Տավուշում ռուս սահմանապահների ներկայությունը չի նշանակում, որ գյուղերը կմնան մեր վերահսկողության տակ. Հրանտ Միքայելյան

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին:
Նորանշանակ նախարարը նաև հավելել է՝ այն հրամանատարները, որոնց վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են:

 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Պաշտպանության նախարարի կոչը պայմանավորեց ընտրությունների ավարտով, ինչը հնարավորություն է տվել իշխանությանը զբաղվել սահմանով, քանի որ երկուսը միաժամանակ անել նրանց մոտ չէր ստացվում։

«Հռետորաբանության կոշտացման մյուս պատճառն այն է, որ որոշակի աջակցություն են ստացել դրսից. օրինակ՝ Ֆրանսիան է կիսում Հայաստանի դիրքորոշումը և դեմ է Սյունիքով միջանցքի բացմանը։ Դրանից բացի, անուղղակի աջակցություն կա նաև Իրանից։ Հենց այս աջակցություններն են նաև պատճառը, որ մեր Պաշտպանության նախարարությունը սկսել է խոսել ավելի խիստ»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ նշելով, որ չի կարծում, որ ՊՆ-ի դիրքորոշման փոփոխությունը որևէ կերպ կապված է նախարարի փոփոխության հետ։

Անդրադառնալով ՊՆ-ի տարածած այսօրվա հայտարարությանը, ըստ որի, ադրբեջանական կողմն այսօր Երասխի ուղղությամբ դարձյալ կրակ է բացել, ինչին հակազդել են հայկական կողմի պատասխան գործողությունները, Հրանտ Միքայելյանը նշեց, որ հակառակորդն անկլավներին տիրանալու և միջանցքը բացելու իր նպատակին փորձում է հասնել նաև ուժի միջոցով, ինչին դիմում է, երբ ըստ նրա՝ կա դրա համար նպաստավոր պայման։

«Հայաստանն այսօր բարդ վիճակում է, մյուս կողմից՝ Ռուսաստանը չի ուզում բացահայտ աջակցել Հայաստանին, ուզում է, որ խաղաղություն հաստատվի։ Սակայն մենք մեր պահանջատիրությունից չպետք է հրաժարվենք և Ադրբեջանին անցած տարածքները պետք է համարենք օկուպացված»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով «օկուպացված տարածքներ» ձևակերպման կիրառման անհրաժեշտությունը, ինչը չի անում գործող իշխանությունը, որովհետև ցանկություն չունի, և պարզաբանեց, որ դա էլ իր հերթին՝ առիթ է տալիս Ադրբեջանին շարունակաբար առաջ գնալու տարածքային նկրտումների հարցերով։

Անդրադառնալով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում ռուս սահմանապահների տեղակայմանն ու ադրբեջանական կողմի ծրագրին՝ Միքայելյանը նկատեց, որ ռուս խաղաղապահների տեղակայումն ամենևին էլ երաշխիք չէ, որ այդ տարածքներն Ադրբեջանին չեն հանձնվի։

«Այն, որ Ադրբեջանը պահանջում է անկլավները, փաստ է, այն, որ Հայաստանը չի ցանկանում տալ՝ դա էլ է փաստ, բայց այստեղ կարևոր է, թե ինչպե՞ս դա թույլ չի տալու հայկական կողմը։ Ռուս սահմանապահների տեղակայումը Տավուշում չի փաստում, որ դրանք կմնան Հայաստանի վերահսկողության տակ. հիշեցնեմ, որ այդտեղ բազմաթիվ հայկական հուշարձաններ կան»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ նշելով, որ պետք է դիտարկել նաև ռազմական ճանապարհով անկլավների հանձնումը կանխելու տարբերակը։

«Արշակ Կարապետյանի ասածը վերաբերում է Հայաստանի սահմաններին, հետևաբար՝ հիմա կտեսնենք, թե որքանով նախարարը կկարողանա իր խոստումը կատարել»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս