«Հեյդար Ալիևը ժամանակին հայտարարում էր՝ «մոռացեք՝ Արցախը, Շուշին այլևս մերը չէ», բայց ժողովուրդը հակառակ նրա կամքին՝ կազմակերպվեց». Շուշիի քաղաքապետ
1992 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքն ադրբեջանական երկարատև օկուպացիայից հետո ազատագրվեց։
Թեև տարիներ անց այն կրկին հայտնվեց Ադրբեջանի օկուպացիայի տակ, սակայն Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը վստահ է՝ օրերից մի օր հայկական քաղաքը նորից է ազատագրվելու։
34 տարի առաջ տեղի ունեցածը նա համարում է Արցախի ազատագրական պայքարի ու առհասարակ հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից մեկը։
«Առանց Շուշիի ազատագրման՝ հնարավոր չէր Արցախը պահել, ու սա այն ժամանակ բոլորն էլ հասկանում էին։ Այն ժամանակ ադրբեջանցիները Շուշիից թիրախավորված ռմբակոծում էին մայրաքաղաք Ստեփանակերտը, այդ թվում՝ Ասկերանը, Քարին Տակը։ Բացի այդ, Շուշին պետք է անպայման ազատագրվեր, որպեսզի Հայաստանի հետ ճանապարհը բացեին, որ կապը միշտ լիներ։
Շուշին բոլորիս կյանքում ուրիշ խորհրդանիշ է, իզուր չէ ասված՝ ով տիրի Շուշիին, նա էլ կտրի ամբողջ Արցախին։ Շուշին Արցախի սիրտն է, և իզուր չէ, որ Շուշիի ազատագրմամբ Արցախի հաղթանակները սկսվեցին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։
Շուշիի քաղաքապետը հիշում է՝ Շուշիի ազատագրման նախապատրաստվելը և ողջ գործընթացը կարծես թե վերածվել էր տոնական օրվա, քանի որ բոլորը մտածում էին, որ գնում են ոչ թե պատերազմի, այլ հաղթանակի։
«Հետաքրքիրն այն է, որ բոլորն էին ուզում այդ ազատագրման գործին մասնակցել, բոլորն իրենց լուման ունենային, բոլորի նպատակը մեկն էր՝ Շուշիի ազատագրումը։ Կար այն գիտակցումը, որ ամեն ինչ Շուշիի ազատագրումից է կախված. Եթե չազատագրվեր, ապա Արցախը կորսվելու էր, դրա համար միասնական բոլորը գնացին ու հաղթանակ գրանցեցին»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։
Շարունակելով, մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Շուշիի ազատագրման հիմքը դրվեց 1992 թվականի հունվարի 26-ին Քարին Տակի հերոսական ճակատամարտով, որին անձամբ է մասնակցել։ Ճակատամարտը տևել է 12 ժամ, թշնամին տվել է 201 զոհ և խուճապահար փախել է՝ դիերի կեսը թողնելով ձորում։
«Հենց այս ճակատամարտով Ադրբեջանը հասկացավ, որ իր բանակի մեջքը ջարդվել է, իրենց կանոնավոր բանակն ընկճված է։ Եթե Շուշին ու Քարին Տակը չազատագրվեր, իրենք մտնելու էին Հադրութ ու այլ վայրեր։ Այդ ժամանակվանից Ադրբեջանը Քարին Տակի անունը դրել է «Արյունոտ ձոր»:
30 տարի Ադրբեջանն ասում էր, որ կրկին կգրավի Շուշին, եթե հայկական կողմն ամեն ինչ ճիշտ կազմակերպի, չասեն՝ մոռացեք Արցախը, Արցախ չկա, ապա կկարողանանք Շուշին էլ, ամբողջ Արցախն էլ կրկին ազատագրել։
Հեյդար Ալիևն իրենց Մեջլիսում ժամանակին հայտարարում էր, թե՝ «մոռացեք, Արցախն այլևս մերը չէ, Շուշին մերը չէ», բայց ժողովուրդը հակառակ նրա կամքին՝ կազմակերպվեց։ Մենք Արցախ ունենք, Շուշի ունենք, գերեզմանոցներ, սրբավայրեր, հանուն այս ամենի՝ թեկուզ տարիներ անց մենք պետք է հասնենք մեր ուզածին, որովհետև այդ հողը մեզ չի ներելու։
Շնորհավորում եմ՝ Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին, ովքեր զգում են մեր Եռատոնը և իրենց սրտերում պահում են։ Խոնարհումս բոլոր զոհերի շիրիմներին և բոլոր նրանց առաջ, ովքեր ազատագրել են Շուշին ու այսօր մեր կողքին են ապրում»,- ընդգծեց Արծվիկ Սարգսյանը։



