Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին. ՈՒՂԻՂ
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ իրենց բողոքն արտահայտելով համայնքների խոշորացման և Սևան համայնքի կազմում ընդգրկվելու դեմ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։
Դեռ տարեսկզբին Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ասել էր, թե Կառավարությունից հայտնել են, որ տարբերակ են փնտրում, որպեսզի կարողանան օրենքի սահմաններում հարցին լուծում տալ, և, որ այդ քննարկումներին ակտիվ մասնակցություն ունի Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ Տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նույն օրը 168.am-ը կապ էր հաստատել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մամուլի խոսնակի հետ։ Հարցին՝ արդյոք նման քննարկումներ ընթանո՞ւմ են, նա պատասխանել էր․
«Ես խոսեցի նախարարի հետ, որևէ այլընտրանքային լուծում իրենց համար չի քննարկվում։ Վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Ծովագյուղը և Սեմյոնովկան համարվում են խոշորացված համայնք, ներառված են Սևան խոշորացված համայնքում, և որևէ այլընտրանքային լուծում, տարբերակ չի քննարկվում»։