Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մեկնաբանելով իրավիճակը Ուկրաինայում, նշել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում օր առաջ զինադադար հաստատելու օգտին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Անկարան հանդես է գալիս սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին»,-,հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և ամեն առիթով ընդգծում է անհապաղ զինադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը, որը կդադարեցնի արյունահեղությունը և կվերականգնի կայունությունն այդ երկրում։
Հուլուսի Աքարը ուշադրություն է հրավիրել Ուկրաինայում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, այդ թվում՝ Մարիուպոլ քաղաքի տարածքում։
«Թուրքական կողմն ակտիվորեն կապի մեջ է ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ Ուկրաինայի լարված հատվածից Թուրքիայի քաղաքացիներին և ողջ խաղաղ բնակչությանը անվտանգ տարհանելու համար։ Թուրքիան շարունակում է ամեն ինչ անել Սեւ ծովի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, ներառյալ՝ օգտագործելով Նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիայի (1936թ.) հնարավորությունները»,- ասել է թուրք նախարարը: