Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան մարտի 27-ին
168.am-ն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կենտրանական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ էր անցկացրել, որի օրակարգի 1-ին հարցը Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների օրը նշանակելն էր։
Հանձնաժողովի նիստի ավարտից հետո ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչ որոշում են կայացրել, և երբ է լինելու Վեդի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների օրը․
«ԿԸՀ-ն անցած տարի դեկտեմբերին սահմանեց 2022 թվականի հերթական ընտրությունների անցկացման օրերը, և դեկտեմբերին ԿԸՀ-ն սահմանել էր ՏԻՄ մարմինների քվեարկության օրերը և հիմք ընդունելով արդեն Կառավարության հունվարի 4-ի որոշումը, այսօր Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի կարգավորման համաձայն՝ ԿԸՀ-ն Արարատի մարզի Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունների անցկացման օր նշանակեց 2022 թվականի մարտի 27-ը»։
Նունե Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ օրենքի պահանջով յոթօրյա ժամկետում պետք է հրապարակեն ընտրությունների անցկացման ժամանակացույցը, այդ թվում՝ թեկնածուների գրանցման, քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ: ԿԸՀ անդամը, սակայն, չբացառեց, որ հենց վաղն իրենց կայքում հրապարակվի ժամանակացույցը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։
Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։
Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։
Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին։