«Սրանք ընդհանուր լուծարում են Հայաստանը, եթե բանակի հետ այսպես են վարվում, նշանակում է՝ լուծարում են ամբողջ երկիրը». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ սովորաբար հանձնաժողովներ ստեղծվում են, որպեսզի քննեն այս կամ այն իրավիճակում եղած բացթողումները, ներկայացնեն օբյեկտիվ պատկերը, և եթե կա հանցագործություն, պետական դավաճանություն՝ վեր հանեն։ Սակայն այս ամենը բնորոշ չէ իշխանության ստեղծած ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու վերաբերյալ։

«Հիմա, երբ իշխող քաղաքական ուժը, ում օրոք քարուքանդ արվեց ամբողջ մեր պետականությունը, սանձազերծեց պատերազմ, բերեց կապիտուլյացիայի, և դրանից հետո շարունակական բոլոր հնարավոր մեթոդներով իրենք իրենց արդարացնում են և հնարավոր բոլոր ամբիոններից իրենց պատասխանատվությունից հարցերը հեռացնում են՝ հանձնաժողովը ի՞նչ պետք է բացահայտի։ Փաստացի այս իշխանությունը փորձում է հանձնաժողովի միջոցով ևս մաքրվել ու խուսափել ամբողջ պատասխանատվությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է այդ հանձնաժողովի աշխատանքներին ԱԺ  ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների չմասնակցելուն, Գևորգ Գևորգյանը կրկնեց այն դիրքորոշումը, որը բարձրաձայնել է նախկինում. այն է, որ արտահերթ ընտրություններին ընդդիմությունը չպետք է մասնակցեր և դրանով չլեգիտիմացներ իշխանազավթների քայլերը։

«Առհասարակ այս իշխանությանը չպետք է հնարավորություն տրվեր, որպեսզի շարունակեին խաբեության ճանապարհով երկիրը տանել կործանման։ Անկախ իմ ընկերական փոխհարաբերություններից, որոնք ունեմ ընդդիմության հետ, մեկ տարի է արդեն, նստած են ԱԺ-ում, ի՞նչ պետք է անեն, եթե պետական առումով նայենք, ի՞նչ մեծ փոփոխություն է տեղի ունեցել։ Պետականության կործանո՞ւմն է կասեցվել, դիվանագիտական նոր հարաբերություննե՞ր են հաստատվել, միջազգային ատյաններում Հայաստանի հեղինակությո՞ւնն է բարձրացել, բանա՞կն է ամրացել, տնտեսությո՞ւնն է լավացել, ի՞նչ է փոխվել՝ ոչինչ»,- հավելեց Գևորգ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է հայոց բանակի՝ անընդհատ խոստացվող  բարեփոխումներին, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում, Գևորգ Գևորգյանը նշեց, որ բանակի բարեփոխումների առնչությամբ իշխանությունը ոչ թե հապաղում է, այլ ակտիվորեն շարունակում է իր քանդման գործընթացը՝ նշանակելով իրենց ուզած շտաբի պետերին, նախարարին։

«Սրանք ընդհանուր լուծարում են Հայաստանի Հանրապետությունը, քանի որ, եթե բանակի հետ այսպես են վարվում ու լուծարում են, նշանակում է՝  լուծարում են ամբողջ երկիրը։ Հայոց բանակի 30-ամյակին Հանրապետության հրապարակում ոչ միայն շքերթ չունեցանք, այլև չեղավ որևէ պետական ուղերձ ու շնորհավորանք, բանակը հայոց պետականության հիմնաքարն է։ Եթե չեղավ շնորհավորանք, ֆեյսբուքյան իշխանությունը նույնիսկ Ֆեյսբուքով չշնորհավորեց, մենք ի՞նչ բարեփոխման մասին ենք խոսում, կամ ի՞նչն ենք մենք այսքան քննարկում, ուղղակի ժամանակ ենք կորցնում մեր հայրենիքի փրկության գործում։

Ես վստահ եմ, որ ժողովուրդը ոտքի կկանգնի, վստահ եմ, ոչ միայն անհատով, այլև գաղափարով։ Վստահ եմ, որ այն անհատը, որն ազնիվ մղումով դուրս կգա պայքարի՝ ոչ թե քաղաքական ինտրիգների համար, այլ հայրենիքի, այն մարդիկ, որոնք սպասում են այդ րոպեին՝ բոլորը ուս-ուսի տված կմիանան պայքարին»,- եզրափակեց Գևորգ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս