
«Սրբազանի մեղքն այն է, որ ինքը հրաժարվել է ծնկի գալ Հայաստանի ադրբեջանացման ծրագրի առջև». Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Միքայել սրբազանի մեղքն այն է, որ պաշտպանել է Արցախի ու Հայաստանի, հայ ժողովրդի շահը և հրաժարվել է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց դրածոների շահերը։
«Մարդը չի լռում, հայրենասիրության կոչ է անում, չի հաշտվում կապիտուլյացիայի հետ և հանրությանը հարության կոչ է անում, այլ ոչ թե ծնկի գալու և մեռնելու։
Այս և մյուս գործերը քաղաքական հետապնդման դասական օրինակ են, բայց այս գործը տարբերվում է նաև նրանով, որ սա ուղիղ հալածանք է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Մենք շատ լավ գիտենք, որ այսօրվա կառավարիչները դեռևս տարիներ առաջ նախաձեռնել, իսկ հիմա շատ ակտիվ փորձում են պառակտել եկեղեցին, փորձում են հարձակում կատարել մեր եկեղեցու վրա։ Սրբազանների և կոնկրետ Միքայել սրբազանի դեմ այս գործը ես դիտարկում եմ այդ կոնտեքստում։ Սա ոչ միայն անհատապես կարելի է դիտարկել Միքայել սրբազանի դեմ, այլ նաև եկեղեցու հիմքերի քանդում է։ Իսկ եկեղեցու հիմքերը Երրորդ Հանրապետության հիմքերից մեկն են, սա ազգային ինքնության քանդումն է»,- Միքայել սրբազանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը։
Հարցին, թե ինչպե՞ս այս ամենը պետք է կանխել, Շարմազանովն արձագանքեց՝ պետք չէ նոր հեծանիվ հորինել՝ կա մի քանի տարբերակ։
«Մեկը փողոցային պայքարն է, մեկը՝ ընտրությունները, մյուսը՝ փողոցային պայքարի զուգակցմամբ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Տեսաք, որ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ և 6 ստորագրությունը դարձավ 34։ Ճիշտ է, շատ ուշ, 4 ամիս անց, բայց ընդդիմադիր բոլոր պատգամավորներն իրենց ստորագրությունները դրել են։ Սա է, նոր տարբերակ չկա, այսինքն՝ այս տարբերակների մեջ պետք է փնտրենք։
Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններին դեռ մի քանի ամիս կա՝ 8-9 ամիս, և այդ ընթացքում Նիկոլի ռեժիմին կոմֆորտի զոնայում թույլ տալ իրականացնել Ադրբեջանից հրահանգված քայլերը, չգիտեմ, թե ընտրությունների ժամանակ Հայաստանից ինչ կմնա»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացի իրեն պետք է հարց տա՝ ուզո՞ւմ է ապրել ազատ, անկախ, ազգային ու ժողովրդավարական Հայաստանի գոնե մնացած այս մասում, թե՞ ուզում է սպասարկել թուրքական վիլայեթացման։
«Սրբազանի մեղքն այն է, որ հրաժարվել է ծնկի գալ Հայաստանի ադրբեջանացման առջև, ինչպես մենք բոլորս։ Դրա համար ազգային վերածնունդ պետք է լինի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում