«Պայքարում ենք մեր համայնքների վաղվա լավ օրվա համար»․ Վեդի համայնքի ղեկավարի թեկնածու

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Ընտրապայքարի են դուրս եկել 2 ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Թեև քարոզարշավը մարտի 2-ից է մեկնարկել, սակայն ընտրություններին մասնակցող 2 ուժերն էլ համայնքի բնակավայրեր այցելությունները սկսել են վերջին օրերին։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Թարթիկյանը և ավագանու անդամները երեկ իրենց նախընտրական հանդիպումն անցկացրեցին Վանաշեն և Գոռավան համայնքներում:

Սպարտակ Թարթիկյանը բնակիչների հետ զրույցի ընթացքում լսեց նրանց բարձրացրած հարցերը, պարզեց, թե բնակիչներին հուզող հատկապես ինչ խնդիրներ կան, ապա վստահեցրեց, որ կուսակցության հաղթանակից հետո ոչ մի խնդիր առանց լուծման չի մնալու:

«Մենք պայքարում ենք մեր համայնքների վաղվա լավ օրվա համար, մեր բնակչության բարօրության համար, մեր համայնքների զարգացման ու հզորացման համար։ Մեր պայքարն արդար է, մեր պայքարն ազնիվ է։ Հույս ունեմ, որ մարտի 27-ին մեր ժողովուրդն իմաստությամբ իրար կողք կանգնելով կգա և իր վստահության քվեն կտա համայնքի ղեկավարի այն թեկնածուին, ով իրենց հոգսերով ու խնդիրներով կապրի, ով կկանգնի իրենց կողքին ու համայնքի խնդիրներին լուծում կտա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Թարթիկյանը։

Թե Վանաշենում, թե Գոռավանում «Իմ հզոր համայնք» կուսակցության քարոզարշավին ներկա բնակիչները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ միանշանակ իրենց վստահության քվեն տալու են Սպարտակ Թարթիկյանին և նրա թիմին, քանի որ որպես համայնքապետ՝ տեսել են նրա կատարած աշխատանքը։

«Մեր կողքի գյուղի ղեկավարն է եղել, միշտ տեսել ենք, լսել ենք։ Ընտրում ենք լավ մարդ, աշխատող, ստեղծող մարդ, որ կարողանա մի աջակցություն անի գյուղացիների համար։ Ներկա պահին գյուղի մեծ մասն ընտրում է Սպարտակ Թարթիկյանին, ցանկանում են, որ ինքը լինի համայնքի ղեկավար»,- ասաց վանաշենցի մի տղամարդ։

Երիտասարդ մի կին էլ ասաց, որ արդեն 6 տարի ապրում է Վանաշենում, բազմաթիվ խնդիրներ կան գյուղում, և դրանց լուծումը հնարավոր են համարում Սպարտակ Թարթիկյանի ընտրության դեպքում․

«Մարտի 27-ին գնալու ենք և մեր ձայնը տալու ենք «Իմ հզոր համայնք» կուսակցությանը։

Սպարտակ Թարթիկյանն ու նրա թիմակիցների հաջորդ կանգառը Գոռավանում էր, որտեղ գյուղացիները նրանց ծափերով և «Թարթիկյան» վանկարկումներով դիմավորեցին։

Այս համայնքը նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ 58%-ից ավելի ձայն էր տվել «Իմ հզոր համայնք» կուսակցությանը։ Սպարտակ Թարթիկյանը խոստացավ, որ ընտրվելու դեպքում առաջնային լուծում է տրվելու խմելու ջրագծերի հարցին, ամբողջ համակարգը կփոխարինվի նորով, ինչպես նաև ընտրվելու պարագայում ամբողջ գյուղի գազիֆիկացումն ավարտին կհասցնեն։

«Մարտի 27-ի ընտրություններին բոլորս մասնակցելու ենք»,- վստահեցնում էին քարոզարշավին ներկա գյուղի բնակիչները.

«Ընտրությունները շատ լավ է անցնելու, Սպարտակ Թարթիկյանն էլ ընտրվելու է․․․»։

Դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վեդիի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը նախորդ ՏԻՄ ընտրություններից առաջ՝ քարոզարշավին, հայտարարել էր, թե վերադառնում է մարզ, որպեսզի իր կիսատ թողած գործը՝ հեղափոխությունը, ավարտին հասցնի, գոռավանցի կանանցից մեկը հակադարձեց․

«Երևի ինքն ուրի՞շ հեղափոխություն ունի շարունակելու, չգիտենք, բայց մենք դեռ ոչ մի բան չենք նկատել․․․»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։

Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել՝ առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամներն ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին։

2022 թվականի հունվարի 10-ին ԿԸՀ-ն Արարատի մարզի Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունների անցկացման օր նշանակեց 2022 թվականի մարտի 27-ը։

Նշենք նաև, որ 2022 թվականի հունվարի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս