«Մինչև սահմաններին փշալարեր կամ արգելակող բաներ չլինեն, նման միջադեպեր միշտ էլ կլինեն». Ներսես Շադունց

Հուլիսի 19-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի կոմբայնավարը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, տեղանքում լավ չկողմնորոշվելով, հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Մի քանի ժամ ադրբեջանցի զինվորականների մոտ մնալուց հետո հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը վերադարձվել են հայկական կողմին: Այս մասին նույն օրը երեկոյան հաղորդագրություն տարածեց Պաշտպանության նախարարությունը։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ կոմբայնավարը ոչ թե գերի էր ընկել, այլ գյուղատնտեսական աշխատանքներ անելու ժամանակ մոտավորապես 10 մետր անցել է թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածք, որից հետո ադրբեջանցի սահմանապահները մոտեցել են կոմբայնավարին, ասել են, որ սահմանը խախտել է, պետք է իրենց հետ գնա, որպեսզի արձանագրություն կազմեն։

«Իհարկե, չի գնացել, զանգել, ինձ տեղյակ են պահել, դիմել եմ մեր բանակային կորպուսի հրամանատարին, այնուհետև սահմանապահ զորքերին՝ ռուսներին, ինչպես նաև մեր խաղաղապահ զորքերի հրամանատարին։ Նրանք եկել են, և ժամը 16։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում հարցն արդեն կարգավորված է եղել։ Որոշակի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ նման խախտումներ այլևս չլինեն»,- ասաց Ներսես Շադունցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ սյունեցի համայնքապետերով բազմիցս բարձրաձայնել են, որ ստեղծեն անվտանգության գոտին, որի մասին խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

«Շատ ենք այդ մասին ասել, հիմա ինչքա՞ն կարող ենք բարձրաձայնել։ Միջադեպերը լինում են, առաջինը մենք ենք մոտիկ, մենք ենք ձգտում շուտ հարցը լուծենք։ Հիմա ՄԻՊ-ն առանձին է հարցը բարձրաձայնում, բանակային կորպուսն իր գործն է անում, պատկան մարմիններն էլ թող իրենց գործն անեն, ի՞նչ ասեմ»,- հավելեց նա։

Ըստ նրա, Տեղ համայնքում անասնագլխաքանակը շատ է, ֆերմերները, որոնք դաշտավարությամբ են զբաղվում, մի քիչ շատ են, գուցե դրանից է, որ Տեղում նման միջադեպերը շատ են լինում։

«Մինչև վերջնական սահմանազատման աշխատանքները չկատարվեն, սահմաններին փշալարեր կամ արգելակող բաներ չլինեն, նման միջադեպեր միշտ էլ կլինեն։ Մեր վարելահողերում՝ Կոռնիձորից սկսած, ցորենը հավաքելով բարձրացել ենք մինչև վերևի գյուղեր, չենք թողնելու, որ ցորենը մնա դաշտերում։ Ինչ վերաբերում է կոմբայնավարին, ապա նա վախեցող տղա չէ, այստեղ վախեցող մարդ չկա, գնացեք Կասկադում փնտրեք վախեցող մարդկանց»,- եզրափակեց Ներսես Շադունցը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս