«Ես վախեցած եմ, գուցե մեկ օր նրանք գան իմ մայրիկի ետևի՞ց». Քաջարանի համայնքապետ Փարամազյանի դուստրը տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, անգլերեն տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ կարճ ներկայացնելով այն անարդարությունները, որոնք տեղի են ունեցել իր ընտանիքի, մասնավորապես՝ հոր նկատմամբ:
Լուիզա Փարամազյանը նշում է, որ իր հայրը ձերբակալվել է ապօրինի կերպով, որի միակ պատճառն այն է եղել, որ վերջինս մերժել է ընդունել ներկայումս ՀՀ-ն ղեկավարող ռեժիմին:
«Վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում իմ հայրը պաշտպանում էր մեր սահմանները, նա կռվում էր մինչև վերջ: Եվ ի՞նչ ստացանք մենք՝ ի պատասխան, ՀՀ իշխանությունները տվեցին հատուկ և ապօրինի հրաման՝ ձերբակալել հայրիկիս՝ մտածելով, որ այդպես անելով՝ նրանք կլռեցնեն նրան և մի շարք այլ հայրենասերների իմ հայրենիքում:
Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, քանի որ ես ինձ իմ երկրում այլևս անվտանգ չեմ զգում: Վերջերս տեղեկացա, որ Եվրոպան տրամադրում է հսկայածավալ գումար այս կառավարությանը: Ցանկանում եմ իմանալ՝ ինչի՞ համար: Արդյո՞ք Դուք համաձայն եք այն ամենին, ինչ նրանք անում են իմ և իմ ընտանիքի հանդեպ, համաձա՞յն եք այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում այստեղ:
Մեր քաղաքը չափազանց փոքր է, մենք հաճախակի լուրեր ենք լսում, որ նրանք ներխուժել են մարդկանց տներ և փորձում են վախեցնել նրանց, ովքեր ունեն այլ քաղաքական հայացքներ և դեմ են արտահայտվում այն ամենին, ինչ անում է Կառավարությունը մեր երկրի հետ:
Ես 17 տարեկան աղջիկ եմ, սակայն իմ կյանքն ընդմիշտ փոխվել է, ես որոշել եմ դառնալ իրավապաշտպան, որովհետև հասկացել եմ, որ իմ երկրին հարկավոր են երիտասարդներ, ինչպիսին ես եմ, որոնք պատրաստ են պայքայել ապօրինության, անարդարության դեմ:
Ես ցանկանում եմ՝ իմ ընտանիքը վերամիավորվի, ես ցանկանում եմ, որ իմ երկիրը վերամիավորվի, բայց այս պահին ես ունեմ Ձեր ուշադրության կարիքը:
Ես չգիտեմ՝ ինչ սպասել հաջորդիվ: Ես վախեցած եմ, գուցե մեկ օր նրանք գան իմ մայրիկի ետևի՞ց, չգիտեմ: Հուսամ՝ լսում եք իմ ձայնը և կարձագանքեք դրան: Շնորհակալություն