Ո՞վ է տվել Փաշինյանին Արցախի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ, կամ ինչպե՞ս կարող է ՀՀ քաղաքացին նման մանդատ տալ

2018 թվականից Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, որ ինքը Արցախի Հանրապետությունից և նրա ժողովրդից մանդատ չունի՝ լուծելու ԼՂ խնդիրը և որոշելու արցախցիների ճակատագիրը:

2018թ. մայիսին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում հայտարարել էր.

«Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի Հանրապետության իշխանությունը: (…) Այնպես որ, խնդիրը հետևյալի մասին է՝ մենք ուզո՞ւմ ենք արդյոք լուծել խնդիրը, թե՞ չենք ուզում լուծել խնդիրը: Խնդրի լուծման ամենակարևոր կոմպոնենտը ճիշտ ձևաչափով բանակցություններն են»:

2018-ի հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում Փաշինյանը ևս պնդել է այս մտադրությունը.

«Ես էլի եմ ասում՝ քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսի մեջ, նշանակում է՝ մենք մոտիկ չենք հարցի կարգավորմանը: Իմիջիայլոց, ասեմ՝ էդ կապակցությամբ իմ խոսքերը նույնպես նենգափոխում են, ասում են, որ ես ասել եմ, որ մինչև Ղարաբաղի իշխանությունը չլինի բանակցային սեղանի շուրջ, ես ոչ մի բանակցության չեմ մասնակցի: Ես էդպիսի բան չեմ ասել, ես ասել եմ, որ ես լիազորված եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, ես լիազորված չեմ մասնակցել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անունից»:

Այնուհետ 2018-ի նոյեմբերին կառավարության նիստերի դահլիճում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն է Փաշինյանը վստահեցրել սա:

«Բայց եթե մենք խոսում ենք լուրջ՝ հարցի կարգավորման մասին, մենք պետք է հասկանանք, որ առանց Ղարաբաղի ժողովրդի և կառավարության դիրքորոշման չի կարող հարցը կարգավորվել, բացառված բան է, չի կարող այդպիսի բան լինել։ Նաև բացատրում եմ, թե ես ինչու չեմ կարող խոսել Ղարաբաղի անունից․․․ որովհետև սկզբում շատ ագրեսիվ էր ընդունվում, երբ ես ասում էի, որ ես կարող եմ բանակցել Հայաստանի անունից, Հայաստանի Հանրապետության անունից և ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի Հանրապետության անունից։ Սկզբում շատ ագրեսիվ էր ընդունվում այս հայտարարությունը։ Բայց հետո, երբ սկսեցի բացատրել, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը […] այնտեղ ծնված, մեծացած, ղարաբաղյան շարժման լիդերներն են […], իրենք կարող էին իրավունք վերապահել խոսել նաև Ղարաբաղի անունից։ Դուք կարո՞ղ եք բացատրել՝ ես ի՞նչ մանդատով եմ խոսում Ղարաբաղի անունից։ Դրա փաստարկը այն էր, որ ձեր զորքերն այնտեղ են։ Ես էլ ասում էի՝ լավ, ենթադրենք՝ այնտեղ մեր զորքերը չեն, այլ՝ համայն հայության կողմից ձևավորված առաջին կամավորական բանակը, դրանից դուք ավելի երջանի՞կ եք լինելու, ի՞նչ է փոխվելու»:

2019-ի մարտի 5-ին էլ EURACTIV-ի հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նշել էր, որ Հայաստանի նախկին երկու նախագահները ծնվել, մեծացել և ապրել են Արցախում, իսկ ինքն Արցախ չի ներկայացնում:

«Այնտեղ ապրող մարդիկ չեն մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին, ուստի ես չունեմ մանդատ՝ Արցախի բնակչությանը խաղաղ գործընթացում ներկայացնելու համար»,-հավելել էր Փաշինյանը:

Այս շարքը կարելի է շարունակել, այլ հարց է, թե որքանով իր իսկ տված խոստումը Փաշինյանը գործնականում կատարեց: Գուցե Արցախի նախագահի հետ ԼՂ հարցի լուծման սեփական տեսլականի ներդաշնակեցո՞ւմը Փաշինյանը մանդատի տեղ ընդունեց և կիրառեց՝ համարելով, որ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է Արցախի ժողովրդին, որի մեծամասնությունից վստահության քվե է ստացել նախագահական ընտրություններում:

Եվ գուցե Արայիկ Հարությունյանը օրերս հերթական մանդա՞տն էր բերել Արցախից, որ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»:

Միգուցե պատերազմից հետո գոնե մեկ անգամ Արցախ չգնացած և Նիկոլ Փաշինյանի պատճառով պատերազմի ժամանակ իրենց տներից զրկված Քաշաթաղի, Քարվաճառի շրջանի երբեմնի բնակիչնե՞րն են ընտրել Նիկոլ Փաշինյանին և տվել իրավունք իրենց ապագան դարձյալ որոշելու:

Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ո՞վ է տվել նման լիազորություն Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին, կամ ինչպե՞ս է հնարավոր ՀՀ քաղաքացիներից Արցախի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ ստանալ, երբ նախքան պատերազմը Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ Արցախից ինքը ԼՂ հարցը լուծելու մանդատ և լիազորություն չունի, որովհետև նրանք ՀՀ ընտրություններին չեն մասնակցում, ուստի ինքը միայն կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը:

Ո՞րն է Արցախի կարմիր գիծը, որը ՀՀ-ն չի կարող հատել

Այս հարցադրմանն ի պատասխան՝ 168.amի հետ զրույցում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանն արձագանքեց՝ եռամիասնությունը ենթադրում է փոխգործակցություն, բայց, իհարկե, Արցախն ունի իր կարմիր գիծը:

«Կան հանգամանքներ, որոնց դեպքում, օրինակ, Արցախի չճանաչվածության, իհարկե, ՀՀ-ն պետք է մեզ ներկայացնի: Կան դեպքեր, երբ ինքներս ենք ի վիճակի դա անել, բայց դա չի նշանակում, որ մեր կապը երբևէ պետք է ընդհատվի»,- շեշտեց Բաբայանը:

Թե ո՞րն է այն կարմիր գիծը, որը ՀՀ-ն չի կարող հատել, հատկապես այսօր, երբ Ադրբեջանը սկսել է Լաչինի միջանցքը խաղարկել Զանգեզուրի միջանցքի դիմաց, կամ՝ Արցախի կարգավիճակը Զանգեզուրի մասով իրենց հավակնությունների հրաժարման, ինչը, իհարկե, քիչ հավանական է, Արցախի ԱԳ նախարարը նշեց.

«Որևէ մեկին հանձնելու տարածք այլևս չունենք։ Ավելին, այլևս որևէ տարածք կորցնելու իրավունք չունենք: Միաժամանակ, մենք չենք համաձայնելու կամ համակերպվելու օկուպացիային, ո՛չ: Դեօկուպացիան մեր արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից է: Ինչ վերաբերում է Զանգեզուրին, ապա սա ածանցյալ է այն ամենին, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ:

Մենք բազմիցս ասել ենք՝ եթե Արցախի հետ, Աստված մի արասցե, մի բան լինի, մայր Հայաստանի համար սարսափելի հոսանքներ են բացվելու, մահացու կամ վտանգավոր հոսանքներ: Եվ սրանից կարևորագույնը Զանգեզուրի խնդիրն է, որն Ադրբեջանն արդեն քննարկման առարկա է դարձրել: Այն արդեն դարձել է կարևոր ճակատ՝ անկախ ամեն ինչից:

Ավելին, իրենք արդեն ստեղծել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտի, հետո այդ տնտեսական շրջանը կդարձնեն վիլայեթ։ Այսինքն, վարչատարածքային միավոր: Ադրբեջանն արդեն խոսում է նաև «Արևմտյան Զանգեզուրի» մասին, այսինքն՝ ՀՀ տարածքը գտնվում է օկուպացիայի վտանգի տակ: Սրանք նոր մարտահրավերներ են, իրենք դա արդեն դրել են քննարկման: Սա է հարցը, և պետք է հասկանալ, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ուզում է կործանել Հայաստանը, պետք է պատրաստ լինել դրան: Թող որևէ մեկն այստեղ կասկած չունենա:

Ինչ վերաբերում է հարցին, թե որն է այն կարմիր գիծը, որը ՀՀ-ն չի կարող հատել, մեզ համար մեկ կարմիր գիծ կա՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը սկսել է խաղարկել Լաչինի միջանցքը՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց, անգամ՝ Արցախի կարգավիճակի հարցը՝ Զանգեզուրի դիմաց: Ադրբեջանական կայքերից մեկը գրել էր, թե «Ադրբեջանը իր սցենարն է առաջարկում իրավիճակի հետագա զարգացման, այն է՝ Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է և պետք է մնա իր բնակության վայրում, բայց որպես Ադրբեջանի քաղաքացիներ»: Այսինքն, ՀՀ իշխանությունների կողմից նման համաձայնության դեպքում, Հայաստանը «կստանա Զանգեզուրը»:

Արցախի 75 տոկոսի կորստի, դրանից բխող նոր մարտահրավերների և ՌԴ-ին Արցախի անվտանգության հանձնման պարագայում որքանո՞վ կարելի է ՀՀ-ին համարել Արցախի անվտանգության երաշխավորը։ Ավելին, երբ ՀՀ ԶՈՒ-ՊԲ կապն առաջվանը չէ, երբ ՀՀ-ի ղեկավարը վախենում է Արցախ մեկնել, որովհետև Ադրբեջանից հստակ ուլտիմատում կա:

«Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եղել է, կա և կմնա պետականաշինության կարևոր գրավականներից և հիմնասյուներից մեկը: Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք Արցախի ապագայի մասին, այդ ապագան մեծապես կախված է Արցախի քաղաքական սուբյեկտայնության պահպանումից: Առանց սրա հնարավոր չէ ապահովել Արցախի ապագան այնպես, ինչպես մենք ուզում ենք՝ լինել ինքնակառավարվող, պահպանել մեր ինքնությունը՝ որպես հայկական պետություն:

Դրա համար մենք ունենք համապատասխան հնարավորություններ, և նույնիսկ այս՝ քանդված, մասնատված, վիրավորված վիճակում մեր գոյությունը փոխում է աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Եվ սա պահպանելով է, որ կարող ենք վերածվել աշխարհաքաղաքական սուբյեկտի, ոչ թե դառնանք օբյեկտ:

Մենք պետք է շատ կարևոր դերակատարություն ունենանք և կարևոր դիրք զբաղեցնենք ՀՀ-ի և Սփյուռքի հասարակական կյանքում: Կրկնում եմ՝ միայն այս դեպքում կարող ենք մեր սուբյեկտայնությունը պահպանել: Եվ ասել, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, դա ընդամենը մեկ բաղադրիչն է մեր փոխհարաբերությունների, որը շատ ավելի լայն է: Արցախը պիտի արժեք լինի ՀՀ-ի հասարակական և քաղաքական կյանքում: Եթե սա կորցնենք, շատ վատ է լինելու և՛ Արցախի համար, և՛ ՀՀ-ի»,- մեզ հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարարը:

Դավիթ Բաբայանի ցանկությունն այսօր, թերևս, դժվար իրականացվող է, քանի որ գործ ունենք արժեհամակարգի դեգրադացիա, սոդոմգոմորյան անհոգության մեջ ապրող թմրած և ինքնապաշտպանական բնազդը կորցրած հասարակության հետ, որին չի վախեցնում և չի մտահոգում անգամ ՀՀ տարածքների, սեփական մարզի, գյուղի տարածքային կորուստը և թուրքի այնտեղ հնարավոր մուտքը:

Տեսանյութեր

Լրահոս