Վրաց տնտեսությունը. Նկարագրություն և համեմատություն

Նախ մի քանի փաստ վրաց տնտեսական կյանքից: Սեպտեմբերի 21-ին Վրաստանն Ասիական բանկի հետ 100 մլն դոլար վարկի պայմանագիր կնքեց: Կնքելուց հետո վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ այս տարի իր երկիրն այլևս պարտք չի վերցնի:

Խոստումը վարչապետը հիմնավորեց այն պնդմամբ, որ համավարակի պատճառով սկսված ճգնաժամն արդեն հաղթահարվում է: Պաշտոնապես ասվում է. տնտեսության վերականգման տեմպը սպասվածից արագ է ընթանում:

Պաշտոնական տվյալներով, Վրաստանի պարտքը տարեվերջին կկազմի10 մլրդ դոլարից ավելի: Վերջին մեկ-երկու տարում վրաց իշխանություններին հաջողվեց արտաքին պարտքը ՀՆԱ-ի 60 տոկոսից նվազեցնել՝ հասցնել ՀՆԱ 54 տոկոսի: Բայց Ասիական բանկից վերցրած վարկի պատմությունը բավական բուռն քննարկումների պատճառ է դարձել:

Վրաց կառավարությունը մինչ այդ հրաժարվել էր համարյա համարժեք ծավալի (75 մլն եվրո) և կրկնակի ցածր տոկոսադրույքով վարկ վերցնել Եվրամիությունից: Քննարկումների ընթացքում փորձագետներից շատերը նույն պատասխանով էին հիմնավորում Վրաստանի կառավարության «տարօրինակ» քայլը՝ ավելի ցածր տոկոսադրույքներով պարտքից հրաժարվելը:

Ըստ փորձագետների, Ասիական բանկը զուտ ֆինանսական կառույց է և, ի տարբերություն ԵՄ-ի, վարկ տրամադրելիս քաղաքական պարտադիր պայմաններ չի ներկայացնում: Բարդ չէ ենթադրելը, որ ԵՄ պարտադիր պայմանների մեջ վրաց պարագային ամենավիճահարույցը սեռական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնումն ու օրենսդրական պաշտպանությունն է: Այս տարի այդ ցույցերի ընթացքում նույնիսկ լրագրող զոհվեց:

Վրաց պաշտոնական տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին իրենց երկիր կատարված դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11.2 տոկոսով՝ կազմելով 204.9 մլն դոլար: Ամենաշատ փոխանցումներ կատարվել են ԵՄ-ից (41.4 մլն դոլար) և Ռուսաստանից (27.4 մլն դոլար): Նկատելիորեն կրճատվել են Թուրքիայից և Ուկրաինայից կատարված փոխանցումները:

Եվս մեկ հետաքրքիր տվյալ: Վրաստանի կառավարությունը եկող տարվա բյուջեն ներկայացնելիս՝ պնդեց, որ ավելի իրատեսական է դարձել: 2022-ի բյուջեն 1 մլրդ 55 մլն 470 հազար 800 լարիով փոքր է այս տարվա բյուջեից: Կրճատումը հիմնավորվում է այսպես՝ երկու ուղղություններով պակասել է ծախսերի անհրաժեշտությունը:

Առաջինը՝ համավարակի դեմ պայքարի համար եկող տարի ավելի փոքր գումար է անհրաժեշտ (վրաց կառավարությունն այս տարվա գարնանն արդեն հայտարարեց, որ ապագայում անկախ համավարակի տարածման ծավալից՝ լոքդաուն այլևս չի իրականացնի): Կրճատման անհրաժեշտության երկրորդ փաստարկն այն էր, որ Վրաստանն արդեն փակել է եվրաբոնդերով նախկինում ներգրավված վարկային միջոցների գծով պարտքերը: Իսկ հիմա փորձենք համեմատել գնաճի վրաց տնտեսության տեմպը մերի հետ:

Նախ պաշտոնապես հայտարարվել է, որ սպառողական գների ինդեքսը հունվար-օգոստոսին Վրաստանում կազմել է 2.4 տոկոս, իսկ Հայաստանում՝ 3.7: Իսկ տարեկան գնաճը 2021թ. սեպտեմբերը 2020-ի սեպտեմբերի նկատմամբ Վրաստանում կազմել է 12.3 տոկոս, մեր երկրում՝ 8.9 տոկոս: Բայց բավական նկատելի տարբերություն կա տարբեր ապրանքախմբերի կտրվածքով: Վրաստանում գնաճն ինչ-որ առումով «սոցիալական» է (սոցիալական բառը կարելի էր նաև չչակերտել): Առաջին անհրաժեշտության ապրանքների, հիմնական համարվող սննդամթերքի գծով մեր երկրում գնաճն ավելի առաջանցիկ է:

Օրինակ, ձուն տարեկան կտրվածքով Վրաստանում թանկացել է 17.1 տոկոսով, մեր երկրում՝ 27.4: Դիտարկենք մեր երկրում համարյա քաղաքական ընկալում ունեցող սննդամթերքների՝ շաքարի ու ձեթի գնաճը համեմատության մեջ:

Վրաստանում ձեթը թանկացել է՝ 40.7, իսկ Հայաստանում՝ 55.1 տոկոսով: Շաքարի թանկացման գործակիցը հարևանների մոտ 16,6 տոկոս է, մեր երկրում համարյա կրկնակի առաջանցիկ է՝ 31.1 տոկոս (մեր հարևանների համար դրանք հավանաբար սովորական սննդամթերք են՝ առանց որևէ ենթատեքստի): Սննդամթերքի շատ տեսակների գծով կարելի է համոզվել, որ համեմատությունը մեր օգտին չէ: Օրինակ, մեր ներքին շուկայում 40.2 տոկոս խոզի մսի թանկացումը դժվար է համադրել վրաց ներքին շուկայի մսամթերքի 10.4 տոկոսանոց թանկացման հետ: Նույնը կարելի է պնդել պտուղ-բանջարեղենի պարագային:

Մեր երկրում անցած տարվա սեպտեմբերի համեմատ բանջարեղենի գնաճը 64.5 տոկոս է: Վրաստանում այս ցուցանիշն անհամեմատ «համեստ» է՝ 38.2 տոկոս: Այն, որ ձկան գնաճը վրաց շուկայի արձանագրած 11,5 տոկոսի դիմաց, մեր շուկայում 27,7 տոկոս է, դժվար է բացատրել: Ծով ելք չունենալն այստեղ փաստարկ չէ: Իսկ սպառողական գների ավելի բարձր գնաճը վրաց շուկայում բացատրվում է այլ ապրանքախմբերի ու ոչ սննդամթերքի ոլորտի բարձր գնաճով: Օրինակ, մեր երկրում տրանսպորտի ոլորտի տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է ավելի համեստ թիվ՝ 8.8 տոկոս, Վրաստանում արձանագրված 20.3 տոկոսի դիմաց:

Մեկ համեմատություն ևս. Վրաստանում նույնպես խոստացան թոշակ բարձրացնել: Շոու չարեցին, պարզապես խոստացան բարձրացնել քիչ, բայց հստակ չափով 20-25 լարի (6.4-8 դոլարին համարժեք): Մեր տնտեսությունն անմիջական հարևան երկրներից միայն Վրաստանի տնտեսության հետ կարելի է համեմատել: Մյուսների հետ համեմատելը բարդ ու վիճահարույց խնդիր է: Թուրքիայի ու Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսությունների հետ համեմատվելու պարագային մասշտաբի ու սոցիալ- մշակութային արժեհամակարգային տարբերությունն են գերակա: Իսկ Ադրբեջանի պարագային գործում է «Վառելիքաէներգետիկ ասեղի վրա նստած տնտեսությունների հետ չհամեմատվելու» պահանջ-սկզբունքը:

Տեսանյութեր

Լրահոս