Ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ. ABBYY Lingvo-ի հիմնադիր Դավիթ Յանի մասին (տեսանյութ)
Բոլորովին վերջերս Forbes ամսագիրը հրապարակել էր իր «30 under 30» վարկանիշային ցանկը, որտեղ ներառված էին տարբեր ոլորտների ամենատաղանդավոր և ամենաակտիվ երիտասարդները։ Ինովացիաների ոլորտում ընդգրկված էր նաև մեր հայրենակից` 29-ամյա Ալեքսիս Օհանյանը՝ իր ստեղծած Reddit սոցիալական ցանցի շնորհիվ։
Սակայն ինովացիոն, համակարգչային ոլորտում մենք ունենք ոչ պակաս վառ մի անհատականություն, ում կրեատիվը դրսևորվել էր դեռ 21 տարեկան հասակում։ Խոսքը վերաբերում է Դավիթ Յանին (David Yang)` ABBYY-ի հիմնադրին։ Նրա ստեղծած ABBYY Lingvo համակարգչային բազմալեզու բառարանից շատերս ենք օգտվել և օգտվում։
Ովքե՞ր են Դավիթի ծնողները
Դավիթ Յանը ծնվել է Երևանում 1968 թվականին։ Ծնողները ֆիզիկոսներ են։ Մայրը հայ է, իսկ հայրը` չինացի։ Յան Շին հայրը` Յան Շին (իսկ ռուսերեն տարբերակով` Եվգենի Անդրեևիչը) և մայրը ծանոթացել են ուսանողական տարիներին` Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սովորելու ժամանակ։ Ամուսնությունից հետո մեկնել են Չինաստան, սակայն շուտով ետ են վերադարձել ԽՍՀՄ` մշտական բնակության։
Դավիթ Յանի հայրը 25 տարի աշխատել է Երևանում։ Հայերեն հասկանում է, սակայն այնքան էլ լավ չի խոսում։ Ընտանիքում հիմնական խոսակցական լեզուն եղել է ռուսերենը։ «Պերեստրոյկայից» հետո 10 տարի բնակվել են Թայվանում, որտեղ Դավիթի հայրը Թամկանգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էր։ Մայրն այդ ժամանակ հաղորդում էր վարում «Ազատ Չինաստան» ռադիոկայանով։ Դավիթի ծնողներն այժմ ապրում են Մոսկվայում։ Հայրը ABBYY-ի բաժնետեր է և շարունակում է դասավանդել, սակայն ոչ թե ֆիզիկա, այլ չինարեն։ Իսկ մայրը վայելում է վաստակած հանգիստը։
Ինչի՞ց ամեն ինչ սկսվեց
Դավիթը դեռ երրորդ դասարանից երազում էր ֆիզիկոս դառնալ։ Երևանի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում։ Հենց այդ տարիներին` ավելի կոնկրետ` 1989թ., ծնվեց ABBYY
Lingvo-ի գաղափարը։ Ֆրանսերեն քննությունը հանձնելու ժամանակ նա մտածեց` վատ չէր լինի ստեղծել մի ծրագիր, որը կսովորեցներ այդ լեզուն։ Նույն օրը, ավելի ուշ՝ նրա մտքով անցավ, որ ծրագիրն ավելի մեծ պահանջարկ կունենա, եթե լինի անգլերեն լեզվով։ Հաջորդ օրը նա արդեն որոշեց պատրաստել համակարգչային բառարան։ Հեռանկարը գայթակղիչ էր թվում, մնում էր միայն ծրագրավորող գտնել։ Դավիթին ծանոթացրեցին ծրագրավորող Ալեքսանդր Մոսկալյովի հետ։
Վերջինս այն ժամանակ աշխատում էր Չեռնոգոլովկայի գիտահետազոտական ինստիտուտում (իսկ հետագայում դարձավ ABBYY-ի կարևորագույն թոփ-մենեջերներից և գլխավոր բաժնետերերից մեկը)։
Մեկ շաբաթ մտածելուց հետո Մոսկալյովը համաձայնեց աշխատել ծրագրի վրա` ապագա բառարանի վաճառքից ստացած շահույթի 50%-ը ստանալու դիմաց։ Իսկ ֆինանսավորումն իր վրա վերցրեց երիտասարդական գիտահետազոտական կենտրոնը` ներդնելով 1500 ռուբլի (այն ժամանակվա համար դա պատկառելի գումար էր)։
Ընկերություն ստեղծելու մասին այն ժամանակ խոսք չէր գնում։ Յանը սովորում էր չորրորդ կուրսում։ Մոսկալյովի հետ միասին նրանք մտադիր էին ծրագիրն ավարտել ամառային արձակուրդների ընթացքում, վաճառել առաջին 100 օրինակը` յուրաքանչյուրը 100 ռուբլով, իսկ ստացած գումարը` 10.000 ռուբլին, կիսել միմյանց մեջ և բաժանվել։ Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։
Ծրագիրը հաջողվեց ավարտել միայն հաջորդ տարվա հունվարին, իսկ վաճառքը սկսեցին միայն մայիսին։ Փոխարենը՝ առաջին օրինակները վաճառվեցին ոչ թե 100, այլ 700 ռուբլով։ Երիտասարդ բիզնեսմենները ետ բերեցին ներդրված գումարները։
Ինքը՝ Դավիթ Յանը, այսպես է հիշում իրենց առաջին տարիները. «Մեր առաջին պատվիրատուն գիտահետազոտական ինստիտուտն էր։
Առաջին վաստակն օգնեց մեզ պարտքերը մարելու հարցում, սակայն շահույթ չբերեց։ Տարվա ընթացքում մենք վաճառեցինք ոչ թե 100 օրինակ, ինչպես նախատեսել էինք, այլ ընդամենը` 15։ Սակայն 15 օրինական տարբերակների ֆոնին մենք պարզեցինք, որ շուկայում շրջանառվում է 50.000 «պիրատական» օրինակ։ Դա մեզ մեծ գումարներ չբերեց, սակայն բերեց ճանաչում։ Մեր ծրագիրը բոլորը ճանաչում էին, այն պետքական էր, օգտակար։ Սակայն ոչ ոք չէր ցանկանում այն գնել»։
Ընկերության ծնունդը
Գործընթացը երկարում էր, և որոշում ընդունվեց հիմնել սեփական ընկերություն։ Այն կոչվում էր BIT Software։ Սակայն 1997 թվականին միջազգային շուկա դուրս գալով՝ սեփականատերերը ստիպված էին փոխել անվանումը։ Ծրագրային ապահովմամբ զբաղվող արտասահմանյան գրեթե յուրաքանչյուր ընկերության անվանման մեջ առկա էր bit կամ software բառը։ Իսկ ABBYY անվանումը տարբերվող էր և տպավորվող։
Իսկ ինչո՞ւ` հենց ABBY։
Ճիշտ չէ այն կարծիքը, որ ABBYY-ն հապավում է։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է. Յանը որոշեց, որ առաջին տառը պետք է լինի A, քանի որ այբուբենի առաջին տառն է։ Հետո B` նույն պատճառով։ Արդյունքում՝ ընկերության անունը բոլոր տեղեկատուներում նշված կլիներ առաջինը։ Իսկ Y-ն, ինչպես ասում են, պարզապես օդից է վերցված։
Նշենք նաև, որ ABBYY-ի ապակոդավորումը հետագայում բացահայտեց հենց նույնանուն բառարանը։
Lingvo 12-ի համաձայն, այն արտասանվում է «աբի» և բառացիորեն նշանակում է «պարզ աչք»։ Ըստ ծրագրի, այն մյաո-յաո նախալեզվով է։
Նշենք, որ թեթևությամբ և առանց երկար-բարակ բիզնես ծրագրի ստեղծված այս գործը տարիների ընթացքում միայն ծաղկել է։ ABBYY-ն նախընտրում է չհրապարակել շրջանառության չափը, սակայն փորձագետների գնահատմամբ` այն գերազանցում է տարեկան 100 միլիոն դոլարը։ Իսկ Դավիթ Յանն արդեն 2001 թվականին ճանաչվեց ռուսական շուկայի IT ոլորտի 25 լավագույն թոփ մենեջերներից մեկը։ Իսկ 1993 թվականից մինչ օրս համարվում է ՌԴ համակարգչային շուկայի 100 ամենաազդեցիկ անձանցից մեկը։ Սակայն Յանը համոզված է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ «Ես չեմ կարծում, որ մենք հաջողության ենք հասել։ Մենք հպարտ ենք, որ ճանաչվել ենք Ռուսաստանի ծրագրային ապահովման ոլորտի ամենալավ ընկերությունը։ Սակայն իրականում ամեն ինչ դեռ առջևում է»։
«168 ԺԱՄ»