Բաժիններ՝

Պատերազմի մասնակցած տղաներն ասում են, որ ալիքը կիլոմետրերով շպրտել է, ցավեր ունեն, թերապևտը թե ով գալիս է, ասում է՝ պատերազմի մասնակից եմ, էս ի՞նչ բան է. Բնակիչները՝ Խարբերդի պոլիկլինիկայի միակ Փերիի մասին

Նոր Խարբերդի առաջնային պահպանման կենտրոն այցելող քաղաքացիները, ինչպես իրենք են ասում՝ չգիտեն, թե գլուխները որ պատին տան, որպեսզի շենք մուտք գործելիս չասեն՝ մոտեցեք միակ թերապևտին՝ Փերիին:

«Ինքը լսում է խնդիրդ, կա՛մ ասում է՝ խնդիր չունես, կարող ես գնալ, կա՛մ էլ իբր ստուգում է: Կարևորը մենք վերջում 3000-5000 դրամ թողնենք, թե չէ Փերին կնեղանա: Իր դարդից անգամ բժիշկներն են աշխատանքից դուրս եկել: Հիմա ինքն է ու քույրերը: Բժիշկ՝ բոլոր հիվանդությունների գծով»,- մեզ հետ զրույցում ասաց տեղի բնակիչներից մեկը:

Մյուսն էլ, թե. «Պատերազմի մասնակցած տղաները գնում են, ասում են, որ ալիքը կիլոմետրերով իրենց շպրտել է, գլորվել են, ընկել, ցավեր ունեն, թերապևտը, թե՝ ով գալիս է, ասում է՝ պատերազմի մասնակից եմ, էս ի՞նչ բան է: Անգամ ուղեգիր չի տալիս, որ ուրիշ տեղ ստուգվեն: Դժգոհությունները լսելով՝ փոխանակ համապատասխան ստուգումներ անի՝ տուն է ուղարկում»:

Կապ հաստատեցինք Նոր Խարբերդի առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Անահիտ Սողբաթյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք ամբողջ պոլիկլինիկայում մեկ թերապևտ է աշխատում ու բուժքույրեր։

Ի պատասխան՝ Անահիտ Սողբաթյանն ասաց․«Մեզ մոտ երկու բժիշկ ենք, ես արձակուրդ էի, նոր եմ եկել: Փերին թերապևտ չէ, երկուսս էլ ընտանեկան բժիշկ ենք»:

Հարցին՝ արդյոք ունե՞ն համապատասխան սարքավորումներ, որպեսզի կատարեն հետազոտություն, և արդյոք բժիշկների կարիք չկա՞, տնօրենը պատասխանեց.

«Քանի որ առողջության պահպանման առաջնային օղակ է, հիմնական բաներն ընտանեկան բժիշկներն են անում և, եթե նա կարծում է, որ անհրաժեշտ է ավելի ինչ-որ հետազոտություն կամ նեղ մասնագետի կոնսուլտացիա, անպայման ուղեգրում են: Սարքավորումների մասով՝ ասեմ, որ կա այն ամենը, ինչ կա բոլոր առողջության առաջնային պահպանման օղակներում: Խիստ անալիզներ տեղում չեն արվում, ուղարկում ենք Մասիսի պոլիկլինիկա: Բժիշկների խնդիր չունենք, գյուղերում այդպես է, բնակիչները քիչ են»:

Տնօրենը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են եղել դժգոհող քաղաքացիները, ապա խնդրեց, որ իրեն մոտենան, խոսեն, եթե ուղղելու է խնդիրը՝ ուղղեն:

«Մեզ մոտ նման խնդիրներ երբևէ չեն եղել»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս