ-ի գործընկերների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն մտքին, որ գնում ենք ավելի խոշոր միավորումների, այն է՝ գրեթե սովետական շրջանները ստեղծելու տարբերակը, դրա համար փոխվել է իրենց տարբերակը, և միավորվել են Սևան համայնքի հետ, բայց այդպես եղել է ամբողջ հանրապետությունում, որևէ առանձնահատուկ դրսևորում չկա, ինչ ուղղությամբ վարվել ենք այլ տեղերում, այնպես էլ վարվել ենք Ծովագյուղում, այդ տարբերությունը դրանից է, որ հետո որոշում կայացվեց ավելի խոշոր միավորումներ ստեղծել։ Նորից եմ խնդրում՝ իրենք ճանապարհը բացեն և գնան իրենց աշխատանքներին․․․,- ասել էր Սանոսյանը ապա հավելել՝ Կառավարությունը կարծում է, որ այդ տարբերակը փոխելու կարիք ու անհրաժեշտություն չկա, ելնելով նաև նրանից, որ այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ այս խոշոր միավորներն արդեն իսկ իրենց արդարացնում են, նաև այդ խոշոր միավորներից եկող սուբվենցիոն հայտերն են դա ցույց տալիս։ Ինչ վերաբերում է Ծովագյուղի մեր հայրենակիցների այն մտահոգությանը, որ իրենց գումարները կարող են ծախսվել Սևանում, ոչ իրենց մոտ՝ արդարացված մտահոգություն չի, որովհետև ես կարող եմ պատասխանատու կերպով ասել, որ այն բոլոր գումարները, որ վերջին տարիներին ծախսվել են Ծովագյուղում, հիմա նորից կծախսվեն, բայց ավելի շատ, որովհետև իրենց խոշորացման արդյունքներում իրենց հնարավորություններն ավելացել են․․․»։

Բնակիչները ճանապարհը փակած էին պահել մինչև գիշերվա 04:30-ը, ապա բացել էին:

Մարտի 24-ին 168.am-ի հետ զրույցում ծովագյուղցիներից մեկը նշել էր՝ ճանապարհն արդեն բացել են, բայց ոչ թե պաշտոնյաների խնդրանքով կամ հորդորով, այլ ճանապարհը փակելու պատճառով կուտակված հարյուրավոր մեքենաներում գտնվող մարդկանց համար։ Ինչ վերաբերում է իրենց գործողություններին, մեր զրուցակիցը փոխանցել էր իրենց պայմանը, որ Կառավարությանը 2 օր ժամանակ են տվել, որպեսզի իրենց խնդրին լուծում տան: Ակնհայտ է, որ խնդիրը հօգուտ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների չի լուծվելու: Այսօր լրանում է երկու համայնքների բնակիչների տված վերջնաժամկետը, և ավելի ուշ կհամոզվենք դրանում:

Բնակիչները ցանկանում են կառավարության որոշման փոփոխություն, կառավարությունից էլ հստակ ասել են՝ որոշման փոփոխություն չի լինելու: Այստեղ կառավարությունն անկեղծ է: Համայնքների խոշորացումը քաղաքական որոշման արդյունք է, արվել է հստակ նպատակադրումներով, առավելապես՝ ընտրությունների ժամանակ վերահսկելի համայնքներ ունենալու միտումով: Եվ պարզ էր, որ ՄԻՊ-ը ոչինչ չէր կարողանալու անել անգամ մեծագույն ցանկության դեպքում, ու այս դեպքում ՄԻՊ հայտարարությունը սոսկ պոպուլիստական հայտարարություն էր՝ հանրային ուշադրությունը շեղելու համար:

Պարզ ասած՝ քանի որ մի բան պիտի ասեին, ասել էին:

Համայնքների խոշորացման գործընթացը գտնվում է ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի և ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերահսկողության ներքո, և որևէ մեկը Քրիստիննե Գրիգորյանին թույլ էլ չէր տալու անգամ այդ հարցով հետաքրքրվել, ուր մնաց թե՝ զբաղվել:

Այդ իսկ պատճառով էլ ոչ Գնել Սանոսյանը, ոչ էլ, առավել ևս, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը չէին գնալու ճանապարհը փակած բնակիչների հետ հանդիպման: Ուրեմն ինչո՞ւ էր պետք հանդես գալ պոպուլիստական հայտարարությամբ: Պատասխանը, կարծում ենք, պարզ է:

ՄԻՊ-ը, հասկանալի է, ընկալված լինելու խնդիր ունի, բայց դատարկ հայտարարություններով ընդունելի չեն դառնում:

Տեսանյութեր

Լրահոս