Բաժիններ՝

Դավիթ Յանի նոր սննդակարգը. «Այժմ ես ուտում եմ այն, ինչ ցանկանում եմ»

Դավիթ Յանը (David Yang) ABBYY-ի հիմնադիրն է (ABBYY Lingvo համակարգչային բազմալեզու բառարանի ստեղծողը) և տնօրենների խորհրդի նախագահը: Դավիթ Յանը ծնվել է  1968թ.  հունիսի 3-ին՝ Երևանում: Ծնողները ֆիզիկոսներ են և ծանոթացել են Լերմոնտովի անվան մոսկովյան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սովորելու ընթացքում: Նրա հայրը չինացի է, մայրը՝ հայուհի: Դավիթ Յանի  հայրը եղել է Թամկանգ համալսարանի դեկանը և ֆիզիկայի պրոֆեսորը, իսկ մայրը վարել է «Անկախ Չինաստան» ռադիոյի հաղորդումներից մեկը: Այժմ նրա ծնողները ապրում են Մոսկվայում: «Հայրս 70 տարեկան է, բայց տանը չի նստում. դասավանդում է չինարեն, ճանապարհորդում է, և զբաղվում է Չինաստանում մեր բիզնեսի ընդլայնման հարցերով, իսկ մայրս հանգստանում է»,- ասում է Դավիթ Յանը:

Դավիթ Յանն այսօր Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարարներից է: ABBYY-ը թեև նախընտրում է չհրապարակել շրջանառության չափը, սակայն փորձագետների գնահատմամբ` այն գերազանցում է տարեկան 100 միլիոն դոլարը։ Դավիթ Յանը 2001թ. ճանաչվել է ռուսական շուկայի IT ոլորտի 25 լավագույն թոփ մենեջերներից մեկը։ Իսկ 1993թ. մինչ օրս համարվում է ՌԴ համակարգչային շուկայի 100 ամենաազդեցիկ անձանցից մեկը (տես՝ այստեղ):

Դավիթ Յանը տարբեր հոբբիներ ունի, ինչպես, օրինակ՝ լուսանկարչությունը, ժամանակակից դիզայնը և ճարտարապետությունը: Դավիթը և նրա եղբայրը՝ Արթուրը, Մոսկվայի ArteFAQ, SQUAT Café և «Գրիմ քույրեր» ռեստորանների սեփականատերերն են: Դավիթն այսօր ակտիվորեն մասնակցում է երեխաների ստեղծագործաան և կրթական ծրագերին: Նրա միջոցներով  վերանորոգվել է Երևանի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը, որտեղ նա ժամանակին սովորել է:

Դավիթ Յանը վերջերս գիրք է հեղինակել՝ «Այժմ ես ուտում եմ այն, ինչ ցանկանում եմ»: Նրա առաջարկած սննդակարգը հիմնված է 4 հիմնական մթերքների` աղի, շաքարի, «վտանգավոր ճարպերի» և  հացահատիկային սննդամթերքների բացառման վրա, ինչպես նաև կազմված է կանոնակարգված մենյուից, որի մեջ ընդգրկված են բանջարեղենը և մեծ քանակությամբ ջրի օգտագործումը: Յանը խոստովանում է, որ իր այս գրքով «Ամերիկա չի բացահայտում», պարզապես կիսվում է սեփական փորձով: Իսկ նրանց, ովքեր ցանկանում են նոր սննդակարգի անցնել և քաշ կորցնել, Դավիթը  խորհուրդ է տալիս դիմել համապատասխան բժիշկներին:

Դավիթը նշում է, որ տարիներ շարունակ եղել է «վնասակար սննդի» մոլի երկրպագուներից մեկը, մասնավորապես` սիրում էր «Պրագա» տորթը, կարկանդակներ, բեզե և նման այլ քաղցրեղեններ: 15 տարեկանից նա այլևս նշված քաղցրեղենից չի օգտագործում` բացառությամբ դառը շոկոլադի: Բացի այդ, գիրքը նաև առողջ սնվելու համար բազմաթիվ հետաքրքիր բաղադրատոմսեր է առաջարկում:

Davit-Yang-girk

 

 

 

 

 

 

 

Իսկ թե ինչո՞ւ մենք չենք պատկերացնում մեր կյանքն առանց աղի, շաքարի, «վտանգավոր ճարպերի» և  հացահատիկային սննդամթերքի, բացատրվում է այն փաստով, որ դեռ մանկուց խիստ կախվածություն ենք ձեռք բերել նշված սննդային բաղադրիչների նկատմամբ: Դավիթն այդ 4 հիմնական բաղադրիչներն անվանում է «թմրադեղեր»: Ստորև ծանոթանանք դրանց համառոտ քայքայիչ ազդեցությանը:

  • Աղը համարվում է սննդի մեջ համի ուժեղացուցիչ, որի հետևանքով չափից շատ ենք ուտում: Ապացուցված է, որ մարդիկ միջին հաշվարկով ավելի շատ աղի սնունդ են օգտագործում, քան անալի: Աղը միանշանակ անհրաժեշտ է մարդու օրգանիզմի համար, բայց մեզ համար բավական է միայն բնական սննդամթերքների մեջ պարունակվող աղի յուրացումը օրգանիզմի կողմից: Աղի չարաշահման արդյունքն է ինսուլտը, արթրիտը, սկլերոզը, երիկամային քարերը, կատարակտը  և մի շարք այլ հիվանդություններ:
  • Գերհագեցած ճարպերը (կենդանական ծագման ճարպեր` բացի ձկան ճարպից և խեցեմորթից) ցանկացած քանակությամբ վտանգավոր են մեր օրգանիզմի համար: Իսկ բուսական ծագման ճարպերը պետք է օգտագործել օրական 30 գրամից ոչ ավելի: Գերհագեցած ճարպերը կուտակվում են այնտեղ, որտեղ առաջացնում են ճարպակալում և հիվանդություններ: Իսկ այդ հիվանդություններից են հաստ աղիի քաղցկեղը, աթերոսկլերոզը, հիպերտոնիան և օնկոլոգիական հիվանդությունները:
  • Տարբեր տեսակի ածխաջրատները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին, արդեն իսկ պարունակվում են բազմաթիվ սննդամթերքներում: Շաքարի չափաբաժինը չպետք է գերազանցի 50 գրամը,  հակառակ դեպքում մեծ վնաս ենք հասցնում մեր առողջությանը: Այն նպաստում է չափից շատ ուտելուն, արագ վերափոխվում է ներմաշկային ճարպի և առաջացնում է սովի զգացողություն: Շաքարի չարաշահումը առաջացնում է հաստ աղիի քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ:
  • Հացահատիկային սննդամթերքները պարունակում են վտանգավոր հագեցած ճարպեր: 1կգ հացահատիկային սննդամթերքի մեջ կա շուրջ 10-14 գրամ աղ: Դավիթ Յանը խորհուրդ է տալիս տնային պայմաններում առանց դրոժի և առանց աղի հաց թխել: Դա և՛ հեշտ է, և՛ օգտակար:

Դավիթ Յանի սնվելու այս համակարգը, որին ինքը հետևում է,  բաղկացած է  2 փուլից`«ակտիվ փուլ» և «երջանիկ փուլ»:

Ակտիվ փուլը տևում է 1-3 ամիս: Այդ ընթացքում մարդն ազատվում  է 4 հիմնական «թմրադեղերի» կախվածությունից, սովորում է օրվա ընթացքում խմել 1.5-2լ ջուր, սնունդը պատրաստում է առանց կարագի և կորցնում 3-10 կգ քաշ: Իսկ երջանիկ փուլի նպատակն է՝ ապրել երջանիկ, ուտել այն, ինչ ցանկանում ես, ունենալ գեղեցիկ, առաձգական մարմին, չհիվանդանալ, աշխատել, հանգստանալ, ճանապարհորդել, ակտիվ կյանքով ապրել:

Բնականաբար, շատ-շատերը տարբեր պատճառաբանություններով կհրաժարվեն նման սննդակարգից: Սոկրատեսի իմաստուն խոսքերը տվյալ դեպքում շատ տեղին են. «Ով ցանկանում է՝ նա փնտրում է միջոց, իսկ ով չի ցանկանում` փնտրում է պատճառ»:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս